Բաժիններ՝

Ադրբեջանական Մազամի և սահմանամերձ Բերքաբերի համառ ձկնորսի մասին

Tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանցի հասարակական ակտիվիստ, Թեքալիի հանդիպումների մշտական մասնակից Զամիրա Աբասովան ասաց, որ ինքը մի ադրբեջանցու եւ գերմանացու ուղեկցությամբ վերջերս այցելել է Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղ: Դրա դեմ-դիմաց, Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվում է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը: Զամիրան ասաց, որ բնությունն այնտեղ հրաշալի է, հայերն ու ադրբեջանցիները կարող էին միասին շատ բան անել տուրիզմի զարգացման համար, սակայն հակամարտության պատճառով շատ բան են կորցնում: Նրա խոսքերով՝ Մազամում բնակիչներ քիչ կան, տխուր է, այն տպավորությունն է, կարծես մարդ է մահացել: Գյուղում ոչ մարդիկ են երեւացել, ոչ՝ շուն, ոչ՝ կատու: Մազամից երիտասարդները հեռացել են ,միայն ծերերն են մնացել:

Զամիրան հավելեց. «Ես այդքան մոտիկից չէի տեսել հայկական դիրք, հայ զինվոր: Այնտեղ լիճ էր, դրա ափին հայկական ավտոմեքենա էր կանգնած, այնտեղ քաղաքացիական անձինք էին հանգստանում»: Նրա խոսքերով՝ Մազամի բնակիչները հայերի հանդեպ այլեւս ատելության չունեն, միայն՝ սարսափ իրենց կյանքի համար:

Աբասովան ասաց, որ Մազամի դպրոցում 10 աշակերտ կա, նրանք էլ հաճախ դասի չեն գնում, քանի որ դպրոցը գտնվում է հայկական դիրքերի դեմ: Մազամցի մի տղամարդ ցույց է տվել իր տան դիմաց, 150 մ հեռավորության վրա գտնվող հայկական հենակետը, որտեղից տունը գնդակոծվել է, տղամարդը մատնացույց է արել պատուհանում գնդակի հետքը: Զ. Աբասովայի խոսքերով՝ Մազամի բնակիչները վախենում են գիշերները տների լույսերը վառել: Մազամի բնակիչը խնդրել է հայերին փոխանցել իր խնդրանքը՝ հայկական դիրքը մի քիչ հեռու տանել կամ էլ դիրքի տեղադրությունը փոխել: Նրանք նաեւ խնդրել են,որպեսզի գյուղում հուղարկավորությունների ժամանակ հայկական զինուժը չկրակի: Մազամցիներն ասել են, որ իրենց ուղղությամբ ոչ միայն հայկական դիրքերից, այլ նաեւ Բերքաբեր գյուղի տարածքից են կրակում:

Թեքալիի աշխատանքային խմբի անդամ, Մազամին սահմանակից Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանը Զամիրայի ելույթին արձագանքելով՝ ասաց, որ Մազամի փողոցները գիշերները լուսավորվում են: Տողերիս հեղինակը թեման շարունակելով ասաց, որ հայկական գյուղերից ադրբեջանական գյուղերի վրա չեն կրակում: Նաեւ ներկայացրինք բերքաբերցի ձկնորսի պատմությունը (aravot.am/2015/01/27/536364): Նա ձուկ է որսացել Ջողազի ջրամաբարում, ադրբեջանացի զինյալները գնդակոծելով՝ նրան ոտքերից վիրավորել են: Սակայն դրանից հետո նա շարունակում է կյանքը վտանգելով ձուկ որսալ, քանի որ ձկնորսությունից զատ՝ ապրուստի միջոց չունի:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաեւան ասաց, որ ինքը եղել է Մազամում, ֆիլմ է նկարահանել: Նա ասաց, որ իրեն զարմացրել են մազամցի մի կնոջ խոսքերը: Նրան հարցրել են ՝ դու հայերին ատո՞ւմ ես: Նա ասել է՝ ոչ, չէ որ սահմանի մյուս կողմում էլ նման պայմաններում են ապրում, հայ մայրն էլ վախենում է իր զավակի կյանքի նման: Արզու Աբդուլաեւան ասաց, որ Մազամում լսել է բերքաբերցի ձկնորսի պատմությունը:

Մազամցիները դա այլ կերպ են ներկայացրել, որ այ, ձկնորսի վրա կրակել են, բայց նա նորից է վտանգավոր գոտում ձկնորսություն անում, տեսեք՝ հայերն ինչքան համառ են: Թեքալիում աշխատանքային հանդիպումից հետո Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանին հարցրինք գյուղի սահմանագոտում կրակոցների մասին: Նա հայտնեց, որ երբեւէ Բերքաբեր գյուղի տարածքից Մազամի վրա գնդակոծություն չի եղել: Սահմանը հսկող հայ զինծառայողները նույնպես նախահարձակ չեն լինում, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում է մեր պաշտպանական դիրքերը եւ Բերքաբեր գյուղը, նրանք հարկադրված են լինում պատասխան կրակ բացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս