Բաժիններ՝

Հայաստանի մշակութային աստղագիտությունը

Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումը, արդեն մի քանի տասնամյակ է, առանձնացվել է՝ որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Համաշխարհային գրականության մեջ այն կոչվում է «Աստղագիտությունը մշակույթում», «Աստղագիտություն և մշակույթ» կամ «Մշակութային աստղագիտություն»: Երկնային երևույթները միշտ էլ խորհրդավոր իմաստ են կրել. շատ դեպքերում դրանք վերագրվել են վերին ուժերին: Տարբեր ժողովուրդների դիցաբանության և մշակույթի այլ ոլորտներում դրանք մշտապես առկա են, ավելին, զանազան դիցաբանություններում գերիշխում է աստվածների հենց երկնային ծագումը: Մյուս կողմից՝ բոլոր ժողովուրդների պատմության մեջ և մշակույթում կարևոր դեր են խաղացել օրացույցները, որոնք ամբողջովին հիմնված են աստղագիտական գիտելիքներ վրա և, հետևաբար՝ մշակութային աստղագիտության մաս են կազմում: Մշակութային աստղագիտությունը դրսևորվում է կրոնի, դիցաբանության, ազգագրության, բանահյուսության, պոեզիայի, գեղարվեստի, երաժշտության, լեզվաբանության, նշանաբանության, հերալդիկայի, աստղաբանության և այլ ոլորտներում:

11199020_10204550281701240_1866675850_n

Վերջին տարիներին աշխարհում լուրջ ուշադրություն է դարձվում այս բնագավառին, մասնավորապես՝ ստեղծվել են միջազգային կազմակերպություններ, անցկացվում են գիտաժողովներ, տպագրվում են ամսագրեր: Հայաստանը նույնպես հարուստ է մշակույթի տարբեր ոլորտներում աստղագիտական գիտելիքների դրսևորմամբ, բայց մշակութային աստղագիտությունը բավականին թույլ է զարգացած, և, որպես կանոն, կան միայն առանձին ուսումնասիրություններ հարակից թեմաների շուրջ, և այս կարևոր ոլորտին համակարգված մոտեցում առայսօր չի ցուցաբերվել:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական կազմակերպության (SEAC-Societe Europeenne pour l’Astronomie dans la Culture) անդամ Արեգ Միքայելյանը կարևորելով այս ոլորտը՝ նշեց, որ Հայաստանում առաջիկա տարիներին պատրաստվում են կազմակերպել «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական կազմակերպության տարեկան գիտաժողովներից մեկը:

Կարդացեք նաև

Միայն վերջերս Հայկական աստղագիտական ընկերության էլեկտրոնային տեղեկագրում գործում է «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» մշտական բաժինը, որտեղ ամեն ամիս տեղադրվում են այս թեմային առնչվող նորություններն ու ուսումնասիրությունները: Տպագրվել են այս ոլորտը Հայաստանում ներկայացնող հոդված, Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմաստղագիտական գիտաժողովի և «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս