Բաժիններ՝

Խնդիրն էներգետիկ կախվածությունից ազատվելն է. Ա. Եղիազարյան

«Խնդիրը միայն սակագնի բարձրացումը չէ: Հասկանալի է, որ սակագնի բարձրացումը մեր պայմաններում, մեր նման տնտեսություն ունեցող երկրների համար շատ զգալի ազդեցություն է ունենում ընդհանուր տնտեսության վրա և միաժամանակ՝ նաև էներգետիկ մատչելիության առումով, վիճակը բարդացնում է: Այսինքն՝ դա էներգետիկ կախյալության խորացում է նշանակում: Կան երկրներ, օրինակ՝ Դանիան, որտեղ սակագինը բարձր է՝ 150 դրամի չափ է 1 Կվտժամը, կանաչ էներգետիկա ունեն, բայց նրանց համար դա խնդիր չէ, որովհետև տնտեսությունը բազմաճյուղ է, և կարողանում են փոխհատուցել, ու մրցունակ է տնտեսությունը: Այսինքն՝ նրանց համար մեծ նշանակություն չունի էներգետիկ բաղադրիչը: ՀՀ-ի նման պարզունակ տնտեսություն ունեցող երկրի համար այդ էներգետիկ բաղադրիչը մեծ նշանակություն ունի և մրցունակությանը մեծ հարված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

Հարցի մյուս կողմը, ըստ նրա՝ կապված է ՀՀ էներգետիկ քաղաքականության հետ, որովհետև, եթե սակագինն այսօր բարձրանում է, չի նշանակում, որ վաղը նորից չի բարձրանալու: Ա. Եղիազարյանի գնահատմամբ՝ ընդհանրապես այս պահին շատ անարդյունավետ էներգետիկ համակարգ ունենք, և խնդիրն ընդհանուր համակարգի վերափոխումն է. «Տարբեր տեսանկյուններից կարող ենք նայել՝ էներգետիկ անվտանգության, ռազմավարական, տնտեսական կախվածության, և այլն: Իմ խորին համոզմամբ՝ ռուսական էներգետիկ ընկերություններից կախվածությունից ազատվելը պետք է լինի Հայաստանի օրակարգային հարցը:

Տնտեսության ողնաշարը էներգետիկան է, և այդ կախվածությունը տարածվում է նաև ընդհանուր տնտեսության զարգացման հեռանկարների վրա: Խնդիրը ոչ այնքան սակագնի մեջ է, այլ այդ կախվածությունից ազատվելն է, որը շատ ավելի գլոբալ խնդիր է: Մեր էներգետիկ քաղաքականության հիմքը, որ դրվել է 2000-ականների սկզբներին, ռուսական ընկերությունները Հայաստանը պատկերացնում էին՝ որպես էներգետիկ հարթակ, որն ունի իր պահանջարկից ավելի հզորություններ, և մտածում էին դրանք օգտագործել, ավելի էլեկտրաէներգիան արտահանել հարևան երկրներ՝ Իրան, Թուրքիա, որոնք այդ ժամանակ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեին, ու պահանջարկ կար: Բայց այդ ամբիզիոզ քաղաքականությունը, ժամանակի ընթացքում պարզվեց, որ ի վիճակի չէ դառնալ իրականություն, որովհետև նախ՝ ռուսական ընկերությունները չունեին ժամանակակից տեխնոլոգիաներ, և ենթակառուցվածքն արդիականսցնել այդպես էլ չհաջողվեց: Մնացած երկրներն էլ բավականին հաջողությունների հասան այդ ոլորտում, հետո պարզվեց, որ ռուսական ընկերությունները պարզապես իրենց առջև դրել էին նպատակներ, որ անիրականանալի են, և միայն փորձարկում եղավ ՀՀ-ում»:

Ա.Եղիազարյանը նշեց, որ այժմ կանգնել ենք այն խնդրի առաջ, որ էներգետիկ ընկերությունների արդյունավետ կառավարումը թե´ ՀՀ-ում, թե´ ՌԴ-ում լուրջ հիմնախնդիր է, որը ռուսական ընկերությունները չկարողացան լուծել. «Հիմա էլ իրավիճակն ավելի է բարդանում՝ այն իմաստով, որ Ռուսաստանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ՝ ԵՏՄ-ի հետ կապված, և անուղղակիորեն այդ ամենը չի կարղ չանդրադառնալ ՀՀ-ի վրա: Ըստ էության, ՀՀ էներգետիկ համակարգը նույնպես հայտնվել է մեկուսացման և պատժամիջոցների տակ: Խնդիրը դրանով է´լ ավելի բարդանում է»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս