Մենք ուրախ կլինենք, եթե ՌԴ-ն նպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև վիճելի հարցերի կարգավորմանը. թուրք դեսպան

Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը.

«Ռուս-թուրքական հարաբերություններն ունեն պատմական խորն արմատներ, այսօր զարգանում են կայուն հենքով: Ռուս-թուրքական հարաբերությունները կայունության գրավական են ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ գլոբալ մասշտաբով:

Թուրքիան ու Ռուսաստանն ամուր երկրներ են, որոնք ունեն համագործակցության զարգացման մեծ պոտենցիալ: Երկու երկրների առաջնորդները պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում միմյանց հետ, նամակներ են հղում միմյանց, գտնվում են մշտական շփման մեջ:

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը մշտապես շարունակվում է, այդ թվում՝ նաև դիվանագիտական գերատեսչությունների գծով: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցին, ապա ես՝ որպես արտակարգ ու լիազոր դեսպան, չեմ կարող մեկնաբանել դա, քանի որ երկու երկրների առաջնորդները նման հարցերը լուծում են միմյանց միջև:

Մենք համոզված ենք, որ ռուս-թուրքական կայուն հարաբերություններն Արևելյան Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում կայունության կարևոր ասպեկտ են: Դժբախտաբար, կան շրջանակներ, որոնք շահագրգռված չեն մեր հարաբերությունների զարգացմամբ:

Այնքան էլ ճիշտ չէ, երբ երրորդ կողմը փորձում է ստվեր նետել մեր երկկողմ հարաբերությունների վրա: Սակայն մենք մշտապես ուրախ կլինենք, եթե ռուսական կողմը նպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև վիճելի հարցերի կարգավորմանը»:

Տեսանյութեր

Լրահոս