Արեգակի պտուղ՝ ծիրան

Ծիրանը պարունակում է ֆլավոնոիդներ` կվերցետին, իզոկվերցետին, լիկոպին, վիտամիններ E, P, C, B2, B6, B9, B15, PP, կարոտին։ Վիտամին B15 արտադրվում է մի շարք երկրներում, այն պարունակվում է միայն ծիրանի եւ դեղձի մեջ։ Վիտամինի գիտական անվանումն է` կալցիում պանգամատ, այն լավացնում է ճարպերի փոխանակումը, թթվածնի յուրացումը հյուսվածքներում, ունի հակասկլերոտիկ ազդեցություն, բարձրացնում է հլիկոգենի պարունակությունը լյարդում եւ մկաններում, նպաստում լյարդի բջիջների վերականգնմանը թունավորումներից հետո, լավացնում մաշկի վիճակը։ Առանձնապես կարեւորում ենք այս նյութի դերը թոքերի քրոնիկ հիվանդությունների, պնեւմոսկլերոզի դեպքում։ Սրանով է բացատրվում ծիրանի այգու բարերար ազդեցությունը։ Վիտամինի յուրացմանը խոչընդոտում է նիկոտինը, ալկոհոլը, քիմիական բնույթ ունեցող դեղահաբերը։ 1 օրվա չափաբաժինը 0,1-0,3 գրամ է։

Վերջերս տեղեկացանք մաղադանոսի, քարավուզի, այլ կանաչեղենի, ընկույզի, որոշ մրգերի մի հրաշալի հատկության մասին։ Դրանք պարունակում են ապիգենին նյութը, որն ի զորու է շրջափակել կրծքի ուռուցքը։ Դեռեւս ամերիկացի գիտնականները չեն կարողացել հաշվարկել մաղադանոսի կամ քարավուզի անհրաժեշտ չափաբաժինը։ Հարկ համարեցինք խոսել սրա մասին այն պատճառով, որ մաղադանոսը պարունակում է ֆլավոն-3-հիդրոքսիլազ ֆերմենտը, որը պղնձի իոններով հագեցած եռջրի մեջ թրմելու դեպքում սինթեզում է ցանկալի դիհիդրոկվերցետինը։ Թրմվող բույսի եւ մաղադանոսի հարաբերությունը` 5։1, ջրի հետ` 1։10։

Թարմ ծիրանի պտղամիսը պարունակում է շաքար (մինչեւ 25 տոկոս` քաղցր տեսակներում), 1,3 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնի, գինու, սալիցիլի), 0,8 տոկոս բջջանյութ, դեքստրին, ինուլին, օսլա, 305 մգ կալիում 100 գ հումքի մեջ, 2,1 մգ երկաթ, արծաթ, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, յոդ, կալցիում, պղինձ, կոբալտ։ Պեկտինի զգալի քանակը նպաստում է օրգանիզմից թույների հեռացմանը։ Կորիզի մեջ կա մինչեւ 75 տոկոս ճարպային յուղ, որը քիմիական հատկություններով մոտ է դեղձի յուղին։ Ծիրանի յուղի թթվայնությունը եւ մածուցիկությունը ցածր են, այն կարելի է օգտագործել գեղարարության մեջ, սակայն ավելի մեծ կիրառություն ունի դեղձի յուղը։

Սերմերում կան նաեւ գլյուկոզիդ ամիգդալին, սինիլային թթու, լակտոզա, ֆերմենտ էմուլսին, վիտամին B15։ Յուղի արտադրության ընթացքում ամիգդալինը եւ համապատասխանաբար սինիլը հեռացվում են։

Կարդացեք նաև

Զգուշացում։ Կորիզները ծամելիս ամիգդալինը եւ դրաֆերմենտ էմուլսինը սինթեզում են խիստ թունավոր սինիլային թթու, այդ պատճառով պետք է չափավորել ուտվող սերմերի քանակը։

Ծիրանի յուղը օգտագործվում է որպես լուծիչ դեղորայք եւ գեղարարական միջոցների արտադրությունում։

CiranՊտղամիսն օգտակար է դեմքի մաշկին եւ արեւայրուքի դեպքում։ Կեղեւի բնական ճեղքերից հոսող հյութը պնդանում է օդի հետ շփվելիս, այն բժշկության մեջ փոխարինում է թանկարժեք գումիարաբիկը։ Խեժն օգտագործում են որպես էմուլգանտ, կապող, պարուրող, սոսնձող միջոց, հավաքում են վաղ գարնանից մինչեւ աշնան սկիզբը։

Կորիզի կեղեւից պատրաստում են ակտիվացված ածուխ եւ սեւ տուշ։ Մեղուները հավաքում են ծիրանենու ծաղկափոշին եւ 1 հա-ից մթերում մինչեւ 40 կգ մեղր։ Պարզ եւ տաք եղանակին բերքատվությունը բարձրանում է։

Երկաթի դեֆիցիտ, սակավարյունություն

Մարդու օրգանիզմում պարունակվում է 4 գրամ երկաթ, որից 74 տոկոսը` արյան մեջ, 1 տոկոս երկաթ պարունակող ֆերմենտներում, 24 տոկոսը պահեստավորված է։ Երկաթի յուրացմանը խոչընդոտում են սննդի մեջ պարունակվող կալցիումի եւ ֆոսֆորի աղերը, նպաստում կոբալտը եւ պղինձը։ Երկաթի յուրացմանը վնասում են սուրճը, բոլոր տեսակի թեյերը, կաթնամթերքը, օգտակար են տերեւաբանջարեղենը, սոխը, լոլիկը, կիտրոնը, կակաոյի փոշին։

Հայտնի է, որ 100 գ ծիրանի արյունաստեղծ ազդեցությունը հավասար է 40 մգ երկաթին կամ 250 գ տավարի լյարդին։ Քանի որ կալցիումը խոչընդոտում է երկաթի յուրացմանը, ապա ծիրանի հասունացման շրջանում կալցիումի յուրացումը բարձրացնելու համար խոհուրդ է տրվում խմել ոչ մեծ քանակությամբ իշառվույտի թուրմ` կես թ/գ իշառվույտի չորացրած ծաղիկները 60 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։ Պահպանեք չափաբաժինը։ Ժամկետը` 2-3 շաբաթ։ Հեղուկացնում է արյունը։

Օրգանիզմի մաքրում ծիրանի չրով

Հայտնի գրող Լեոնիդ Անիկեեւը այսպես է նկարագրում իր առողջական վիճակը. «73 տարեկան հասակում կշռում էի 140 կգ, վնասված ողնաշար, ստենոկարդիա, առիթմիա, այրուցք, ճնշումս բարձր էր` 250, ոտքերի ցավը թույլ չէր տալիս քայլել նույնիսկ 50 մ»։ Երկարատեւ փնտրտուքները հասցրել են նրան Թաթարստանի Շեմորդան գյուղ, բժիշկ Ալֆրեդ Զիգանշինի գերոնտոլոգիական պրոֆիլակտորիում։ Այնտեղ Անիկեեւը անցել է բուժման չորս կուրս` կես տարում (յուրաքանչյուրը` 3 շաբաթ)։ Այդ ընթացքում Անիկեեւը բուժվել է վարիկոզից, ականջի ետեւի ճարպային պալարից, 40 կգ-ով պակասել է քաշը, անցել է այրուցքը, կարգավորվել է օրգանիզմի կենսական գործունեությունը։ «Արդեն 5 տարի է, ճնշումս չի բարձրանում` նույնիսկ 50 մլ օղի խմելուց հետո»,- գրում է Անիկեեւը։

Զիգանշինի մեթոդը հիմնված է սովաբուժության վրա, փորձը ցույց է տվել, որ այդ շրջանում օրգանիզմը պետք է ստանա ինչ-որ մինիմալ քանակի սնունդ` վիտամիններ, մակրո- եւ միկրոտարրեր։

ciran12Բուժման ընթացքում խմում են 5-7 ծիրանի չրից պատրաստված թուրմը, ընդ որում, այս քանակը թրմվում է մի քանի անգամ, օրվա վերջում այն ուտում են։ Օրվա ընթացքում կարելի է խմել 2,5-3,5 լ հեղուկ (ջուրը պետք է զտված լինի)։ Այսպիսի սննդակարգը լրացվում է 1 թ/գ ծովակաղամբով, մեկ դիլիմ մանր կտրատած սխտորով, մեկ նարնջով։ Սխտորը եւ նարինջը պետք է ուտել փոքր չափաբաժիններով։ Երրորդ շաբաթվա վերջում կարելի է ուտել փոքր քանակությամբ շիլա, տրորած բանջարեղեն եւ մուրաբա։

Այս սննդակարգով բուժվել են հայտնի հեռուստալրագրող Նիկոլայ Դրոզդովը, պետական մրցանակի դափնեկիր բժիշկ Իվան Նեումիվակինը։ Հասկանալի է, որ նման բուժում կարելի է ստանալ միայն կլինիկական պայմաններում, կարեւոր է նաեւ հոգեբանի վերահսկողությունը։ Աշխարհը ճանաչում է ծիրանը Armeniacum prunus կամ malus անվանմամբ, այսինքն` հայկական սալոր կամ խնձոր, այս անվանումը տրվել է Ք.հ. առաջին դարում։

Արեւելյան Տյան-Շանից մինչեւ Հիմալայներ եւ Տիբեթ` ծիրանենին հանդիպում է բնության մեջ։ Ենթադրվում է, որ այն առաջինը մշակել են Միջին Ասիայում, որտեղ հայտնի է Հին Զեյթունյան մշակույթը, որը զարգացել է նույն ժամանակաշրջանում Այսրկովկասյան մշակույթի հետ։ Բնության մեջ ծիրանը հանդիպում է նաեւ Դաղստանի արեւմուտքում եւ այլ լեռնային շրջաններում։ Հիմալայներում այն «բարձրանում է» մինչեւ 4000 մ։ Ծիրանի պատրաստուկները հնագույն ժամանակներից օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ, կան դեղատոմսեր, որոնք ունեն հազարամյակների պատմություն։ Հիպոկրատի ժամանակներում իրավացիորեն համարել են, որ ծիրանենու պտուղը պարունակում է արեգակնային հզորություն։ Խորհուրդ է տրվել կիրառել ծիրանը հյուծված մարդկանց եւ փորկապության դեպքում։ Եթե երեխան ծնվել է շարժողական ապարատի արատով, ապա կատարել են մերսում ծիրանի սերմի յուղամզվածքով։ Ինչպես վկայում են 14-րդ դարի գիտական գրառումները` ֆրանսիացիները կիրառել են ծիրանը գերհոգնածության դեպքում։

Ա. Ամասիացին ծիրանի օգտակարության վերաբերյալ գրում է. «Լավագույնը խոշոր եւ դեղին տեսակն է։ Տերեւների եփուկով ողողումներն օգնում են դիֆտերիայի դեպքում։ Ծիրանի կորիզներից ստացված յուղը ոչնչացնում է ականջի որդերը։ Շատ ավելի օգտակար է չորացրած ծիրանը` ծիրանի չիրը։ Ամենալավ ծիրանն աճում է Հայաստանում»։

Ծիրանի պտուղներում պարունակվող մագնիումը նպաստում է զարկերակային ճնշման դանդաղ իջեցմանը։ Մագնիումը եւ ֆոսֆորը նպաստում են ուղեղի աշխատանքին։ Ծիրանի հյութն օգտակար է հղի կանանց եւ երեխաներին` սակավարյունության եւ անեմիայի դեպքում։ Թարմ ծիրանի 150 մլ հյութը բավարարում է օրգանիզմի պահանջը կարոտինի, ասկորբինաթթվի հանդեպ։ Հյութը ավելի հեշտ է յուրացվում, քան պտուղը։ Ծիրանի պտուղների թուրմն ունի փափկեցնող հատկություն, այն օգտակար է ստամոքսաբորբի եւ աղիների բորբոքումների դեպքում։ Ծիրանի հյութը կարգավորում է ստամոքսահյութի թթվայնությունը, օգտակար է հաստ աղիի բորբոքման (կոլիտ) դեպքում։ Կորիզի սերմը կիրառում են մրսածության, տրախեիտի, լարինգիտի, բրոնխիտի բուժման համար։

ciran4Ծիրանի չրի թուրմն ունի միզամուղ հատկություն։ Առիթմիայի դեպքում բուժիչ ազդեցություն կունենան 150 գրամ թարմ պտուղը կամ 30 գ ծիրանի չիրը։ Ծիրանը կարող է վնասել ստամոքսաբորբի, պանկրեատիտի, դիսբակտերիոզի, լյարդի հիվանդությունների, նաեւ շաքարախտի, գիրության դեպքում։

Ծիրանը չի կարելի օգտագործել հիպովիտամինոզի բուժման եւ կանխարգելման համար, քանի որ այդ դեպքում կարոտինը չի յուրացվում։

Ծիրանի բացասական ազդեցությունը մարսողական համակարգի վրա` կանխարգելում է սամիթի ջուրը, թարմ սամիթը կամ անիսոնը։

Դիմադրողականությունը բարձրացնող կոկտեյլ

Կես թ/գ կակոյի փոշին լուծեք 100 մլ եռջրի մեջ։ Գոլ վիճակում ավելացրեք բլենդերով հարած 100 գ ծիրանի եւ 20 գ մաղադանոսի խառնուրդին։

Հովացրեք եւ խմեք։

Բեռնաթափման սննդակարգ

Օրգանիզմը մաքրելու համար 500 գ ծիրանի չիրը թրջեք ջրի մեջ, բաժանեք 5 հավասար մասի եւ կերեք օրվա ընթացքում։ Խմեք մնացած ջուրը։ Օգտագործեք միայն զտված ջուր։

Սնունդը` դեղ

Ալանի ծիրանից- Պատրաստեք օշարակ (2 կգ շաքարավազ, 2 բաժակ եռջուր)։ Հարկավոր է 4 կգ ընտիր ծիրան։ Կտրեք պտուղը կոթունի կողմից, հեռացրեք կորիզը, ծիրանը լցրեք եռացող օշարակի մեջ, 2 րոպե անց անջատեք կրակը։ Թողեք պտուղը օշարակի մեջ մեկ գիշեր։ Կրկնեք եւս երկու անգամ։ Թանզիֆով վրայից ծածկեք։

Ընթացքում կտրվածքը բացեք, որ լավ չորանա։ Յուրաքանչյուր պտղի մեջ լցրեք մի քիչ թրջված ընկույզ, դարչին, շաքարավազ, ծածկեք նորից, դրեք չորանալու։ Այնուհետեւ դասավորեք տուփի մեջ, պահեք հով տեղում։

Ջերմային այրոցների դեպքում. Խառնեք սերուցք (50 գ), ծիրանի ծաղկաթերթ (30 գ), 1 ճ/գ կիտրոնի հյութ, 1 թ/գ մեղր, հարեք, պահեք սառնարանում։ Քսեք դեմքին, պահեք 8-10 ժամ, լվացեք տաք ջրով։

Քսուք դեմքի կորյակների, էկզեմայի համար. Խառնեք ծիրանենու խեժը, լանոլինի յուղը, ծիրանի յուղը, մեղվամոմը (4։4։2։1), երկու ժամ թողեք թույլ կրակով ջրային բաղնիքի վրա։ Առավոտյան եւ երեկոյան մշակեք խնդիրներ ունեցող հատվածները։

Հիպերտոնիայի դեպքում. Խմեք օրը 1-2 բաժակ (200 մլ) ծիրանի հյութ։ Օգտակար է սրտի բոլոր այն հիվանդությունների դեպքում, որոնք ընթանում են այտուցների առաջացմամբ եւ բարձր ճնշմամբ։

Այրուցքի դեպքում. Պտղի կորիզի թաղանթը կտրատեք մանր մասերի, փոշիացրեք։ Խմեք օրը մեկ անգամ` 1 գրամ։

Մրսածության, բրոնխիտի, լարինգիտի դեպքում. Ջարդեք ծիրանի կորիզը, հեռացրեք սերմի արտաքին թաղանթը, չորացրեք, փոշիացրեք։ Խմեք օրը 3-4 անգամ, կեսական թ/գ գոլ թեյի հետ։

  • Նույն ձեւով մշակեք 300 գրամ սերմերը, ճզմեք, հեռացրեք յուղը, մնացած խեժը թրմեք 24 ժամ 500 մլ սառը ջրում, ավելացրեք 500 մլ (70 %) սպիրտ։ Խմեք վերը նշված ձեւով։

Դիմակ ճարպոտ մաշկի համար. Շատ է օգնում ծիրանի պտղի շիլայանման զանգվածի եւ մածունի խառնուրդը (1։1)։ Պահեք դեմքին 20 րոպե, լվացեք գոլ ջրով։

Շրթունքների եզրային ճաքերի դեպքում. 100 գրամ ծիրանի կորիզների միջուկները սրճաղացով աղացեք, խառնեք 2 ճ/գ խոզաճարպի (սալի) հետ, քնելուց առաջ քսեք շրթունքներին։

Մազաթափության դեպքում. 2 հասած ծիրանի պտղամիսը (կեղեւից, կորիզից մաքրած) պատառաքաղով տրորեք, լավ փափկեցրեք։ Ավելացրեք 2-3 ճ/գ կաթ, 5 կաթիլ խնկածաղկի (origanum) յուղ։ Հավասարաչափ քսեք մազերին, 20-30 րոպե հետո մազերը լվացեք օճառահեղուկով։

Դիմակ դեմքի կնճիռների դեպքում. Լորի ձվի 1 դեղնուցը, մեկական թ/գ հեղուկ մեղրը եւ ծիրանի յուղը խառնեք իրար, որպեսզի միասեռ զանգված դառնա։ Բամբակե խծուծով քսեք դեմքին, պարանոցին։ Չորանալուց հետո վրայից քսեք երկրորդ շերտը (հետո երրորդը)։ Պահեք 20-25 րոպե։ Մաքրեք դիմակը ջրի մեջ թրջած խծուծի միջոցով։ Կրկնեք շաբաթը 1-2 անգամ, ընդհանուր բուժման ժամկետը` 20-25 դիմակ։

Սպիտակեցնող դիմակ զգայուն մաշկի համար. Խառնեք 5 գրամ կակաոյի յուղ, 4 գ մեղվամոմ, 20 գ ծիրանի յուղ, 1 թ/գ մեղր, կես թ/գ գերչակի յուղ։ Պահեք ջրային բաղնիքի վրա, երբ հովանա` ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ 2 թ/գ կիտրոնի հյութ։ Քսեք այս խառնուրդը մաքուր լվացած դեմքին, 20 րոպե անց լվացեք գոլ ջրով։

2011թ. հունիս 9
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս