Ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցելու «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին

«Այս փուլում շատ մարդ հավաքելու անհրաժեշտություն չունենք, որքան շատ մարդ գա, այնքան ավելի ցանկալի է, բայց դա առաջնային չենք համարում, որովհետև պայքարի այս փուլում դա էական չէ»,- պատասխանելով 168.am-ի հարցին՝ ըստ ձեզ՝ մայիսի 30-ին ձեր հանրահավաքին մեծաքանակ բազմություն կհավաքվի՞՝ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:

Մեր հարցին՝ կա՞ն կոնկրետ քաղաքական ուժեր, որոնց սպասում եք, որ այդ օրը կլինեն Ազատության հրապարակում ձեր կողքին, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ իրենք կոչ են արել և հորդորել են բոլոր ընդդիմադիր ուժերին՝ միանալ և զուգահեռ քաղաքական իրականություն ձևավորել իրենց նախաձեռնած գործընթացին, միավորվել և պայքարել՝ «ռեժիմին» հեռացնելու, արտահերթ ընտրություններ կազմակերպելու նպատակով. «Բայց մնացած քայլերը արդեն պետք է մեր հավանական գործընկերներն անեն»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ չգիտե՞ք կոնկրետ ուժերի, որոնք այդ օրը գալու են հանրահավաքին, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ չգիտի. «Բաց հանրահավաք է, և, բնականաբար, եթե հրավերի մասին է խոսքը, բոլորին հրավիրում ենք»:

Հիշեցնենք, որ վաղը «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ մեծ հավաք-երթ է կազմակերպելու: Լրագրողներից մեկի հարցին՝ պատրաստվո՞ւմ եք միանալ նրանց, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ, անշուշտ, միանալու են. «Մեր ՀԽ-ի ներկայացուցիչներից նույնպես շատ կան այդ գործընթացի մեջ, և մենք նույնպես մասնակցելու ենք, և պաշտոնապես կոչ ենք արել մեր ժողովրդին, որ մասնակցեն»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս