Բաժիններ՝

Որտե՞ղ կլինի Բրայան Մեյի վերջին հանգրվանը

«Քուին» (Queen) խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը բացահայտել է իր վերջին հանգրվանը:

Մեյը «Քուին» խմբի «Ո՞վ է ուզում հավերժ ապրել» (Who Wants to Live Forever) երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է և այս երգում արտահայտել է, որ ցանկանում է իր վերջին հանգրվանը գտնել Տեներիֆե կղզում:

«Տեիդեի ազգային պուրակը մի տեսակ կապված է հոգուս հետ»,- ասաց Մեյը:

«Դա մի զգացողություն է, որ կարծես այնտեղ՝ ազգային պարկում, ավելի մոտ ես երկնքին, ինձ շատ հոգեհարազատ վայր է, հավանաբար դա այն վայրն է, որտեղ կցանկանայի՝ աճյունս հողին հանձնեին»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մեյը նաև խոսեց 2016թ. Տեներիֆեում (Կանարյան կղզիներ) կայանալիք «Սթարմուս» 3-րդ փառատոնի մասին, որը կմիավորի տիեզերագնացներին, աստղագետներին ու «Տիեզերքի երկրպագուներին»:

Այս տարի հուլիսին կլրանա Մեյի 68-ամյակը, նա ոչ միայն հայտնի կիթառահար է, այլև հարգված գիտնական, ով առաջին անգամ 1970թ. այցելեց Տեիդեի աստղադիտարան՝ իր թեկնածուական ուսումնասիրությունների նպատակով: Հիշեցնենք, որ Մեյի ատենախոսական թեզի ղեկավարը հայազգի գիտնական դոկտոր Գարիկ Իսրաելյանն է:

Մեյը նաև գրել է «Քուին» խմբի «39» երգը: Սա մի երգ է տիեզերագնացի մասին է, ով ճանապարհորդել է Տիեզերքում և Երկիր է վերադարձել միայն 100 տարի հետո՝ բախվելով Էյնշտեյնի ժամացույցի պարադոքսին. նա մեծացել էր ընդամենը մեկ տարով, իսկ իր բոլոր մտերիմները մահացել էին: Մեյը նույնպես ցանկություն հայտնեց ճանապարհորդել Տիեզերքում, սակայն տարիքն արդեն իրենն է անում:

«Երաժիշտներն ուսումնասիրում և սահմանում են այն, ինչ գոյություն ունի մեր ներսում, աստղագետներն ուսումնասիրում և սահմանում են այն, ինչ առկա է մեզնից դուրս, ահա թե ինչն եմ սիրում «Սթարմուս» փառատոնում»,- ավելացրեց նա:

Հավելենք, որ «Սթարմուս» 3-րդ փառատոնն ունի հետևյալ խորագիրը՝ «Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին»: Փառատոնին ներկա կլինեն և զեկուցումով հանդես կգան տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը և երաժիշտ, աստղագետ դոկտոր Բրայան Մեյը, ինչպես նաև Նոբելյան մրցանակակիրներ, այլ գիտնականներ և արվեստագետներ: «Սթարմուս» 3-րդ փառատոնը տեղի կունենա Տեներիֆե կղզում 2016թ. հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը: Փառատոնի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս