Հայկական անշարժ գույքի շուկայի «հրաշքը»

Եվ այսպես, ՀՀ կառավարությունն անդրդվելի է։ Վարչապետի գլխավորությամբ մեր տնտեսական քաղաքականության պատասխանատուները շարունակում են պնդել, որ բոլոր հոռետեսների «ինադու» տարին փակելու ենք տնտեսական աճով։ Իսկ հոռետեսների թվում են, ինչպես բազմիցս նշել ենք, ոչ միայն տեղացի փորձագետներն ու վերլուծական կենտրոնները, այլև միջազգային հեղինակավոր կառույցները։ Դրանցից ոմանք Հայաստանի համար այս տարի կանխատեսում են զրոյական աճ, մյուսները` 1 կամ 1.5% անկում։ Մի խոսքով, ամեն ինչ` բացի տնտեսական աճից։

Սակայն կառավարությունը չի ընկճվում ու շարունակում է պնդել, որ այս բոլոր կանխատեսումները վերջում սխալ են դուրս գալու։ Իրենց լավատեսությունը մեր պաշտոնյաները հիմնավորում են 2015 թվականի առաջին ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճով։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում ՏԱՑ-ն աճել էր 2.5%-ով, իսկ հունվար-ապրիլին աճի տեմպն արագացել էր` հասնելով 2.7%-ի։

Սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունն ի վիճակի չի թաքցնել հունվար-ապրիլի մյուս տխուր ցուցանիշները։ Օրինակ` այն, որ մանրածախ առևտրաշրջանառությունը կրճատվել է 7.6%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը` 31.4%-ով։ Կրճատվել են նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, դրսից ստացվող դրամական փոխանցումները, վարկավորման ծավալները և այլն։ Այս ամենը, ժողովրդի լեզվով ասած, տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ «չի խոսում»:

Սակայն կա ևս մի ցուցանիշ, որն ավելի շատ «չի խոսում» տնտեսական ակտիվության աճի հետ, բայց սովորաբար ուշադրությունից դուրս է մնում, քանի որ չի մտնում Ազգային վիճակագրական ծառայության կողմից շտապ հրապարակվող ցուցանիշների ցանկում։ Խոսքն անշարժ գույքի շուկայի ակտիվության մասին է։ Այս շուկան տնտեսական ակտիվության ամենալավ ինդիկատորներից մեկն է։ Տնտեսության աշխուժացման ժամանակ անշարժ գույքի շուկան, որպես կանոն, նույնպես աշխուժանում է, և՝ հակառակը։

Կարդացեք նաև

Այսինքն, ըստ տրամաբանության, անշարժ գույքի շուկան (մասնավորապես, առքուվաճառքների քանակը) պետք է այս ընթացքում գոնե պասիվացած չլիներ։ Իսկ ի՞նչ պատկեր է գրանցվել Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2015 թվականի 1-ին եռամսյակում։ Միանգամից ասենք` անկում։ Այն էլ ինչպիսի՜ անկում։

2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է բնակարանների և բնակելի տների առքուվաճառքի 3318 գործարք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4581-ի դիմաց։ Առքուվաճառքների գործարքների քանակը նվազել է 1263-ով կամ 27.6%-ով։ Այդ թվում` Երևանում առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.6%-ով։ Այս տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Գծապատկերում ներկայացրել ենք 2013, 2014 և 2015թթ. առաջին եռամսյակի ցուցանիշները, որպեսզի առավել պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։

ansharj-guyq2-2015mart

Ինչպես տեսնում եք, 2014-ին` 2013-ի համեմատ, անշարժ գույքի շուկան ակտիվացել էր ավելի քան 14%-ով։ Այսինքն` աճի տեմպը մի քանի անգամ գերազանցում էր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը 2014թ. առաջին եռամսյակում աճել էր 3.8%-ով)։

Վերադառնալով այս տարվա պատկերին, նշենք, որ առքուվաճառքի գործարքների առավել զգալի անկում գրանցվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի պարագայում։ Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1493 գործարք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2278-ի դիմաց։ Անկումը կազմել է 34.5%։

Այսինքն, կարող ենք ասել, որ մայրաքաղաքում բնակարանների նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է։ Սակայն զարմանալին ոչ թե դա է, այլ գները (Կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացվող շուկայական գները)։ Սովորաբար, պահանջարկի նվազման դեպքում գները նվազում են (եթե այլ գործոններ չեն ազդում պահանջարկի վրա)։

Մեզ մոտ հակառակն է` Երևանում բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է, սակայն գները ոչ միայն չեն նվազել, այլ որոշ դեպքերում նաև աճել են (տե՛ս աղյուսակը)։ Օրինակ` Կենտրոնում և Արաբկիրում գները անգամ 1 դրամով չեն փոխվել։ Մնացած վարչական շրջաններում աճել են։

ansharj-guyq-2015mart

Ընդհանուր առմամբ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ-ի գինն աճել է 0.23%-ով և կազմել 274 080 դրամ։ Այսինքն, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, վերջին 1 տարվա ընթացքում Երևանում բնակարանների գները գրեթե չեն փոխվել։ Ու սա` այն դեպքում, երբ տնտեսական կյանքում տեղի են ունեցել լրջագույն իրադարձություններ, այդ թվում` դրամի կտրուկ արժեզրկումը։ Ինչպե՞ս կարող են նման պայմաններում անշարժ գույքի գները փոփոխություն չկրել։ Դժվար է ասել` կոնկրետ ինչպես, սակայն կարելի է ասել` ճիշտ նույն կերպ, ինչպես «ակտիվանում է» Հայաստանի տնտեսությունը։

Տեսանյութեր

Լրահոս