Գիտությունով չալողները

Խորհրդարանական ընդդիմությունը հաջողեց օրենքի նախագիծ տապալել։ Այն էլ ի՜նչ նախագիծ։ Կառավարությունն ամռան տապին արտահերթ նիստ էր հրավիրել։ Հրավիրել ու ուզում էր կարգավորել գիտական ու գիտատեխնիկական գործունեության ոլորտը։ Ոչ իշխանական պատգամավորները չթույլատրեցին։ Մինչդեռ օրենքի նախագիծն արդեն խորհրդարանական մի ընթերցում անցել էր։ Բավական տարօրինակ նախագիծ էր։

Կառավարության առաջարկած նախագիծն արգելելու էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց` գիտական աստիճանի հավակնել պաշտոնավարման ընթացքում։ Ընդունեք, որ այս առաջարկն իրարամերժ տպավորություններ է ծնում։

Ավելի իրարամերժ, քան կոռուպցիայի դեմ պայքարի օրենքը, որով կառավարությունը պարտավորվում է պայքարել ինքն իր դեմ։ Հիմա էլ պարտավորվում է ինքն իրեն արգելել գիտնական դառնալ, կամ գիտությամբ զբաղվել։ Վերջին տարիներին հասարակությունը պարբերաբար ցնցվում ու երջանկանում է` իմանալով, որ հերթական չինովնիկը հերթական դիսերտացիան է պաշտպանել։

Պաշտպանել ու ստացել է գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից մինչև նախարար (ու ավելին)` լրատվական սկանդալների հերոս են դառնում։ Լրատվամիջոցները, որպես կանոն, չինովնիկների թեզի պաշտպանությունից հետո են տեղեկանում այդ մասին։ Ու որպես կանոն չինովնիկներից ոչ մեկին չի հաջողվում աշխատող տեսախցիկի կամ ձայնագրիչի առջև հիշել իր իսկ պաշտպանած թեզի թեման ու վերնագիրը։

Կարդացեք նաև

Ու հիմա կառավարությունը որոշել է վերջ տալ այս մասխարային (հասարակությանը զրկելով հերթական տեսարանից)։ Պարզվում է` գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը թերֆինանսավորելն ու առանձին ոլորտներ ամբողջությամբ չֆինանսավորելն արդյունավետ միջոց չէ։ Պաշտոնական տվյալներով 2009թ. գիտական հետազոտությամբ ու մշակումներով Հայաստանում զբաղվում էր 6 հազար 926 մարդ։ 2013-ին նրանց թիվը նվազել է ու հասել է 5 հազար 230-ի։

Մի շտապեք եզրակացնել, որ կառավարությանը հաջողվում է արդյունավետ պայքարել գիտության ու դրանցով զբաղվողների դեմ։ 2010թ. հանրապետությունում կար 1232 ասպիրանտ։ Վերջին պաշտոնական տվյալը 2013թ.-ինն է, որի համաձայն` ասպիրանտների թիվը համարյա չի փոխվել` 1241։ Իսկապես բոլորովին անհրաժեշտ չէ պետական սուղ միջոցները մսխել ասպիրանտուրային կրթության վրա։ Մեր ասպիրանտների մեկ/երրորդը մասնագիտանում է տնտեսագիտության ու իրավագիտության ոլորտում։

Եթե տեխնիկական գիտությունների ոլորտում մասնագիտանում է 200 ասպիրանտ, ապա միայն տնտեսագիտության ոլորտում նրանց քանակը 271 է։ Ամենազվարճալի վիճակագրությունը, իհարկե, տարեկան պաշտպանված գիտական թեզերին է վերաբերում։ 1994-97թթ. տարեկան պաշտպանվել է 200-ից պակաս թեկնածուական թեզ։ 1998-ից մինչև 2001թ. տարեկան պաշտպանվել է մինչև 300 թեզ։

2002-ին ու 2003-ին տարեկան մոտ 400 մարդ է դարձել գիտությունների թեկնածու։ Իսկ 2004-ից հետո Հայաստանում գիտատեխնիկական բում է արձանագրվում։ Գիտնական աստիճան ստացողների քանակն անպարկեշտության աստիճան մեծ է։ Չեք հավատա, բայց 2013թ. գիությունների թեկնածու է դարձել 564 մարդ, իսկ 2014թ.-ին` 556։

Հաջորդ փաստացի տվյալն ավելի անհավատալի է։ Վերջին տասը տարվա ընթացքում միջին հաշվով 46-ական դոկտորական թեզ է պաշտպանվել։ Պաշտպանվել ու հաստատվել համապատասխան` «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի» կողմից։ Մոտ տասը տարի առաջ գիտության ոլորտի մի ղեկավար, ով բնագիտական որակավորման հանձնաժողովներից մեկի անդամ էր, դոկտորական թեզի պաշտպանության զվարճալի դեպք պատմեց։

Ըստ գործող կանոնակարգի, գիտության դոկտորի աստիճան հավակնողը մինչև թեզի պաշտպանությունը պարտադիր պետք է առնվազն մեկ գիտական հոդված հրապարակած լինի արտասահմանյան գիտական մամուլում։ Զրուցակիցս նկատել էր, որ պաշտպանության ներկայացված թեզի հեղինակն արտասահմանում տպագրված հոդված չունի։ Նկատել ու այդ փաստի վրա փորձել էր հրավիրել որակավորման մասնագիտական հանձնաժողովի նախագահի ուշադրությունը։

«Ինքներդ ուշադիր եղեք,- եղել էր հանձնաժողովի նախագահի պատասխանը,- հայցվորը գիտական հրապարակում ունի Ստեփանակերտի պետական համալսարանի պարբերականում»։ Այնպես որ, պաշտոնատար անձանց թեզ պաշտպանելն արգելելով՝ հարցը չես լուծի։

Մի քանի տարի առաջ մեր փառապանծ գեներալների կանանց (ու ոչ միայն կանանց) շրջանում մոդա էր թեկնածուական թեզ պաշտպանել հայ բանասիրությունից։ Բանասեր ընկերս բնակարան գնելու փող աշխատեց` մի քանի տարի ուշացնելով սեփական դոկտորական թեզի պաշտպանությունը։ Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է։ Ամենևին էլ բարդ չէ պարզելը, թե ում թեզն ով է գրել։

Այնպես որ, պաշտոնատար անձանց հանդեպ սանկցիաներ կիրառելը գիտության ոլորտը չի առողջացնի։ Ես ավելի հավանական եմ համարում այն վարկածը, որ մեր կառավարող բարձրագույն շրջանակներում «դեդավշչինայի» պես մի բան է հաստատվել։ Հին կառավարիչները, ովքեր արդեն հասցրել են դոկտորի ու թեկնածուի աստիճան ստանալ, ձգտում են արգելել ջահել-ջուհուլների մուտքը գիտության կաճառ։ Որևէ մեկդ կհաշվարկի՞` տարեկան 550 թեկնածու և 46 դոկտոր արտադրելու դեպքում քանի՞ տարուց երկրի ողջ չափահաս բնակչությունը բաղկացած կլինի բացառապես գիտական աստիճան ունեցողներից։

Տեսանյութեր

Լրահոս