Բաժիններ՝

Ինչու են պայթում գազալցակայանները

Այս տարի մայիսը պայթյունների ամիս դուրս եկավ: Խոսքն ամենևին էլ մեր մայիսյան հաղթանակների առիթով տրվող տոնական հրավառությունների մասին չէ: Մայիսի 12-ին լրատվամիջոցները տարածեցին լուրը, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 75-րդ շենքի հարևանությամբ գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:

Առաջին լուրը դեռ դաժան չէր: Զոհեր ու վիրավորներ չկային: Երկու օր հետո պայթյուն տեղի ունեցավ Գառնի գյուղի գազակցակայանում:

Զոհվեց աշխատակիցը:

Իսկ մայիսի 16-ին պայթյուն արձանագրվեց Երևան-Էջմիածին խճուղու վրա գտնվող «Զվարթնոց» հյուրանոցի հարևանությամբ գտնվող գազալցակայանում: ԱԻՆ հրապարակած տեղեկության համաձայն` երեք վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս դեպքին մամուլն ավելի հանգամանալից անդրադարձավ: Դա բացատրվում է մի կողմից` այն փաստով, որ գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտին), և, որ տուժողներից երկուսը նրա ազգականներն են՝ որդին և եղբայրը:

Հայաստանում ԱԳԼՃԿ կոչվող տնտեսությունը վերջին 15 տարվա երևույթ է: Ավտոմեքենա ունեցող բնակչության մեծ մասն ի վիճակի չէ այն շահագործել բենզին լիցքավորելով: Նույնիսկ շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաների տերերն են իրենց փոխադրամիջոցի վրա գազի բալոն տեղադրում: (Վերջին տարիների մոդայիկ անեկդոտները գազալցակայաններում ուշ գիշերը լիցքավորվող ջիպերի մասին են): Պայթյունի վերջին դեպքն էլ դրա ապացույցն է: Հակոբ Հակոբյանի ընտանիքի անդամներին աղքատ չես անվանի:

Բայց այս պարագային էլ նրանց համեմատաբար թանկարժեք մեքենան, պարզվում է՝ գազով է շահագործվում: Գազալցակայանները վերջին անգամ հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվել էին 2013-ին: Անվտանգության նկատառումով իշխանությունները երկրում գործող լցակայաններին՝ ԱԳԼՃԿ-ներին, պարտադրեցին բաշխիչ աշտարակներ տեղադրել:

Ասվում էր, որ այդ աշտարակները չափից ավելի գազ լիցքավորելը բացառող սարքավորումներ են: Քանի որ խոսքը հանրային մասշտաբի անվտանգության մասին էր` բոլորն ըմբռնումով մոտեցան, և այդ անվտանգության աշտարակները տեղադրվեցին: Հավանաբար՝ տեղադրվեցին: Հավանաբար, որովհետև վերջին պայթյուններից հետո ԱԳԼՃԿ-ների աշխատանքն անվտանգ անվանելն ակնհայտ չափազանցություն է:

«Ինչո՞ւ հնարավոր չէ բարձրացնել գազալցակայանների աշխատանքի անվտանգությունը» հարցը մեկ պատասխան ունի: Ընդամենը մեկ պատասխան, բայց` հնարավոր բոլոր տրամաբանական հետևանքներով: Գազալցակայանները բավական թանկարժեք սեփականություն են, ու այն կարելի է համարել խոշոր բիզնես:

Վերջին տեղեկատվության համաձայն` օրինակ` Աշտարակի խճուղու վրա գործող գազալցակայաններից մեկը վաճառվել է 450 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ մեր հասարակական-տնտեսական կյանքին ծանոթ մարդը գիտի, որ մեր (մեծա)հարուստները, մի քիչ, մեղմ ասած, ագահ են:

Կամ՝ ընչաքաղց: Հետևաբար` դժվար է նրանց պարտադրել անհրաժեշտ ծախսեր անել` սպասարկման անվտանգության որակը բարձրացնելու նպատակով: Նրանք նաև բավական ազդեցիկ են: Այլ կերպ ասած` անվտանգ շահագործման որակը ստուգող պետական ցածրաստիճան պաշտոնյաները, որպես կանոն, ի վիճակի չեն տուգանել նրանց: Առավել անհավանական է, որ շարքային հսկիչները կարողանան արգելել անվտանգության չափանիշների անտեսմամբ աշխատող «օբյեկտների» հետագա շահագործումը: Գրված ակտերն ու աշխատանքը դադարեցնելու որոշումները դժվար է պարտադրել գազալցակայանների տերերին:

Իսկ մեր երկրում գործող գազալցակայանները, արդեն 10-15 տարի է՝ ինչ շահագործվում են: Կամ էլ ի սկզբանե կառուցվել են խնայողական ռեժիմով: Բնականաբար, առաջինը խնայում են ոչ թե ֆունկցիոնալ սարքավորումների վրա, այլ՝ անվտանգության: Բարդ չէ եզրակացնելը, որ գազալցակայաններն անհրաժեշտ տեխզննում չեն անցնում: Վերանորոգման ու վերազինման անհրաժեշտ գործընթացների մասին խոսակցությունը հավանաբար իրատեսական չէ:

Հայաստանում գազակցակայանների պայթյունների բաց՝ հասարակությանը մատչելի վիճակագրություն չի վարվում: ԱԻՆ ամենամյա հաշվետվություններում կարելի է տեսնել միայն պայթյունների ընդհանուր քանակը:

2011-ին արձանագրվել է 14 պայթյուն: 2012թ.՝ արդեն 25, իսկ 2013թ.՝ 22 պայթյուն: 2014-ի տվյալները դեռ ամփոփված չեն: Տարօրինակ կայունությամբ` 2011-ին, 2012-ին և 2013-ին պայթյուններից ամեն տարի զոհերի թիվը նույնն է՝ 4 մարդ:

2014-ի առաջին 9 ամիսների տվյալներով` զոհերի թիվը 3 մարդ է: Ոչ պաշտոնական տվյալներով` ամեն տարի գազալցակայաններում տեղի է ունենում 10-15 արտակարգ իրավիճակ, որոնց մեծ մասը` պայթյունի տեսքով: Ու դժվար է ասել՝ դա տեխնիկական մաշվածությա՞ն, թե՞ անվտանգ շահագործման կանոնների անտեսման հետևանք է: Իսկ գուցե՞ անվտանգության համակարգերի վրա խնայելու արդյունքում են պայթում մեր գազալցակայանները:

Հ.Գ. Անցած տարի մամուլը գրում էր, որ Աշտարակ քաղաքում հենց մարզադպրոցի հարևանությամբ ապօրինի գազալցակայան է կառուցվում: Բայց հետո լրատվությունը դադարեց՝ ու մենք՝ ոչ աշտարակցիներս, չիմացանք շինարարությունն արգելակվե՞ց, թե՞ սեփականատիրոջը հաջողվեց օրինականացնել իր ապօրինությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս