Ինչ տեխնիկական պատճառներով ԱԱԾ-ն չի գաղտնալսել Խաչատրյանի վարորդին և հարազատներին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանում ինքը հրապարակել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրեն տրված պատասխանը. «Իրենք մերժել են ինձ տեղեկություններ հայտնել, թե ինչու, հատկապես ինչ պատճառներով ձայնագրություններն ու լսումները չեն իրականացվել, պատճառաբանել են, որ դա պետական գաղտնիք է»:

Նշենք, որ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով նախաքննության ընթացքում րևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որով քննիչը խնդրել է թույլատրել լսել և ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդի և երկու հարազատների հեռախոսային խոսակցությունները:

Որոշումը կայացվել է 2013թ. հունիսի 14-ին, որոշմամբ հեռախոսահամարները թույլատրվել է լսել և ձայնագրել 30 օրով, սակայն հետագայում քննիչը, ըստ Հայկ Ալումյանի, տեղեկանք է կազմել, որ ներկայացել է ԱԱԾ, որտեղ իրեն տեղեկացրել են, որ տեխնիկական պատճառներով խոսակցությունները չեն լսվել և չեն ձայնագրվել:

Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է:

Տեսանյութեր

Լրահոս