ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը: «Այցի ժամանակ տեղի է ունեցել ընտանեկան նորությունների փոխանակում»,- նշել է Է. Մուսայելյանը։

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց բնակության պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս