Բաժիններ՝

Ամենատարօրինակ և արտասովոր հոգեկան խանգարումները

Հոգեկան հիվանդություններն արդեն իսկ հանդիսանում են «տարօրինակություններ» մարդու համար, բայց դրանց մեջ կան իսկապես արտասովոր դեպքեր, որոնք կարծես թե հնարավոր չէ հնարել: Դրանցից մի քանիսն ունեն նյարդաբանական բնույթ, մյուսները վերաբերում են իրական հոգեբուժությանը, բայց, այսպես թե այնպես, դրանք ակնառու կերպով ցուցադրում են մարդկային ուղեղի կառուցվածքի ամբողջ բարդությունը:

1. Կոտարի համախտանիշ. Երբ  Ձեզ թվում է, որ գոյություն չունեք: Կոտարի համախտանիշը հազվագյուտ հոգեկան խանգարում է, որն արտահայտվում է արմատական ինքնաժխտմամբ և «հակառակ գերարժեքության» բարդույթով: Հիվանդը համոզված է, որ ինքը մահացել է, կամ, որ իր մարմնի մասերից ինչ-որ մեկը բացակայում է: Հիվանդը կարող է համարել նաև, որ ինքը քայքայվում է, որ չունի սիրտ, արյուն, կամ ընդհանրապես ներքին օրգաններ, բայց այս ամենի հետ մեկտեղ՝ ինքն անմահ է: Հիվանդները կարող են համարել նաև, որ մնացած մարդիկ էլ չկան, և աշխարհը գոյություն չունի: Կոտարի համախտանիշը հաճախ կապված է լինում դեպրեսիվ վիճակի, հալյուցինացիաների և հիշողության կորստի հետ, երբեմն հանդիպում է շիզոֆրենիայի ժամանակ: Հիվանդությունն իր անվանումը ստացել է ֆրանսիացի հոգեբույժ Ժյուլ Կոտարի անունից, ով առաջինն է նկարագրել այս համախտանիշը:

2. «Ալիսան հրաշքների աշխարհում» կամ Տոդդի համախտանիշ. Երբ աշխարհը հեքիաթ է թվում: «Ալիսան հրաշքների աշխարհում» համախտանիշը (համախտանիշի անվանումը հորինել է անգլիացի հոգեբույժ Ջոն Տոդդը) շատ հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն է, որը բնութագրվում է ժամանակի և տարածության տարօրինակ, աղավաղված ընկալմամբ: Որոշ հիվանդներ իրենց զգում են գաճաճներ՝ մեծ սենյակում (մակրոպսիա), մյուսները` հսկաներ՝ նեղ տարածությունում (միկրոպսիա): Երրոդների մոտ համախտանիշն արտահայտվում է տարածության աղավաղմամբ կամ ժամանակի դանդաղությամբ: Մարդու մոտ «Ալիսան հրաշքների աշխարհում» համախտանիշի առաջացման պատճառները բազմաթիվ են: Դա և էպիլեպսիան է, և անգարը (мигрень), և շիզոֆրենիան, և տենդը, և Էպշտեյն-Բարրի վիրուսի ինֆեկցիան: Համախտանիշը կարող է առաջանալ նաև հալյուցինոգեն դեղահաբեր և մարիխուանա օգտագործելուց:

3. Կապգրայի համախտանիշ. Երբ Ձեզ թվում է, որ մարդկանց փոխարեն՝ իրենց նմանակներն են: Բացասական նմանակի զառանցանք (Կապգրայի համախտանիշ): Սա հոգեբուժության բնագավառի համախտանիշ է, որի ժամանակ հիվանդը հավատում է, որ շրջապատից ինչ-որ մեկին կամ հենց իրեն փոխարինել է նմանակը: Հակադիր հիվանդություն է համարվում Դրական նմանակի զառանցանքը (Ֆրեգոլիի համախտանիշ): Հիվանդը համոզված է նրանում, որ իրեն շրջապատող անծանոթ մարդիկ հանդիսանում են իր ծանոթները, որոնք փոխում են իրենց արտաքինը և դիմահարդարվում են: Հաճախ զառանցանքը կրում է պարանոիկ բնույթ, և հիվանդը կարծում է, որ այդ մարդիկ հետևում են իրեն:

4. «Կորո» համախտանիշ. Երբ Ձեզ թվում է, որ կորցնում եք Ձեր սեռական օրգանները: «Կորո» համախտանիշը տարօրինակ հոգեկան խանգարում է, որի ժամանակ հիվանդը կարծում է, որ իր սեռական օրգանները փոքրանում են, ներծծվում են մարմնի մեջ, և, երբ վերջնականապես ներծծվեն՝ ինքը կմահանա: Հավատալով դրան` մարդը սկսում է զբաղվել ինքնափրկմամբ: Արտասովոր փաստը հանդիսանում է այն, որ այս համախտանիշով տառապում են հարավ-արևելյան Ասիայի մարդիկ:

5. «Օտար ձեռքի» համախտանիշ. Երբ Ձեր ձեռքը Ձեզ չի պատկանում: «Օտար ձեռքի» համախտանիշը շատ բարդ, նյարդահոգեբուժական խանգարում է, որի ժամանակ մարդը կարծում է, որ իր ձեռքը (ոտքը) իրեն չի պատկանում և ապրում է իր կյանքով: Ընդ որում, զգացողությունը վերջույթում խանգարված չէ, և հիվանդը նշում է, որ վերջույթը հանդիսանում է իր մարմնի մասը, բայց ինքը կորցրել է հսկողությունը դրա նկատմամբ: Նրանք պնդում են, որ ձեռքը համակված է ոգով կամ ինչ-որ ուժով, որն իրենք չեն կարող նկարագրել:

6. «Մյունհաուզենի» համախտանիշ. Երբ Դուք մի հիվանդանոցից մյուսն եք վազվզում: «Մյունհաուզենի» համախտանիշը հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդ հիվանդության իմիտացիա է անում: Մարդը գիտակցաբար կրկնօրինակում է սոմատիկ հիվանդության համախտանիշը և անընդհատ հիվանդ է ձևանում` մի հիվանդանոցից մյուսը տեղափոխվելով: «Մյունհաուզենի» համախտանիշն ուղղակի անազնվություն չէ, այլ հիվանդություն, որ առաջանում է ծանր էմոցիոնալ խանգարումների առկայության ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս