Բաժիններ՝

Կառավարությունը օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել

Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:
Արձանագրային մեկ այլ որոշումով հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:
Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Քննարկելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, կառավարությունը հաստատել է իր եզրակացության նախագիծը, որով ողջունելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի նպատակադրումը, գտել է, որ այն թերի է և ներկայացված տեսքով ընդունելի չէ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները նախապես իրենց մասնակցությամբ քննարկելու անհրաժեշտության վրա:
Քննարկված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս