Բաժիններ՝

Ոչ այնքան հայտնի փաստեր Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Շատ բարդ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուի մասին ներկայացնել այնպիսի փաստեր, որ չիմանան իր երկրպագուները: 168.am-ը, մանրամասն ուսումնասիրելով Ռոնալդուի կեսագրությունը, գտել է նմանօրինակ փաստեր:

Այսպիսով ներկայացնում ենք ձեզ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի կյանքի ոչ այնքան հայտնի կողմերը:

Ոչ ոք չի կարող ծաղրել նրան

Փոքր տարիքում ֆուտբոլ խաղալու համար մեր այսօրվա հերոսը Մադեյրայից տեղափոխվել է Լիսաբոն: Այստեղ նա սովորել է հանրակրթական  դպրոցում, որտեղ նրան հաճախ էին ծաղրում մադեյրական ակցենտ ունենալու համար: Հերթական անգամ, երբ ուսուցչուհին ծաղրում է նրան, Ռոնալդուն հարվածում է ուսուցչուհուն առաջինը ձեռքի տակ պատահած առարկայով՝աթոռով:

«Մանչեսթեր Յունայթեդ»՝ «Յուվենթուսի» փոխարեն

2003թ.  Ռոնալդուն «Սպորտինգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», այնինչ հանգիստ կարող էր տեղափոխվել Թուրին: Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխվելը գրեթե կասկած չէր հարուցում, նա արդեն անցել էր բժշկական հետազոտություն, համաձայնեցրել էր պայմանագրի կետերը: Ռոնալդուն պետք է փոխանակվեր «Յուվենթուսի»  հարձակվող Մարսելո Սալասի հետ, սակայն թուրինյան ակումբի հարձակվող Սալասը հրաժարվեց տեղափոխվել Պորտուգալիա՝ այդպիսով վճռելով նաև Ռոնալդուի ճակատագիրը:

Թե ինչ կլիներ, եթե Ռոնալդուն գնար Իտալիա՝ ոչ ոք չի կարող ասել, բայց կարող ենք փաստել, որ Անգլիա տեղափոխվելը մեծ առաջընթաց էր ֆուտբոլիստի կարիերայում:

Անվան պատմությունը

Ռոնալդուի ամբողջական անունը Կրիշտիանու Ռոնալդու դուշ Սանտուս Ավեյրու է: Իր երկրորդ անունը Ռոնալդուն ստացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին: Պորտուգալիայում այս անունը տարօրինակ է և քիչ հանդիպող: Անվան ընտրությունը Ռոնալդուի հայրը բացատրում էր նախագահ Ռեյգանի նկատմամբ ունեցած անձնական համակրանքով:

Նրա համար դաջվածքներն արգելված են

Բոլորին հայտնի է, որ Ռոնալդուն շատ ուշադիր հետևում է իր արտաքինին: Զարմանալի կարող է թվալ, բայց Ռոնալդուն իր մարմնի վրա չունի ոչ մի դաջվածք: Սա բացատրվում է նրանով, որ Ռոնալդուն հաճախ է արյուն  հանձնում հիվանդ երեխաների համար: Նա մասնակցում է սոցիալական բազմաթիվ ակցիաների, որտեղ մարդկանց հորդորում է մի քանի րոպե և մի քանի գրամ արյուն տրամադրել ուրիշներին օգնելու համար:

Առաջին պորտուգալացին ՝ «Մանչեսթեր Յունայթեդում»

Տարիների ընթացքում պորտուգալացիները սկսեցին մեծ դեր խաղալ եվրոպական ֆուտբոլում, սակայն զարմանալի է, որ մինչ Ռոնալդուի գալը «Մանչեսթեր Յունայթեդում» չկար ոչ մի պորտուգալացի ֆուտբոլիստ: Առաջին պորտուգալացին դարձավ «կարմիր սատանաների» առաջատարներից մեկը:

Սրտի վիրահատություն

Ռոնալդուն իր հիասքանչ կարիերայի համար պարտական է ոչ միայն իր տաղանդին և աշխատասիրությանը, այլև պորտուգալական «Սպորտինգի» բժշկական անձնակազմին: 15 տարեկան հասակում Ռոնալդուի մոտ հայնաբերվեց սրտի առիթմիա: Նման խնդիր ունենալով՝ անմտություն կլիներ մտածել պրոֆեսիոնալ կարիերայի մասին: Սակայն պորտուգալական ակումբի բժշկական անձնակազմը շատ արագ կազմակերպեց Ռոնալդուի վիրահատությունը: Լազերային վիրահատությունից հետո, արդեն 3-րդ օրը Ռոնալդուն մարզվում էր անհատական ծրագրով:

ronaldu02

Կոտրեցի քիթդ, վերցրու շապիկս

Իսպանայի 2009/10 թվականների առաջնության ՝«Խետաֆեի» հետ հանդիպման ընթացքում Ռոնալդուն կոտրեց երկրպագուներից մեկի քիթը: Գնդակը դաշտից հեռացնելիս Ռոնալդուն պատահաբար հարվածեց առաջին շարքում կանգնած երկրպագուին: Հարվածի պահը ռեժիսորները ցուցադրում էին ավելի հաճախ, քան Ռոնալդուի 3 գոլերի կրկնապատկերները: Խաղի ավարտից հետո պորտուգալացին մոտեցավ տրիբունային և տուժած երկրպագուին նվիրեց իր շապիկը:

ronaldu-03

Սիրային արկածներ

Իրավամբ, Ռոնալդուն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկն է համարվում: Սկզբնական շրջանում մամուլում շատ քիչ էր խոսվում Ռոնալդուի անձնական կյանքի մասին, սակայն, երբ Gay Krant ամսագիրը Ռոնալդուին ճանաչեց  աշխարհի ամենասեքսուալ տղամարդ, շատերը սկսեցին մեղադրել նրան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մեջ: Այս պատմությունը, սակայն, չդարձավ մեծ սկանդալի առիթ: Հետո Ռոնալդուի անվան շուրջ պտտվեցին նոր խոսակցություններ. միանգամից 2 կին մեղադրեցին նրան բռնաբարության փորձ կատարելու մեջ: Մեղադրանքները շուտով ետ վերցվեցին, սադրանքը չստացվեց:

Հետագայում մամուլում միանգամից տարածվեցին տեղեկություններ Ռոնալդուի կանանց մասին՝ մեկը մեկից գեղեցիկ և հայտնի:

ronaldu-04

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս