Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար անհամեմատ բարձրացել է. Էդգար Վարդանյան

168.am-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

– Պարոն Վարդանյան, օրերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ասել էր, թե Ադրբեջանը գուցե դեմ չլինի ԵՏՄ անդամակցությանը, եթե կարգավորվի ԼՂ հակամարտությունը: Սա չի բացառել նաև ԱԳ նախարար Մամեդյարովը, ով վերջին օրերին բանակցություններ վարեց նաև Լավրովի հետ` դժգոհելով Եվրոպայից և Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում տեղ գտած ձևակերպումներից: Հայաստանյան մամուլում տեսակետներ են հնչում, թե Ադրբեջանն իր գինն է առաջարկում, և հնարավոր է՝ Ռուսաստանը համաձայնի նման գործարքների: Ի՞նչ եք կարծում այս սցենարների մասին:

– Կա օբյեկտիվ իրականություն, դա այն է, որ կողմերն այսօր շատ հեռու են ԼՂ հակամարտությունը որևէ կերպ լուծելուց, այսինքն` ԼՂ հիմնախնդիրը մոտ ապագայում՝ հիմնվելով տարբեր գործոնների վրա, էական փոփոխություն չի կրելու: Կողմերն ունեն հակադիր դիրքորոշումներ, իսկ միջազգային հանրությունը որևէ կերպ շահագրգռված չէ հակամարտության նոր էսկալացիայով և բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի առնվազն ներկայիս ստատուս-քվոն պահպանվի: Ոչ մի սեպարատ գործարք, ես կարծում եմ, որ չի կարող լինել: Նույնիսկ, եթե տեսականորեն պատկերացնենք սեպարատ գործարք հակամարտության կողմերից մեկի դեմ, ապա այն ձախողվելու է դեռևս իր սկզբնական փուլում:

Չեմ կարծում, որ դա չեն հասկանում միջազգային ասպարեզում խոշոր խաղացողները, և ըստ այդմ՝ կարծում եմ, որ այդպիսի գործարքի հավանականությունը չափազանց փոքր է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղյան հիմնահարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններում օգտագործելու հարցում: Հարկ եղած դեպքում կօգտագործի՝ որպես ճնշման լծակ, որպես այս տարածաշրջանում իր ներկայությունն ապահովող գործոն: Չեմ կարծում, որ ՌԴ-ն որևէ կերպ շահագրգռված է ստատուս-քվոյի փոփոխությամբ: ՌԴ-ՀՀ հարաբերութունները, այն հանգամանքը, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է տեղակայված, այն, որ Հայաստանը փաստացի ԵՏՄ-ում իր ամենամոտ կանգնած երկիրն է, փոխում է Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար:

Կարդացեք նաև

ԵՏՄ-ում Հայաստանը, ըստ էության, Ռուսաստանի շահերը սպասարկողն է, որովհետև շատ հարցերում Ղազախստանը, Բելառուսը խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, Հայաստանը որևէ խնդիր չունի և ինչ-որ տեղ Ռուսաստանի ձայնը դարձնում է երկու ձայն այդ միությունում: Ռուսաստանը՝ հասկանալով սա, փորձելու է անընդհատ դիմել Հայաստանի օգնությանը և որոշակիորեն թուլացնել Ղազախստանի դիրքերը` հակառակը՝ ամրապնդելով սեփական դիրքերը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանն ընդամենը ցանկանում է Ռուսաստանից հնարավորինս շատ բան պոկել, Ադրբեջանը թանկացնում է իրեն, իրեն փորձում է հնարավորինս թանկ վաճառել: Ցույց տալով իր շահերը Ռուսաստանին` Ադրբեջանը ՌԴ-ին ասում է, որ դեմ չէ ՌԴ շահերին, կողմ է, ըստ էության, ՌԴ-ի առաջնորդությանը տարածաշրջանում, չի հակադրվում, պարզապես ներկայացնելով ԼՂ խնդիրը՝ նշում է, որ այդ պատճառով չի կարող միանալ ԵՏՄ-ին, այսինքն` իր չմասնակցելը պայմանավորված չէ նրանով, որ դեմ է այդ ինտեգրացիային, այլ կա չլուծված հակամարտություն:

Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ խնդիրը չի կարգավորվելու, չունի ակնկալիք, որ մոտ ապագայում խնդիրը կլուծվի՝ հատկապես ի նպաստ իրեն; Ադրբեջանը դրանով ցանկանում է ցույց տալ, որ որոշակի հարաբերությունների պատրաստ է այսօր, եթե Ռուսաստանն ինչ-որ շահավետ բան առաջարկի նրան, այսինքն` ԵՏՄ-ի հետ ինչ-որ ձևաչափով համագործակցություն: Սա հնարավոր է մոտ ապագայում, և բացարձակապես դրա հետ կապ չունի ԼՂ հիմնախնդիրը:

– Ասացիք, որ Հայաստանն այսօր արժեքավոր գործընկեր է դարձել Մոսկվայի համար ԵՏՄ շրջանակներում: Բայց ոչ միայն ԵՏՄ շրջանակներում, քանի որ օրերս տեղեկություններ տարածվեցին Ռիգայում տեղի ունեցող ԱլԳ գագաթնաժողովից, որ Հայաստանն ու Բելառուսը դեմ են եղել գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում Ղրիմի բռնակցման մասին կոշտ ձևակերպումներին: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը՝ հաշվի առնելով Հայաստանի այս նոր դերը, թույլ տա որոշ հարցերում ավելի անկախ քաղաքականություն վարել:

– Անկախ քաղաքականությունը թույլատրված չի կարող լինել, այլապես այն անկախ քաղաքականություն չի լինի: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է գործուղել Հայաստանին տարբեր եվրոպական հարթակներ՝ պայմանով, որ Հայաստանն այդ հարթակներում պատշաճ կերպով կներկայացնի Ռուսաստանի շահերը, փոխարենը՝ Հայաստանը կարող է որոշակի օգուտներ ստանալ այդ հարթակներից: Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը՝ գտնվելով բավականին ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, գտնվելով շրջափակման մեջ, ունենալով փակ սահմաններ, չի կարող ամբողջությամբ կտրվել Եվրոպայից, համապատասխանաբար՝ Ռուսաստանն ի վիճակի չէ դոտացիայի տակ պահել Հայաստանը, ինչպես, օրինակ, Չեչնիան:

Բնականաբար, Ռուսաստանը նաև շահագրգռված է, որպեսզի Հայաստանը որոշակի ֆինանսական աջակցություն ստանա Արևմուտքից տարբեր ձևաչափերով, իհարկե, ընդունելի սահմաններում` այն չափով, որը չի հակասի Ռուսաստանի շահերին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական վերնախավը լեգիտիմության ահռելի պակաս ունի, և այս պարագայում Ռուսաստանը կարող է հեշտությամբ օգտագործել այդ գործոնը: Հայաստանի քաղաքական վերնախավի համար ևս ստեղծվում է, ըստ էության, մի նոր հնարավորություն՝ այդ դեֆիցիտի առկայության պայմաններում նույնսիկ ամրապնդել սեփական իշխանությունը, քանի որ մի կողմից՝ արժեքավոր է դառնում Ռուսաստանի համար, մյուս կողմից էլ՝ Արևմուտքը, չցանկանալով ամբողջությամբ Հայաստանին մղել Ռուսաստանի ազդեցության ոլորտ, շահագրգռված է որոշակի հարաբերություններ ունենալ իշխող վերնախավի հետ՝ անկախ նրանից, թե այդ վերնախավը լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունի՞, թե՞ ոչ: Այսինքն` այստեղ կարևոր են աշխարհաքաղաքական նկատառումները:

– Ռիգայի գագաթաժողովն ի՞նչ հեռանկարներ է ստեղծում ՀՀ-ԵՄ համագործակցության ապագայի համար՝ հաշվի առնելով նաև ռուսական գործոնը:

– Հարցն այն է, որ ՀՀ-ն, այնուամենայնիվ, ԵՏՄ-ին է ինտեգրվել, ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն կարող համարվել ԵՄ ինտեգրման գործընթաց: Հայաստանը ԵՏՄ ինտեգրացիայի ուղին է որդեգրել: ԵՄ-ի հետ հարաբերությունները արդեն՝ որպես ԵՏՄ մաս կազմող սուբյեկտի և ԵՄ-ի հետ հարաբերություններ են: Հասկանալի չէ, թե ինչ նպատակ ունի այդ գործընթացը:

Ասվում է հարաբերությունների քաղաքական բլոկի մասին, չի խոսվում տնտեսական բլոկի մասին՝ հասկանալի պատճառներով: Արևմուտքը հասկանում է, որ նման վերնախավը չունի ցանկություն և չի էլ կարող իրական, լուրջ, ռադիկալ քաղաքական բարեփոխումներ իրականացնել, եթե խոսքը քաղաքական բլոկի մասին է: Այստեղ, հավանաբար, խոսքը գնալու է առանձին ոլորտներում որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման մասին, և դրանք լուրջ, խորքային փոփոխությունների քաղաքական կյանքում, առավել ևս՝ տնտեսական կյանքում, չեն հանգեցնելու:

Եթե վաղը Հայաստանում ավելի ժողովրդավարական քաղաքական համակարգ հաստատվի, ապա այդ դեպքում մենք կունենանք նպաստավոր պայմաններ՝ արագ այդ ժողովրդավարական քաղաքական համակարգը կայացնելու համար: Եթե երկրում կան որոշակի առանձին ինստիտուտներ, և դրանք ունեն դեմոկրատական քաղաքական համակարգին բնորոշ որոշակի էլեմենտներ, ուրեմն վաղը չէ մյուս օրը դա նպաստավոր հանգամանք է լինելու ռեժիմի փոփոխությունից հետո հնարավորինս կարճ ժամկետներում ժողովրդավարությունը կայացնելու համար:

Հայաստանյան հանրությունը դեռևս չի հասել այն մակարդակի, որ տարատեսակ անարդարությունները, կեղծիքները, որոնք առկա են Հայաստանում, խիստ անընդունելի լինեն, արժանապատվության հարց լինեն, որ մարդիկ «ոչ» ասեն իրավիճակին: Քանի որ հանրությունն այդ մակարդակին չի հասել, ստատուս-քվոն կպահպանվի, որը հաստատված է Հայաստանում` փափուկ ավտորիտարիզմի տեսքով:

Երբ հանրությունը գա այնպիսի մակարդակի, իսկ հանրությունը գալիս է այդ մակարդակին, երբ ռեֆորմիստական վերնախավն է գալիս այդ մակարդակին, հնարավոր է, որ երկրում լուրջ փոփոխություններ լինեն, և այն քաղաքական օրակարգը, որ կա ԵՄ-ի հետ, ձևական չի լինի և կխորանա, տեղի կունենան խորքային, ռադիկալ բարեփոխումներ:

 

Տեսանյութեր

Լրահոս