Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում

1994-1998 թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ Հայաստանի էլեկտրացանցերում ստեղծված իրավիճակն անարդյունավետ կառավարման հետևանք է, ընկերությունն անցած 20 տարիների ընթացքում ոչ արդյունավետ գործիքներ է կիրառել և իրադրությունը ծայրահեղ աստիճանի է հասցել:

Ըստ նրա՝ 2013-ին հավաստիացրեցին, որ սակագինը 20%-ով բարձրացնելու դեպքում ամեն ինչ լավ կլինի, բայց հաջորդ տարի կրկին 10%-ով բարձրացրին, հիմա էլ 30%-ով են ցանկանում բարձրացնել: Այսինքն, Բ.Ասատրյանի խոսքով, ՀԷՑ կառավարման մոդելը միայն սակագնի բարձրացման ուղղությամբ է աշխատում, իսկ արդյունավետ կառավարման, խնայողության մասին չեն մտածում: Նա նկատեց, որ համակարգի խնդիրը մյուս արտադրողները չեն, նրանց կողմից գնի բարձրացումը շատ չնչին է եղել՝ 2 դրամ: Բ.Ասատրյանը վստահ է, որ իշխանությունը ՀԷՑ-ի հանդեպ և՛ սնանկացման գործընթաց պետք է կիրառի, և՛ սեփականատիրոջ փոփոխություն: Նրա կարծիքով՝ բանկային համակարգի նման խիստ վերահսկողության մի համակարգ էլ էներգետիկ ոլորտում պետք է լինի, և դա իշխանության բացթողումն է: Բ.Ասատրյանը նշեց, որ անհապաղ լուծումներ են պետք, և անհրաժեշտ է ժամանակ՝ դրանք մշակելու համար, այդ թվում՝ սնանկ ճանաչելու հնարավորությունը, սեփականության իրավունքի փոփոխությունը:

«Ես միանշանակ կողմնակից եմ պահանջին, որ դրված է հրապարակում: Եթե դա չիրականացվի, հաջորդ տարի 10-20 դրամով թանկացման խնդիր է դրվելու: Պետք է կառավարությունը և սեփականատերը 5-6 ամիս բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն այս խնդիրը և ստեղծեն մոդելը, որ խնդիրները լուծեն: Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում»,- ասաց Բ.Ասատրյանը: Ըստ նրա՝ սա Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից դրսևորվող վատ վերաբերմունքի արտահայտություն է: Նա տարօրինակ համարեց, որ ՌԴ ԱԳՆ-ն է արձագանքում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին. «Ի՞նչ կապ ունի ԱԳՆ-ն ՌԱՕ ԵԷՍ-ի հետ: Երբ խոսում է ԱԳՆ-ն, դա սարսափելի բան է, դա նշանակում է, որ ՀՀ-ն գաղութ է ՌԴ-ի համար, ինչ ուզում՝ անում են: Սա փոքր երկրների բախտն է, որ ցանկացած տնտեսական շահից առաջ քաղաքական հարց է դրված»:

Նրա կարծիքով՝ այս պարագայում լուծումները լինելու են կամ վատ, կամ շատ վատ. «Մեր խնդիրը պետք է լինի` շանս տալ այս երիտասարդներինգ ի վերջո, այս խուլիգանական արարքների գնահատականը ո՞վ է տալու, ո՞վ է կարգադրել առանց համազգեստի մտնել մարդկանց շարքերը, ո՞վ է նման հրաման տվել: Կամ տանում են նարկոկոնտրոլի: Սա նսեմացնելու համար է: Չի կարելի այդ երիտասարդների հետ այդ լեզվով խոսել: Ես հայտարարում եմ, որ պառլամենտում այս նարկոմանների տեսակարար կշիռն ավելի շատ է, քան այս երիտասարդների մեջ»:
Խնդրի հանգուցալուծումը, Բ.Ասատրյանի կարծիքով, բանակցությունները չեն: Նա շեշտեց, որ սա բացառիկ հարցերից է, որ անքննարկելի իրական է պահանջը, իսկ բանակցություններն այս շարժումը պառակտելու միջոց են, բանակցություն՝ նշանակում է` քաղաքական քայլ՝ պառլամետում երկու տեղ են տալու կամ մի այլ պաշտոն են տալու:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում վարչապետի հայտարարությունը, որ սակագինն իջեցնել չեն կարող, Բ.Ասատրյանը հարցով պատասխանեց՝ ուրիշ էլ ի՞նչ պետք է ասեր վարչապետը, քանի որ սեփականատիրոջ դիրքորոշումն այլ է, ՀՀ իշխանության դիրքորոշումը՝ այլ, բայց կա պրոֆեսիոնալ մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկել է, ու դա արդեն վճիռ է. «Վարչապետը կամ պետք է պահանջի, որ գործից դուրս գան, կամ ընդունի այդ թիվը: Եկեք համակարգային մտածենք»: Դիտարկմանը, որ պետական մարմինն ասում է, որ, եթե ցույց տրվի այլ աղբյուր, կարող են սակագնից նվազեցնել այդ գումարը, Բ.Ասատրյանը հուշեց՝ մամուլում այնքան աղբյուրներ կան ցույց տրված, սկսած նրանից, որ այդ բնագավառում կոռուպցիան հսկայական է, պաշտոնյաները հարյուրավոր միլիոն դոլարներ են ստանում:

Մեր հարցին, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, արդյոք իշխանությունը կգնա՞ նրան, որ կրկին բռնի ուժ կիրառի, Բ.Ասատրյանը դժվարացավ պատասխանել. «Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում: Ամեն երեկո գնում եմ, անհանգիստ եմ գնում, որովհետև մի քանի իմաստով իրավիճակն աննախադեպ է: Բաղրամյան պողոտայում շատ իրադարձություններ ենք տեսել՝ մեծ ընդվզում է եղել նախկինում, խորհրդարանի շենքը գրավեցին, սկսած խորհրդային վերջին տարիներից, բազմաթիվ անգամներ բազմաթիվ բաներ են եղել, բայց 10 ժամից ավելի փակ չի եղել այդ փողոցը: Հիմա, արդեն երրորդ օրն է, փակ է: Բացի այն, որ փողոցը կենտրոնական է, պետական կառույցներն են այստեղ տեղակայված: Անկեղծ՝ չեմ հասկանում ու անհանգիստ եմ: Իմ զավակն էլ է այնտեղ, գիշերում են, իմ ուսանողներն են այնտեղ, ո՞նց կարելի է անմասն լինել դրանից»:

Տնտեսագետն անիրական համարեց վարչապետի վստահեցումը, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհետևի, որ անհարկի թանկացումներ չլինեն. «Անհնար է, որ գնաճ չլինի: Հացն էլեկտրաէներգիայով են թխում, շատ քիչ են ցախ կամ թոնիր օգտագործում: Ո՞ր թանկացումն է անհիմն լինելու, ես չեմ պատկերացնում»:

Առանց այդ էլ, Բ.Ասատրյանի գնահատմամբ, ՀՀ տնտեսությունը ռիսկային վիճակում է գտնվում, այս տարվա ընթացքում կանխատեսելի է մինչև 10% տնտեսական անկման հնարավորություն, ինչը սպառնալիք է, մայիսի տվյալով՝ 2-2.7% տնտեսական ակտիվություն է եղել, բայց անկման ռիսկը դեռ կա և կարող է փոխանցվել հաջորդ տարիներին: Ըստ նրա՝ գնաճը բարձր է լինելու ծրագրավորվածի համեմատ, և այս զարգացումների պարագայում հնարավոր է` 8-10% լինի տարվա կտրվածքով: Բ.Ասատրյանը շեշտեց, որ էլեկտրաէներգիայի գինը գնագոյացնող է, անպատճառ հետևանքներ է առաջացնելու, և շղթայական թանկացումների ալիքը, ոչ մեկը չի կարող ասել, երբ կկանգնի:

Տեսանյութեր

Լրահոս