Բաժիններ՝

Տղամարդը ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ, բռունցքներով հարվածել է, ատրճանակը պահել ճակատին

Երիտասարդ ամբաստանյալn ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր է ճանաչվել ավազակության մեջ և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ գերեզմանատան տարածքում, իր կողմից ավտոմեքենայի մեջ, մարմնավաճառ կնոջ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի և մարմնի տարբեր մասերին՝ զույգ ակնակապիճների ստորկոպային շրջանների արյունազեղումների, գանգուղեղային տրավմայի, քթոսկրի կոտրվածքի ձևով նրա առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, այնուհետև ավտոմեքենայի սրահի վահանակի վրայից վերցրել է նրա դրամապանակը, դրա միջից հափշտակել նրան պատկանող 10.000 դրամ գումարը և հափշտակված գումարն իր մոտ պահելու համար, իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործված առարկայով՝ «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով, դիտավորությամբ կրակել է կնոջ ճակատին և աջ ոտքին՝ գլխի ճակատային հատվածի սալջարդ վերքի, աջ սրունքի վերին միջին երրորդի դրսային մակերեսի սալջարդ վերքի ձևով վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել, որ դեպքի օրը ամբաստանյալը հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող տուժողին, ամբաստանյալն ավտոմեքենան վարել է ոչ տուժողի բնակության վայրի ուղղությամբ, տուժողն առաջարկել է կանգնեցնել մեքենան, սակայն ամբաստանյալը, ավելացնելով մեքենայի արագությունը, շարունակել է նույն ուղղությամբ վարել այն` տուժողին ասելով, որ ցանկանում է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, որին կինը բացասական պատասխան է տվել։

Հասնելով գերեզմանատանը հարակից ամայի տարածք` ամբաստանյալը կանգնեցրել է ավտոմեքենան և սկսել է արձակել կնոջ վերնաշապիկի կոճակները, սակայն կինը դիմադրել է, ինչի պատճառով ամբաստանյալը բռունցքներով հարվածել է նրա դեմքին ու գլխին, այնուհետև փորձել է հրելով նրան դուրս գցել մեքենայից, սակայն դա չի հաջողվել։

Դատարանն ապացուցված է համարել, որ իջնելով ավտոմեքենայից` ամբաստանյալը բռունցքներով մի քանի հարվածներ հասցնելով և քաշքշելով՝ փորձել է մեքենայից դուրս հանել տուժողին, սակայն նա դիմադրել է։ Ամբաստանյալը ձեռքը մեկնել և վերցրել է մեքենայի սրահի առջևի վահանակի վրա դրված տուժողի դրամապանակը, հանել 10.000 դրամ գումար, իսկ դրամապանակը շպրտել տուժողի վրա։ Տուժողը փորձել է հետ վերցնել նշված գումարը, քաշքշել է ամբաստանյալի հագուստներից, ասել է, որ դա իր երեխայի կաթի գումարն է, սակայն ամբաստանյալն ասել է, որ դա իրեն չի հետաքրքրում։

Մեքենայի առջևի պահախցից հանելով իրեն պատկանող «Մակարով» մոդելի օդամղիչ ատրճանակը` ամբաստանյալն այն լիցքավորել է, պահել տուժողի ճակատին և հայհոյելով՝ մոտ 0,5 մետր հեռավորությունից կրակել է, որից հետո դարձյալ մի քանի կրակոցներ է արձակել տուժողի ոտքերի ուղղությամբ, որոնցից մեկը կպել է նրա աջ ոտքին։ Ստանալով մարմնական վնասվածքներ՝ տուժողը սկսել է արտասվել և գոռալ։ Այդ պահին ամբաստանյալի բջջային հեռախոսին է զանգահարել քույրը, որից հետո նա, հավաստիանալով, որ տուժողը կատարվածի մասին Ոստիկանությանը չի տեղեկացնի` ավտոմեքենայով նրան բերել և իջեցրել է Բագրատունյաց պողոտայում և հեռացել։

Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում դատարանի վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս