Բաժիններ՝

Անդրես Ինիեստան դարձավ 31 տարեկան

Այսօր Իսպանիայի ազգային հավաքականի և Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան դարձավ 31 տարեկան: Ինիեստայի մասին խոսելիս շատ փաստեր կարող ենք մեջբերել, բայց 168.am-ն առանձնացրել է 5 կարևոր դրվագ Ինիեստայի կյանքից:

Ֆուտբոլային անկրկնելի տեսակ. ամաչկոտ, բայց լիդեր

16 տարեկանում Ինիեստային առաջին անգամ հրավիրել էին «Բարսելոնայի» առաջին թիմ՝ մարզվելու: Անդրեսը մի քանի ժամ ամաչում էր մտնել հանդերձարան, նա անընդհատ մտածում է, որ ամենը կատակ է, և իրականում նա դեռ այնքան արժանիքներ չունի առաջին թիմում մարզվելու համար: Արդյունքում՝ Ինիեստային փնտրելու գործը հանձն առավ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով միանգամից սկսեց հետաքրքրվել պատանիով և ամեն անգամ անձամբ ուղեկցել մարզումների:

Հետագայում Ինիեստայի մոտ ամեն ինչ ավելի արագ ստացվեց, նա դարձավ «Բարսելոնայի» առաջատարներից մեկը:

Կարդացեք նաև

Երբեմն ստեղծվում է տպավորություն, որ Ինիեստան չի ցանկանում անձամբ գոլ հեղինակել. շատ հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ Ինիեստան կատարում է փոխանցումներ այնպիսի դիրքերից, որոնցից գրեթե բոլորը գոլ կխփեն: Չնայած սրան, Ինիեստան խաղն իր ձեռքն է վերցնում և կատարում է վճռական հարվածներ ամենակարևոր պահերին: Խոսքերիս վառ ապացույցն է 2010 թվականին տեղի ունեցած Աշխարհի առաջնությունը, որտեղ Ինիեստան փայլուն կերպով գրավեց Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասը, ինչի շնորհիվ էլ Իսպանիան դարձավ աշխարհի չեմպիոն:

Երկրպագունների վարեբերմունքը

Այն, որ Ինիեստան սիրված է «Բարսելոնայի» երկրպագուների կողմից, անժխտելի փաստ է, բայց Ինիեստային սիրում են նաև այլ ակումբների երկրպագուներ, օրինակ՝ «Բարսելոնայի» թշնամի ակումբ «Էսպանյոլի» երկրպագուները: Ինիեստան միակ ֆուտբոլիստն է, ում այս ակումբի երկրպագուները չեն սուլում, այլ ընդհակառակը՝ ծափահարում են շատ բուռն և հոտընկայս: Բանն այն է, որ Աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակչում գոլից հետո Ինիեստան ցույց տվեց իր շապիկը, որի վրա գրված էր՝ «Daniel Jarque: siempre con nosotros»: Այս գրությունը նվիրված էր «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Դանի Խարկեին, ով վաղաժամ հեռացել էր կյանքից: Խաղից հետո Ինիեստան շապիկը նվիրել է «Էսպանյոլի» թանգարանին: Մինչ օրս էլ Անդրեսը Խարկեի ընտանիքի կողքին է և պարբերաբար կազմակերպում է ֆուտբոլային հանդիպումներ՝ ի հիշատակ Դանի Խարկեի:

Սեփական ակումբի փրկիչը

Ինիեստան 8-12 տարեկան հասակում խաղացել է «Ալբասետե» մանկական ակումբում: Այս ակումբը 2012 թվականին սնանկացման եզրին էր հայտնվել: Ակումբի ղեկավարությունը վաճառքի հանեց ակումբի բաժնետոմսերը. այս բաժնետոմսերի մեծամասնությունը գնեց հենց Անդրեսը՝ վճարելով 420 հազար եվրո: Մեկ տարի անց ակումբը նորից հայտնվեց ծանր կացությունում. այս անգամ Ինիեստան հրապարակային ելույթ ունեցավ՝ խնդրելով օգնել ակումբին: Գումարը բավականաչափ չհավաքվեց, և Անդրեսը նորից սկսեց ծախսել սեփական միջոցները: Ընդհանուր հաշվով՝ ակումբի վերականգնման գործի համար Անդրեսը ծախսեց 1 միլիոն եվրոյից ավելի գումար: Այսպիսով՝ նա դարձավ ակումբի սեփականատերը: «Ալբասետեի»   ղեկավարման գործով այժմ զբաղվում է Անդրեսի հայրը:

Գինի Անդրես Ինիեստայից

Bodega Iniesta. այսպես է կոչվում Ինիեստայի գինեգործության կենտրոնի թողարկած գինի: Ինիեստան անտարբեր չէ գինիների հանդեպ և իր աշխատանքից ստացած եկամուտի մեծ մասը նվիրում է հենց գինեգործության զարգացմանը: Առայժմ ֆուտբոլը թույլ չի տալիս Անդրեսին ամբողջովին ներգրավվել այս աշխատանքում, այդ պատճառով գինեգործության կենտրոնը ղեկավարում է Անդրեսի հայրը՝ Խոսե Անտոնիոն: Ինիեստայի հեղինակությունը շատ է օգնում գինիների ճանաչման հարցում:

Աննան և Վալերիան

Անմիջապես Եվրո-2012 առաջնությունից հետո, որտեղ Ինիեստան ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ, նա ամուսնացավ Աննա Օրտիսի հետ: Մինչ ամուսնությունն Անդրեսը և Աննան 3 տարի ապրում էին միասին: 2011 թվականին ծնվել էր Անդրեսի և Աննայի աղջիկը՝ Վալերին, ով հնարավորություն ունեցավ մասնակցելու ծնողների հարսանիքին:

2014 թվականին պետք է ծնվեր զույգի երկար սպասված տղան, բայց, ցավոք, Աննան կորցրեց երեխային: Իր վիշտն Անդրես Ինիեստան որոշեց մոռանալ խաղադաշտում. 2014 թվականի մարտը կարելի է համարել լավագույններից մեկն Անդրեսի կարիերայում:

Անդրես Ինիեստան միշտ նշել է, որ իր համար կարևոր են ոչ թե անհատական պարգևները, այլ առաջնային է թիմային հաղթանակը: Այս խոսքերին ամբողջովին հավատալու համար պետք է պարզապես դիտել մեկ խաղ Դոն Անդրես Ինիեստայի մասնակցությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս