Բաժիններ՝

Ջոն Նեշ. «Փողերի քանակությունը գրեթե երբեք չի համապատասխանում Ձեր որակին»

Նոբելյան մրցանակակիր Ջոն Նեշը  հայտնի է որպես դիֆերենցիալ երկրաչափության և խաղերի տեսության ոլորտում երկար տարիներ աշխատած գիտնական: Դժվար է մի քանի նախադասությամբ նկարագրել Նեշի անհատականությունը և նրա կատարած աշխատանքը, նրա մասին կարելի է խոսել երկար, գրել հատորներ, նկարահանել ֆիլմեր: Հենց Ռոն Հովարդի «Բանականության խաղեր» ֆիլմն էր, որ Նեշին դարձրեց առավել  հայտնի, ճանաչված և ուսումնասիրված:
Ջոն Նեշին մաթեմատիկոսները համարում էին հանճար: Նրա մոտ պարանոիդալ շիզոֆրենիայի առաջին ախտանշանները դեռևս ուսանողական տարիքում էին ի հայտ եկել: Սակայն Նեշը հրաժարվել էր դեղամիջոցներից և իր հետազոտական աշխատանքը շարունակել: Տարաս Վավրիկի հավաստիացմամբ, Նեշի մեծագույն հայտնագործությունները հիվանդության ռեմիսիայի շրջանում՝ 1950-ական թվականներին են հեղինակվել:

Հիվանդությունը ոչ միայն չի կաղապարել Նեշին, այլև տվել է նրան անսահման երևակայություն, որն էլ նրա հանճարեղության գրավականն էր: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր լավագույն գիտական հայտնագործությունները չէին ստեղծվի, եթե նա լիներ այնպիսին, ինչպես բոլորը:

Մայիսի 23-ին, 86 տարեկան հասակում Ջոն Նեշը դարձավ ավտոճանապարհային պատահարի զոհ: Տաքսին, որում եղել են նա և իր կինը՝ վթարի էր ենթարկվել Նյու Ջերսիում:

Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ մաթեմատիկոսի կյանքի վերջին հարցազրույցներից մեկը:

Կարդացեք նաև

– Ձեզ համար սարսափելի չէ՞, որ Դուք զբաղվում ենք այնպիսի բաներով, որոնք, բացի Ձեզնից, կարող են հասկանալ առավելագույնը ևս  3 մարդ:

– Այո՛, ինձ կարող է հասկանալ առավելագույնը 3 մարդ, բայց միմյանց հասկանալու համար մենք ունենք յուրօրինակ, կանոնակարգված լեզու: Իսկ ուրիշ մարդու, օրինակ՝ հենց ձեզ, ոչ ոք չի կարող հասկանալ, քանի որ դուք չեք կարող ինքներդ ձեզ կանոնակարգել: Մարդկանց ընդհանրապես հասկանալ հնարավոր չէ: Օրինակ, դուք ինչո՞վ եք զբաղվում:

– Բանաստեղծություններ եմ գրում:

– Ձեզ հետաքրքիր կլինե՞ր հասկանալ՝ ինչո՞ւ են մարդիկ անում դա: Եթե միայն հնարավոր լիներ այդ ամենը համակարգել: Ինչո՞ւ է մարդ մի լեզվից անցնում մյուսին: Սա խնդիր է, որը պետք ուսումնասիրել:

– Իսկ Ձեզ ընդհանրապես պե՞տք է մարդկանց հետ շփումը:

– Ինձ պետք է շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող են ստուգել իմ աշխատանքի արդյունքները: Մնացած առումներով, կարծում եմ՝ ոչ:

nesh

– Որքանո՞վ է իրական ֆիլմում նկարագրված այն իրողությունը, որ Դուք շփվում եք երևակայական մարդկանց հետ:

– Ես երբեք չեմ տեսել երևակայական մարդկանց, երբեմն միայն լսել եմ նրանց: Մարդիկ մեծամասամբ տեսնում են երևակայական մարդկանց՝ իրականների մասին անգամ գաղափար չունենալով:

– Դուք կարո՞ղ եք նշել Ձեր ամենամեծ գիտական հաջողությունը:

– Երբեք իմ առջև նման խնդիր չեմ դրել: Կարծում եմ, իմ ամենամեծ գիտական հաջողությունն այն է, որ ես ողջ կյանքում ուսումնասիրել ու բացահայտել եմ այն բաները, որոնք իրոք հետաքրքրել են ինձ և ժամանակ չեմ ծախսել հիմարությամբ զբաղվելու վրա:

– Ճի՞շտ է, որ մաթեմատիկան երիտասարդների գործն է:

– Մաթեմատիկայում կարևոր է ոչ թե այն, թե ինչպես ես լարում ուղեղդ՝ աշխատելու համար, այլ, թե ինչպես ես կարողանում հանգստացնել այն: Կարծում եմ, դա կարող են անել 100-ից 10-ը: Ինչ խոսք, երիտասարդների մոտ դա ավելի լավ է ստացվում:

– Դուք ո՞րը կհամարեիք մաթեմատիկական թիվ մեկ խնդիրը:

– Կարծում եմ՝ Ռիմանի հիպոթեզի ապացուցումը: Այն ապացուցել հնարավոր չէ, բայց կարելի  է ապացուցել, որ այն անապացուցելի է: Դա նույնպես կարող ենք համարել խնդրի լուծում:

– Մաթեմատիկան ունի՞ պրագմատիկ իմաստ, պարտադիր կիրառություն:

– Մաթեմատիկայի միջոցով չի կարելի գումար աշխատել, բայց կարելի է այնպես կարգավորել ուղեղի աշխատանքը, որ սկսես այն աշխատել: Գումար աշխատել կարող են միայն նրանք, ովքեր կարողանում են դրանք հաշվել: Փողերի իրական հաշվարկ, որպես այդպիսին, գոյություն չունի, դրանց քանակությունը գրեթե  երբեք չի համապատասխանում Ձեր որակին: Սրա պատճառով են բոլոր կոնֆլիկտները:

– Դուք ունենո՞ւմ եք կանխատեսումներ: Եթե այո, ապա ե՞րբ:

– Կանխատեսումներ չեն լինում: Խնդիրը լուծվում է այն ժամանակ, երբ առաջադրվում է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս