Կվճարի՞ արդյոք Ռուսաստանն Ադրբեջանին՝ ԵՏՄ անդամակցության դիմաց

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն օրերս հստակեցրել է, թե որն է Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության գինը: «Բաքուն դրական է վերաբերվում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը», – հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: «Ադրբեջանը սկզբունքորեն դրական է վերաբերվում այդ կառույցին, որովհետև դա մեր ընդհանուր տարածքն է և շատ մեծ շուկա: Բայց այսօր մենք չենք կարող միանալ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև մեր երկրում ավելի քան մեկ միլիոն փախստական կա, մեր տարածքի 20 տոկոսն օկուպացված է: Այսպիսի տարածքային հակամարտության առկայության դեպքում մենք չենք կարող ագրեսոր երկրի հետ նույն միությունում լինել և այդ երկրի հետ ինչ-որ հարցեր լուծել»,- ասել է Փոլադ Բյուլբյուլօղլուն: Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միանալու հարցը կարող է քննարկվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելուց հետո: Ուշագրավ է, որ այդ հայտարարությունից հետո Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպման ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, որ ԼՂ-ի հիմնախնդիրն արդեն չափից ավելի է հասունացել, և, որ անհրաժեշտ է լուծել այն. «Կա թեմա, կա խնդիր, անհրաժեշտ է լուծել այն: Այն արդեն իսկ հասունացել է»: Սերգեյ Լավրովն իր հերթին՝ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է. «Ռուսաստանը, նախկինի նման, իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է դիտարկում հակամարտող կողմերի միջև պայմանավորվածության հասնելուն աջակցելը: Շարունակելու ենք ակտիվորեն աջակցել փոխընդունելի պայմանավորվածությունների փնտրտուքին»: Որոշ միջազգայնագետներ չեն բացառում, որ հօգուտ Ադրբեջանի ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում Ադրբեջանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, սակայն, ըստ նրանց, հարց է` Ռուսաստանը պատրա՞ստ է Ադրբեջանին «վճարել այդ գինը»:

168.am-ի հետ զրույցում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ լուրջ չեն խոսակցություններն այն մասին, թե ՌԴ-ն կկարգավորի ԼՂ հակամարտությունը՝ հօգուտ Ադրբեջանի՝ այդ երկրի ԵՏՄ անդամակցության համար: Նրա համոզմամբ` դեսպանի խոսքերը ոչ այլ ինչ են, քան դիվանագիտական խաղ, որին, նրա համոզմամբ, Ռուսաստանը չի տրվի:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը խուսափում է ցանկացած ինտեգրացիոն պրոյեկտի միանալուց, դա վերաբերում է և՛ ԵՄ-ին, և՛ ԵՏՄ անդամակցությանը: «Ադրբեջանն իրեն ինքնաբավ երկիր է համարում և կարծում է, որ իրեն այս կամ այն ինտեգրացիոն պրոյեկտին միանալը ոչինչ չի տա: Ադրբեջանն իրեն անկախ, լավ երկիր է համարում, մեծ հեռանկարներով երկիր է համարում, որին պետք չեն անդամակցություններ ինչ-ինչ կառույցների: Ուստի իրականում միանալ ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ԵՏՄ-ին Ադրբեջանը չի պատրաստվում: Դա Ռուսաստանը շատ լավ հասկանում է»,- ասաց Սկակովը՝ շարունակելով, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և որպես համանախագահ՝ հետաքրքրված է հակամարտության արդարացի և ոչ միակողմանի, պարտադրված կարգավորմամբ: Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այն վիճակը, որում այսօր Ադրբեջանն է, թույլ չի տալիս ՌԴ-ին մտածել Ադրբեջանին ԵՏՄ կազմ ներքաշելու ուղղությամբ:

«ՌԴ-ն հետաքրքրված չէ միացնել ԵՏՄ-ին, քանի որ չափազանցված է Ադրբեջանի` սեփական նշանակության զգացումը տարածաշրջանում: Ուզում եմ հիշեցնել, որ օրերս Ռիգայի գագաթաժողովում Բաքվի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում էին, որ Բաքու-ԵՄ համագործակցության մակարդակն իրենց չի բավարարում, քանի որ Ադրբեջանի հետ համագործակցությունն ավելի ցածր մակարդակի վրա է, քան ԵՄ-այլ երկրներ համագործակցությունը, ասես Ադրբեջանը երկրի կենտրոններից մեկն է: Ուստի ասել, որ ԵՏՄ-ում նման գործընկեր ունենալու մտքով է հետաքրքրված Ռուսաստանը, սխալ կլինի»,- ասաց ռուսաստանցի վերլուծաբանը:

Վերջինս նաև ընդգծեց, որ այսօր պրոյեկտները խնդիրներ ունեն, որի պատճառով ընդլայնման հեռանկարները մշուշոտվել են:

 

Տեսանյութեր

Լրահոս