Բաժիններ՝

«Այդ ո՞վ է արտոնյալ ներկրողը, որ մեր որակյալ արտադրողները չեն կարողանում կաթ մթերել»

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում՝ կիլոգրամը 1.7 դոլարով, և դրա հետևանքով կաթի մթերումը ՀՀ-ում ձեռնտու չէ:

«Այդ ո՞վ է արտոնյալ ներկրողը, որ մեր որակյալ արտադրողները չեն կարողանում կաթ մթերել, մրցել ու փակում են իրենց ձեռնարկությունները»,- հարցրեց Ն.Զոհրաբյանը:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը համաձայնեց, որ հարցը տեղին է բարձրացվում: Նա տեղեկացրեց, որ նախարարը հրավիրել է արտադրողներին և վերամշակողներին. «Մենք հստակ ասել ենք՝ չի մթերվելու 150 դրամից պակաս գնով կաթ»: Ս. Գալստյանի խոսքով՝ Լոռիում, Արագածոտնում, Գեղարքունիքում վերջին օրերին քննարկումների ժամանակ հաստատվել է, որ նվազագույն գինը 140 դրամից պակաս չկա:

ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը հայտարարեց, որ դա չի համապատասխանում իրականությանը և Տաշիրում համատարած ցածր է մթերման գինը:

Ս.Գալստյանը հայտարարեց, թե միշտ էլ ամռան ամիսներին 20-30 դրամ տարբերություն է լինում յուղայնության հետ կապված, համայնքներ կան, որ 110 դրամ էին իջեցրել, Լոռիում մի համայքում ղեկավարն էր մթերում 110 դրամով ու 20-30 դրամ ինքն էր օգտվում, կան ձեռնարկություններ, որ իրենք ուղիղ մթերում չեն անում, պահում են մթերողներ, որոնք 10-30 դրամ միջնորդավճար են վերցնում:

«2014թ. 2445 տոննա կաթի փոշի է ներկրվել, որը բնականաբար շահեկան վիճակում է պահում այդ ներկրողներին արտադրողների նկատմամբ: Հանձնարարական է եղել օրենքի շրջանակներում կապել որակի հետ, կոշտ քաղաքականություն կիրառել, ինչը հնարավորություն կտա ավելացնել տեղական արտադրության ծավալը»,- ասաց Ս.Գալստյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս