Ինչու Ալիևը որոշեց չգնալ Ռիգա. պարզաբանում է ադրբեջանցի փորձագետը

Այսօր հայտնի դարձավ, որ այս օրերին Ռիգայում չի կայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել այս տարվա մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է. «Քանի որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկին մնացել է բավական քիչ ժամանակ, և այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները թևակոխել են եզրափակիչ փուլ, Ադրբեջանի նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է, ինչի համար էլ նա չի կարող մասնակցել Ռիգայի գագաթաժողովին»:

Հասանովը նաև հայտնել է, որ Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանը ներկայացնելու են արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

Օրեր առաջ եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել էր անանուն մնալ, հայտարարել էր, թե մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Ռիգայում կկայանա երկու երկրների նախագահների կամ արտգործնախարարների եւս մեկ հանդիպում»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան:

168.am-ի հետ զրույցում Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն փորձեց բացատրել, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել չմասնակցել գագաթնաժողովին, որը հնարավորություն կտար ԼՂ հակամարտության շուրջ ևս բանակցություններ վարել:

Նա նշեց, որ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է բանաձև ընդունել Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի դեմ, Բաքուն արեց ամեն ինչ, որպեսզի խորհրդարանականները ետ կանգնեն իրենց որոշումից, պաշտոնական Բաքուն չկարողացավ դրան հասնել: «Այս պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել Ռիգայի գագաթնաժողովին: Ալիևի չմասնակցությունն այդ գագաթնաժողովին կապված չէր այդ ենթադրյալ հանդիպման հետ»,- տեղեկացրեց Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նրա համոզմամբ` գուցե եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության լուրն ավելի վաղ հայտարարվեր, այդ հանդիպման հնարավորությունը մեծանար: «Բայց կարծես այդ հանդիպումը կասկածի տակ էր: Եթե հանդիպումը հաստատված լիներ, ապա կարծում եմ` այն իսկապես կկայանար»,- նկատեց ադրբեջանցի փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս