Բաժիններ՝

ԱԺ-ում կրքերը բորբոքվել են. Զարուհի Փոստանջյանը Սեյրան Սարոյանին սպառնաց ոստիկանություն կանչել

Այսօր ԱԺ հերթական նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ՝ Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա հանցագործությունների վերաբերյալ, որ մեղադրվում էր ծանր հանցագործությունների մեջ և չպետք է պաշտոնավարի: Ըստ Փոստանջյանի՝ շրջանցելով կանոնակարգը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի դրել շրջանառության մեջ:

«Վերջին օրերին մենք կրկին տեսանք, թե ինչպես Սուրիկ Խաչատրյանի որդին ընդգրկված է այսպես կոչված վիճաբանության մեջ, որի հետևանքով մի երիտասարդ կորցրել է աչքը, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մեղքի բաժինը, կարծում եմ, նաև դուք եք կրում: Այդ երիտասարդները մեր հասարակության մի մասն են և Սուրիկ Խաչատրյանի անպատժելիության հետևանքով դառնում են հաշմանդամ»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ դիմելով Գ.Սահակյանին:

Զ.Փոստանջյանի խոսքով՝ փորձաքննության արդյունքներով թմրամոլության մեջ է մեղադրվում նաև այդ երիտասարդը, և այս «արատավոր ընտանիքը շարունակում է սպառնալիք լինել հասարակության համար»:

«Մեզնից որևէ մեկը մեղքի բաժին չունի: Ձեր այսօրվա խոսքը վերաբերում է ոչ թե ԱԺ-ին, Դուք հանցագործությունների մասին եք խոսում, դա ԱԺ քննարկման հարց չէ: Դատախազը հաշվետվությամբ է հանդես գալու, կարող եք հարցադրել: Ե՛վ ընդդիմադիր, և՛ իշխանական պատգամավորները դատապարտում են երևույթները, եթե հանցակազմ կա, պետք է պատժվի»,- հակադարձեց ԱԺ նախագահը:

Կարդացեք նաև

ՀՀԿ-ականների շարքերից բարձրացած բողոքի ձայների ներքո Զ.Փոստանջյանը հետաքրքվեց, թե ինչու Գ.Սահակյանը չի դրել նախագիծը շրջանառության մեջ. «Եթե դրվեր, հավանաբար այս երիտասարդը աչքը չէր կորցնի»:

Ըստ Սահակյանի՝ ցանկացած հայտարարություն պիտի բխի ԱԺ լիազորությունից. «Դուք մարդկանց էսպես մեղադրում եք, մեղադրանք եք արտահայտում, ասում եք՝ բերեք ես մեղադրել եմ, xուք էլ դատավորն եք, հայտարարություն ընդունեք»:

«Իմ գործընկերը իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղ և անտեղի արտահայտություններ է անում մարզպետի հասցեին: Ձեր մտքի վառ արտահայտությունները այստեղ չանեք»,- կուսակից ընկերոջը պաշտպանեց ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը:

Հայտարարված 20-րոպեանոց ընդմիջման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում Սուրիկ Խաչատրյանի պաշտպանի դերում հանդես եկավ նաև գեներալ Սեյրան Սարոյանը, ում «հաթաթաներին» ի պատասխան Զ.Փոստանջյանը սպառնաց ոստիկանություն կանչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս