Կառավարությունն՝ ընդդեմ հղիության չհիմնավորված ընդհատման

Հղիության չհիմնավորված, ներառյալ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելման խնդիրների լուծման համար առաջարկվում է առաջին անգամ բժիշկների համար սահմանել պահանջ՝ հղիության արհեստական ընդհատման համար դիմած կնոջը տրամադրել վերջնական որոշում կայացնելու եռօրյա ժամանակահատված:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին արձանագրային որոշման նախագիծը:

Նախագիծը կառավարության նիստում ներկայացնող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ դրանք ուղղված են հղիության չհիմնավորված, ներառյալ սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելմանը: Նրա խոսքով՝ խնդրի լուծման նպատակով նախագծով հստակեցվում են հղիության արհեստական ընդհատմանը ներկայացվող պահանջները, սահմանվում են բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո կնոջը տրամադրվող տեղեկատվության ծավալները, դրա հետ կապված բժշկական փաստաթղթերում պարտադիր լրացման տվյալները, վարչական պատասխանատվություն է սահմանվում բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատման ներկայացվող օրենքի պահանջների խախտման համար:

Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի՝ բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից-հիսնաապատիկի չափով, բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ անվճար բժշկա-սոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից-հիսնաապատիկի չափով: Սահմանված են նաև տուգանքի այլ չափեր:

Տեսանյութեր

Լրահոս