Մինսկի խումբը չի կարող խուսափել ԼՂ-ի բանակցությունների վրա Արևմուտք-ՌԴ առճակատման ազդեցությունից. Մարկեդոնով

«Անցյալ տարի Ադրբեջանում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել», -այսօր «Կովկաս-2014» միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դասախոս, դոցենտ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով «Ադրբեջանը 2014–ին. Փախչելով ինտեգրացիոն նախագծերից» թեմայի շուրջ: Նա նշեց, որ առաջին հայացքից անցյալ տարի Ադրբեջանում էական փոփոխություններ չեն գրանցվել:

Մարկեդոնովը հիշեցրեց, որ Ադրբեջանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնք կարևոր էին ոչ միայն արտաքին և ներքին քաղաքականության տեսանկյունից, քանի որ տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններից հետո, որը Իլհամ Ալիևին հնարավորություն է տվել ընտրվել չորս, նույնիսկ հինգ անգամ: Ռուս վերլուծաբանի որակմամբ` դա փորձություն էր Արևմուտքի համար: Նրա հիշեցմամբ, անցյալ տարի Ադրբեջանում անցկացվեցին նաև ավագանու ընտրություններն՝ իրենց կանխատեսելի արդյունքներով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, Սերգեյ Մարկեդոնովը գտնում է, որ կովկասյան իրադարձությունները ստվերվել էին ուկրաինական ճգնաժամի հետևանքով, թեև, ըստ նրա, Ադրբեջանը փորձում էր լոբբինգային հաջողություններ գրանցել Արևմուտքի և Եվրասիայի միջև: Անցյալ տարի, Մարկեդոնովի փոխանցմամբ, Ադրբեջանում նշեցին Դարի պայմանագրի քսանամյակը, որը հստակեցրեց ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

«Այստեղ կարևոր է նավթային գործոնը: Նախորդ տարի այս գործոնը հիշեցրեց իր մասին, նավթի գինն իջավ և դա ենթակառուցվածքային ծրագրերի վրա չանդրադարձավ, բայց տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը բարձրացրեց քննարկումների մակարդակի: Իրանական գործոնը ևս կա: Անցյալ տարի մեծ ճնշումներ գործադրվեցին իրավապաշտպան հասարակության վրա, մինչ այդ էլ Ադրբեջանը ժողովրդավարության բնօրրան չէր, բայց շատերը հայտնվեցին ճաղերի ետևում, ինչպես Ռաուֆ Միրկադիրովը, Արիֆ Յունուսն ու նրա կինը, որը ստիպում է Արևմուտքին մտածել` ինչն է կարևոր` էներգետիկ այլընտրանքը՞, թե արժեքային համակարգը»,- ասաց Մարկեդոնովը:

Վերջինս նշեց, որ թեև ուկրաինական ճգնաժամը ստվերեց հետսովետական տարածքում գրանցված բոլոր այլ գործընթացները, սակայն Ադրբեջանի և Ուկրաինայի կապերը շատ ավելի շատ են, քան երևում է:

«Կիևը հանդիսանում է Բաքվի գործընկերը և՛ Յանուկովիչի, և՛ նարնջագույն իշխանությունների օրոք՝ և՛ էներգետիկ, և՛ որոշակի կառույցների շրջանակում: Այստեղ կարևոր է այն, որ Ադրբեջանն ու Ուկրաինան միասին տարածքային ամբողջականության գաղափարն են պաշտպանում: Այս մեդալն իր երկրորդ երեսը ևս ունի` Ադրբեջանը չի ընդունում հեղափոխական ճանապարհով իշխանության փոփոխությունը, թեև Ադրբեջանը պաշտպանեց ՄԱԿ ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քանի որ խոսքն այդ սկզբունքի մասին էր»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը:

Անդրադառնալով նախորդ տարի ԼՂ հակամարտության գոտում գրանցված զարգացումներին` ռուս վերլուծաբանն ասաց, որ այն տաք տարի էր, շատ և վտանգավոր միջադեպեր գրանցվեցին սահմանին, այդ թվում՝ հայկական ԶՈՒ-ին պատկանող ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուժի կողմից, որի գլխավոր դերակատար Մուրադովը հերոսացվեց, ինչը ցույց է տալիս, որ հակամարտող կողմերի հասարակությունները պատրաստ չեն սկզբունքային զիջումների ինչ էլ որ ասեն համանախագահները:

«Անցյալ տարին բերեց անբերանպաստ իրողություններ: ԼՂ հակամարտությունը՝ որպես օրինակ էին նշում Արևմուտքի և ՌԴ-ի լավ համագործակցության տեսանկյունից` ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի: Բայց այսօրվա դրությամբ ամենալուրջ առճակատումն է գրանցվում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչքան էլ որ դիվանագիտական փայլուն աշխատանք կատարվի, դիվանագետները, բանակցողները չեն կարող խուսափել լայն կոնտեքստից` Արևմուտք-Ռուսաստան առճակատումից: Այստեղ էլ պարալիզացվել է Մինսկի խումբը: Սա էլ ուկրաինական ճգնաժամի արտահայտություններից մեկն է»,- ասաց Մարկեդոնովը:

 

Տեսանյութեր

Լրահոս