Բաժիններ՝

Վաղինակ Շուշանյանը հայտարարություն է տարածել

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հրապարակեց իրենց շարժման հետագա անելիքները:

«Անցնում ենք պայքարի այլ հարթակ` չմոռանալով ու բաց չթողնելով փողոցային պայքարը: Ցանկացած վայրկյանի կարող ենք դուրս գալ, Բաղրամյան պողոտան փակել, յոթ օր, յոթ գիշեր մնալ: Բայց էնտեղ մնալն իր արդյունքը տվել է, շարունակում է տալ: Էնտեղ մնացած մարդիկ պահպանում են ակտուալությունը: Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել, կես քայլ: Ոչ թե մենք ենք մեկ քայլ առաջ գնացել, այլ իրենք կես քայլ հետ են գնացել:

Աուդիտորական խումբ են ձեւավորել, որ ուսումնասիրեն ՀԷՑ-ի ծախսերը, շռայլությունները, հրավիրել են ակտիվիստների, տնտեսագետների, միջազգային փորձագետների, հանրության կողմից մարդկանց, ովքեր կհետեւեն այդ ամենին: Նախաձեռնությունից նույնպես 2-3 հոգի կարող է մասնակցել: Սակայն մասնակցելը դեռ քննարկման փուլում է: Պետք է հասկանալ` ճիշտ կլինի մասնակցել աուդիտին, թե ոչ:

Դրա համար պայքարի հաջորդ փուլը կլինի այս` կընտրվեն իրավաբաններ, տնտեսագետներ, փորձագետներ, որոնք կարող են վերլուծություն անել, և կհասկանանք` պետք է մասնակցել, թե զուտ ձևական բնույթ է կրելու, և մեզ պարզապես ներքաշում են դրա մեջ:

«Ոչ թալանին»-ը բոլոր տնտեսագետներին խնդրում է միանալ, միասնական համակարգ ստեղծել, քննարկել, վերլուծել տեղի ունեցածը: Ընդամենը շատ կարճ ժամանակով ասում ենք հաջողություն: Եթե ամեն ինչ այնպես չլինի, մենք նորից կդիմենք փողոցային պայքարի: Բոլորս էլ ուժեղ ենք, դուխով ենք:

Ես պատրաստ եմ ամեն օր գնալ, կանգնել, ջրվել, ծեծվել: Բայց Սևակը մի լավ խոսք ունի` «Պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»: Բետոնե պատին անընդհատ խփվելով բանի չենք հասնի, դրա համար պետք է պայքարի հարթակը մեծացնենք: Ամեն կողմից հարվածենք, որ իրենք թուլանան:

Կոչ ենք անում համախմբվել, ստեղծել անկախ խմբեր, որոնք վերլուծություն կանեն, կմշակեն տեքստ, որը կարող ենք մտցնել նրանց աչքը ցանկացած ատյանում` կառավարություն, ԱԺ, նախագահական, որն ամենակարևորն է, որովհետև էնտեղ են որոշումներ կայացնում և միակ մարդը, ով կարող է չեղյալ համարել այս ամենը, էնտեղ է: Բայց իրականում ինքն էլ այդքան իրավասություն չունի ինչ-որ հարցեր լուծելու:

Կոչ ենք անում համախմբված լինել և շարունակել պայքարը:

Իսկ Բաղրամյան փողոցը կազմ-պատրաստ մեզ է սպասում, ամեն պահի կարող ենք վերադառնալ Բաղրամյան փողոց և այս անգամ բոլոր կողմերից փակել, այնպես, որ իրենք ելումուտ չունենան»- հայտնեց Շուշանյանը:

Նա նաև ընդգծեց, որ Բաղրամյան պողոտայում իրենց քույրերն ու ողբայրներն են: Իրենք որպես քաղաքացիներ նաև էնտեղ են, շատերը կգիշերեն պողոտայում, բայց այլևս այնտեղ ոչինչ չեն համակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս