Լեոնիդ Դոբիչին (1896-1936)

Լեոնիդ Դոբիչինի մունջ անհետացումն առավել առեղծվածային չէր, քան նրա մենավոր ու դժբախտ կյանքը: Նա իր վերջին նամակներից մեկում գրում էր` «Ուզում եմ ինչ-որ մեկին բողոքել, բայց սակավ են մարդիկ»: Նրա «քչախոս» արձակը` մի վեպ, մի վիպակ եւ քսաներեք պատմվածք, ապշեցնում է իր կուռ, եգիպտական բուրգ հիշեցնող հոծությամբ, երբեմն` թվացյալ կցկտուրությամբ, ճշգրտությամբ, քնքշությամբ եւ միաժամանակ մի տեսակ ակամա անողոքությամբ:

Գրողների միության ողբալի համագումարից անհետանալուց հետո եւ իրեն Նեւա գետը նետելուց առաջ նա գրել էր` «Իսկ ինձ մի փնտրեք` ես ուղեւորվում եմ հեռավոր վայրեր»: Ինչպես նշում էր նրա հետազոտողներից մեկը, նա, իրոք, կարծես այս աշխարհից չէր, այն դեմքով, որ պահպանվել է լուսանկարներում, կարող ես պատկերացնել ինչ-որ այլմոլորակայինի, ինչ-որ անհայտ, փոքրիկ, ու երկրից էլ դժբախտ, հինավուրց մոլորակից:

Լեոնիդ Դոբիչինի արձակը միանգամայն տարբեր է թե Անդրեյ Բելու զարդադրվագումից, թե Կոնստանտին Վագինովի քնարական պաթոսից, թե, ասենք, Զոշչենկոյի ասքից եւ կամ թե Անդրեյ Պլատոնովի հոսանուտ, լեզվական գյուտերով ու էքսպերիմենտներով հարուստ շլացուցիչ արձակից:

Դոբիչինի մի տեսակ աներեր ու անվրդով հայացքով աշխարհն արձանագրող «չորուկ» արձակը շատերին էր շփոթեցնում:

Իսկ այնուհետեւ սկսվեց երկարատեւ ու տանջալից հալածանքը` ֆորմալիզմի ու հոռետեսության մեջ տափակ ու կծու մեղադրանքները:

Դոբիչինի «ոճական անհամաձայնությունները» խորհրդային իրականության հետ անլուծելի դարձան, կասկածի տակ դնելով այդ միջավայրում գրական ստեղծագործության ծավալման հնարավորությունն անգամ:

«Արդյո՞ք հնարավոր են ինչ-որ այլացումներ»,- վերջին նամակներից մեկում նա տանջալիորեն իր ուղեղից պոկում էր այս հարցը: Սակայն պարզվեց, որ այլացումներ չէին ենթադրվում:

Դոբիչինը չաքսորվեց: Բայց նրա ճակատագիրը, թերեւս, ամենածանրերից մեկը եղավ: Նրան ոչնչացրին ոչ թե ղեկավարները, այլ «գրչեղբայրները»: Դա համամիութենական թափի մի ներկայացում-ֆարսի փորձ էր, ուր փոխվում էին միայն հերոսները:

Ինչպես նկատել է Դոբիչինի կենսագիրներից մեկը, այդ շրջանի ռուս գրականության մեջ նա մնում էր նույնքան միայնակ, որքան Անդրեյ Պլատոնովը` նա չէր կարող վերափոխվել կամ այլացվել, դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն վերափոխվել, այլ կորցնել թե գրողական բնույթն ու տեսակը, ինչը որ, գոնե նրանց համար, մահվան հավասար մի բան էր:

Դոբիչինը ստեղծեց իր ուրույն, ոչ մեկին չնմանվող ոճը, իր փոքր-ինչ տարօրինակ աշխարհը, որում ամեն ինչ չէր համապատասխանում այդ ժամանակվա համահարթեցնող, անասելիորեն միագիծ ու գորշ պատկերացումներին: Եվ, դատելով ամենայնից, Դոբիչինը դա լավ հասկանում էր` չի կարելի նորմալ մարդ մնալ գժանոցում:

Ահա 1935 թվականի վերջերին գրված Մանդելշտամի բանաստեղծություններից մեկի քառատողը ինչ-որ տեղ կարող է ընկալվել նաեւ՝ որպես Դոբիչինի ուրվագիր-դիմանկարը.

Հանուն թունդ խիզախման ապագա դարերի,
Հանուն բարձր ու վսեմ մարդկանց ցեղի,
Զրկվեցի եւ թասից խնջույքում հայրերի,
Եվ սեփական պատվից, եւ ծիծաղից:
(Թարգմ. Հր. Բեյլերյանի)

Ինչպես նա ինքն էր գրում իր հերոսներից մեկի մասին` «նա միշտ չէ, որ այստեղ էր ապրում»:

Եվ, ուրեմն, ապրում էր…

ԿՈԶԼՈՎԱՆ
«Հանդիպումներ Լիզի հետ» ժողովածուից
1
Էլեկտրականությունը վառվում էր երեք ջահերում: Քառասունութ սովետական ծառայողներ երգում էին երգչախմբի տեղում: Եկվոր քահանան կանխագուշակեց, որ շուտով Աստված հարություն կառնի եւ կհատնեն թշնամիները նրա:

Կոզլովան համբուրեց խաչը եւ ճակատի վրայի յուղը տրորելով, հրմշտելով ուղղվեց դեպի ելքը: Հազիվ անցավ հրապարակի միջով` հրթիռներ էին բաց թողնում, բախվում էին միմյանց, ինչ-որ բան էին գոչում, այրում էին` գլուխը եռանկյունու մեջ կարտոնե հայր-աստծուն, հնչում էր «Ինտերնացիոնալի» երաժշտությունը:

– Սրիկաներ,- շշնջում էր Կոզլովան,- հալածիչներ… – Ձյունը ճռթճռթում էր ոտքերի տակ: … կոկած մասերը յուղոտ փայլում էին: Ռոզա Լյուքսեմբուրգի եւ Կարլ Լիբկնեխտի դպրոցի վրա կեցած էր փոքրիկ կանաչավուն լուսինը: Կոզլովան հոգոց հանեց` այստեղ մոսյե Պուանկարեն ֆրանսերեն էր ուսուցանում:

Նա ավելի դանդաղ գնաց: Հիշողության մեջ հառնեցին մոսյեյի հետ ընկերության հաճելի պատկերները:

Ահա` թեյը: Մոսյեն պատմում է Լուրդի Աստվածամոր մասին: Ավդոտյան բացում է դուռը ու աչք է ածում: Կոզլովան հայացքով ցույց է տալիս նրան:

– Բարեհամբույր կին է,- ասում է մոսյեն:

Հետո նա գդակը ձեռքն է առնում: Կոզլովան կանգնում է, եւ նրանք արտացոլվում են հայելում` նա, կոկիկ, ճերմակահեր, հրաժեշտ է տալիս, իսկ նա` ձիգ, երկար զգեստով, ձախ ձեռքի մատները աջի մատներում, նրբին քիթը փոքր-ինչ թեք ընկած, բարալիկ շուրթերի վրա` հնաոճ ժպիտը:

– Եկեք, մոսյե:

Իսկ ահա` կինեմատոգրաֆում: Ջութակ են նվագում: Մոսյեն վաղը մեկնում է: Կանաչավուն տակառի միջի բարալիկ ծառից դանդաղ թափվում են տերեւները:

– Ինչ տխուր է, մոսյե: Կարմիր գործած կոֆտայով աղջիկը քաշում է վարագույրն ու ներս է թողնում: Կտավի կողքերից կախված են Լենինն ու Տրոցկին… Զավեշտական զոքանչը ջարդում է ամանեղենն ու կահույքը, փայլում են գեղեցկությամբ շվեյցարական լճերը, առկայծում են պերճաշուք դրամայի վեց մասերը` Կլոտիլդան թունավորվել է: Ժաննան իրեն պատուհանից դուրս է նետել, իսկ Շարլը կամաց-կամաց հեռանում է «Հանրապետություն» նավով, եւ նրան սկսում է թվալ, որ ողջ պատահածը լոկ երազ էր:

– Այդպես էլ դուք, մոսյե, կմոռանաք մեզ, հանց երազ:

– Օ, մադմուազել:

Հետդարձի ճամփան լեցուն է զեղումներով: Հիասքանչ Ֆրանսիայում մոսյեն կմտածի նրա մասին: Նա կհետեւի քաղաքականությանը:

«Էլ ում կոչես մեր ժամանակների Սիվիլա, եթե ոչ մադամ դե Տոբին»,- կգրի նա, երբ հնարավոր կլինի նման մի բան սպասելը:

2

Երեկոները Կոզլովան նստում-մնում էր ծալովու վրա` կարկատում էր սպիտակեղենը կամ կարդում էր «Նիվայի» հավելվածները: Երեքշաբթին կանացի օր էր` Ավդոտյայի հետ գնում էին բաղնիք, երեխաները գոռում էին, լագանները շրխկում էին, հերարձակ հաստափոր կանայք, ծխացող գոլորշու մեջ ավելներով մտրակում էին միմյանց: Կիրակի ամեն մեկը մի կողով վերցրած ուղեւորվում էր շուկա:

– Քաղաքացուհի, քաղաքացուհի,- դուրս ցցվելով կրպակներից, թախանձագին կանչում էին վաճառողուհիները,- օրիորդ կամ տիկին:

Երբեմն գալիս էր Սուսլովան, եւ երկար թեյ էին ըմպում. տանտիրուհին` բարեպատշաճ, սիրալիր ժպիտով, հյուրը` գզգզված, գեր, արմունկները սեղանի վրա եւ աղմկոտ հոգոցներով: Խոսում էին ծանր կյանքից ու հին ժամանակներից: Ավդոտյան դռան արանքում կանգնած լսում էր:

– Պետերբուրգում ես ինչ-որ մեկին տեսա,- պատմում էր կլորաթուշ Սուսլովան, հայացքը մտազբաղ հառած բաժակներին (մեկը Ձմեռային պալատով էր, մյուսը` Ծովակալականով): -Չգիտեմ, գուցե հենց կայսրուհուն. գնում եմ ապարանքի կողքով, մեկ էլ կառք է մոտենում, դուրս է թռչում մի տիկին եւ մուտքից ներս մտնում:

– Գուցե, տնտեսուհին էր ապրանքներով,- պատասխանում է Կոզլովան:

Ձմեռն անցավ: Մայիսի մեկին Կոզլովան լվաց երկու կոֆտաներն ու կես փութ թաշկինակ` թող չորանան: Բաց պատուհանից թռչում-գալիս էին նվագախմբի ձայները: Եկեղեցուց բերել էին սուրբ Կուկշայի սրբապատկերը: Գնացել էին դիմավորելու: Հուզված վերադառնում էին:

– Սրիկաներ, հալածիչներ:

– Աստված, ե՞րբ կազատվենք…Մուսյոյին էի՞ր գրում:

Հետո լուսնյակը ելավ, ու հոգիները հանդարտվեցին: Տաճարում հնչեցրին զանգերը: «Կարմիր հոկտեմբեր» այգում վալս էին նվագում: Հանդիպեցին Դեմեշչենկոյին, Գարաշչինկային եւ Կալետաեւային, մտախոհ, թխկենու ճյուղերով:

Գետավերեւում կանգնեցին ու նայեցին լուսնի ժապավենին ու բալալայկայով նավակին:

– Վենետիկ,- շշնջաց Կոզլովան:

– «Վենետիկ էհ Նապոլի»,- պատասխանեց Սուսլովան, եւ լռելով, ասաց ցածր ու երազկոտ,- երբ վառվում էր կոոպերատիվը, այրվեց օծանելիքը, եւ այնքան լավ հոտ էր գալիս…

Լուսադեմին մահճակալի մոտ ինչ-որ մեկը հազաց: Կոզլովան շրջվեց ու տեսավ սուրբ Կուկշային` երկնագույն փորուրարով, ինչպես սրբապատկերում: Նա նրան հանձնեց հինավուրց ձեռագիրը, եւ նա կարդաց այն, ինչ գրված էր այնտեղ. «Դե էլ ում կոչես մեր ժամանակի Սիվիլա, եթե ոչ մադամ դե Տեբին»:

Հուզված արթնացավ եւ վաղ դուրս եկավ, որպեսզի գրասենյակից առաջ վազեր տաճար: Դուռը փակ էր: Կոզլովան հրեց դռնակն ու նստեց այգում սպասելու:

Պայծառակերպությամբ ու կանաչ գմբեթով սյունը կեցած էր թխկիների վերեւում, հալչում էին մարմնագույն փուխր ամպերը, եւ ընդմեջ նրանց տեղ-տեղ թափանցում էր երկնագույնը: Դուռը ճռռաց, եպիսկոպոսը ելավ պահատնակից` գլխաբաց, կեղտաջրի դույլով: Կանգնեց, հաշվելով դիտանոցի ժամացույցի հարվածները, եւ իր դույլը շուռ տվեց պայծառակերպությամբ սյան տակ:

«Քիչ է մնացել տանջվելու,- բերկրալի մտածում էր Կոզլովան, նայելով նրա ետքից:

Փութանակի ճաշեց` ուզում էր Սուսլովայի մոտ անցնել, բայց սեղանի մոտից ելնելով նվաղեց ու հազիվ հասավ մինչեւ մահճակալը: Արթնանալով, ալարեց Սուսլովայի մոտ գնալ: Ավդոտյային ուղարկեց կովին դիմավորելու եւ գնաց բանջարանոց: Արեւը մայր էր մտնում, եւ մայրամուտը պարզունակ էր, մի շերտը` կարմրավուն, եւ մեկն էլ` կանաչավուն:

Կոզլովան ջրելու սիրահար էր:

– Երբ ջրում ես,- ասում էր նա,- հոգին հանգստանում է եւ թաղվում է քաղցրավետ վիճակի մեջ:

Տասներկուերորդ ցնցուղն էր պարպում, եւ լուսինը փայլում էր արագ անհետացող ջրափոսերում: Նվագախումբը դղրդաց: Կոզլովան նետվեց դեպի դարպասը:

Փոշուց փռշտաց: Ծխոտ կրակները ծածանվում էին ջահերի վրա: Արտացոլվում էին պղնձե շեփորներում: Կերզոնը ճոճվում էր կախաղանի վրա: Լույսը սահում էր երթաքայլողների դեմքերի վրայով:

– Մեկ, երկու: Ձախ: Կեցցե կոմունիստական կուսակցությունը: Ուռա:

Բերանը բաց, երթաքայլում էր Սուսլովան:

Խավարի միջից վազեց Ավդոտյան. «Անգլիան պատերազմում է»:

Տապանակների առաջ վառեցին կանթեղները եւ երկու լամպերի լույսի ներքո իսկական թեյ էին խմում: Թորած նավթի ու մրի հոտ էր փչում: Պայծառ դեմքով, Կոզլովան դեղորայքի պահարանից մի բանկա ազնվամորի հանեց:

– Զատիկ է,- վայելք էր ապրում Ավդոտյան:

Հայհոյում էին հիմարի գլուխ Սուսլովային:

3
Նստած էին արտաժամյա աշխատանքի: Ճանճերը կծոտում էին: Զնգում էր մեծ զանգը, դռդռալով, ձայնակցում էին ապակիները:

Դեմեշչենկոն կքել էր սեղանի վրա եւ քերծագրում էր.

– Ընկեր Լենին:

Գարաշչենկոն եւ Կալեգաեւան փռվել էին աթոռների վրա, արեւածաղիկ էին չրթում ու նայում էին նորին:

– Վաղը` Հովհան-մարտիկի օրն է,- ասաց նոր, կարմրաթուշ պճնամոլ պառավը: – Երբ դուք ինչ-որ մեկի հետ վիճեք, աղոթեք Հովհան-մարտիկին: Ես միշտ էդպես եմ անում, եւ գիտեք. նրան տարան ու երեք տարի տվեցին:

«Լավ կին է,- մտածեց Կոզլովան,- կրոնասեր է… Սուտիրկինա, ոնց որ թե»: Բերեց իր թուղթն ու գրիչը Սուտիրկինային.

– Դուք որտե՞ղ եք ապրում:

Միասին ելան: Կոզլովան` լրջմիտ, երկնագույն կեղտոտ ցաքուցրիվ դեղին կլորակներով շարֆով:

Սուտիրկինան` անդադրուն, հին ծղոտե փետրազարդ գլխարկով:

Դռնակների մոտ աղջիկների մոտ կոտրատվում էին սիրատածուները: Տղեկները բղավում էին՝ «մենք խիզախ մարտի կելնենք»:

Նստում էր օրվա ընթացքում բարձրացած փոշին: Ցցված էին «անտառի օրվա» տնկած ծառերի կտորտանքները: Լեշահոտ էր փչում:

– Իմ քաթանե վերարկուն,- ասում էր Սուսլովան,- ես ստացել էի ֆինկոաշխատանքից: Տասնինը թվին ես նրանց մոտ հսկում էի այգին: Ապրում էի քողտիկում: Գալիս էին ծանոթներս, եւ, ասեմ, առանց պարծենալու, մենք պոեզիայով լեցուն երեկոներ էինք անցկացնում:

Կոզլովան լսում էր այնպիսի դեմքով, ասես նրա բերանում կոնֆետ լիներ` պոեզիայով լեցուն երեկոներ:

– Դուք ասում եք՝ տասնինը թվին,- ասաց նա սիրալիր ու հաճելի ձայնով: – Հիշում եք, բոլորն այն ժամանակ ախ էին քաշում՝ էսինչը կուտեի, էսինչը կուտեի: Իսկ ես մի երազանք ունեի` կուլիչով մի լավ սուրճ ըմպել:

Նրանք ընկերացան: Հաճախ միմյանց մոտ թեյ էին խմում, եւ երբ անձրեւ չէր լինում, քայլելով քաղաքից դուրս էին գալիս: Խոսում էին ղեկավարության, պատուհանների վերանորոգման մասին, հիշում էին անցած մոդաները:

– Դուք չե՞ք եղել նահանգային օլիմպիադային,- երբեմն հարցնում էր Սուտիրկինան,- համարյա լրիվ մերկ: Թու, ինչ անպատկառություն:- Եվ ժպտալով, երկար լռում ու հեռուն էր նայում:

Մեկ թե երկու անգամ հանդիպեցին Սուսլովային, եւ նա կանգ էր առնում, եւ, շրջվելով, նայում էր նրանց, մինչեւ որ տեսադաշտից հեռանային…

Հայելային խաչերում այրվում էր արեգակը: Վառ դեղնին էին տալիս թխկիները: Կարմիր փնջերով սնձենիները Կոզլովային հիշեցրին մորու փնջերը: Նա կանգ առավ, գլուխը թեք հակեց եւ ձախ ձեռքն աջի մեջ բռնած, գեղեցկորեն զմայլվում էր:

Հասավ Սուտիրկինային.

– Վատ եղանակ չէ: Հաճույքով ցուցահանդես կգնայի: Շատ լավն է, ասում են, Լենինը ծաղիկներից…

Կոզլովան շուրթերը սեղմեց:

– Գիտեք ինչ,- արժանապատվությամբ նրան ասաց Սուտիրկինան,- ես միշտ հարմարվում եմ ժամանակի շնչին: Հիմա էնպիսի հովեր են, որ գնաս ցուցահանդեսի, հավելես քո գյուղատնտեսական գիտելիքները:

Անձրեւը խփում էր ապակիներին: Պատուհանից անդին օրորվում էին սեւ ոստերը: Գրասենյակում մութ էր: Դեմեշչենկոն, Գարաշչենկոն եւ Կալագաեւան հորանջում էին եւ երկար կանգնած էին վառարանի մոտ: Սուտիրկինան թերթ էր կարդում:

– Ահա երկու հետաքրքիր հայտարարություն:

Բոլորը նայեցին նրան, նա ելավ ու հազաց: Մեկը Խարինից էր` նոյեմբերի յոթի առթիվ նրա մոտ հացի եւ հրուշակեղենի վիթխարի հավաքածու էր: Մյուսը` եպիսկոպոսից` նոյեմբերի յոթի առթիվ բոլոր եկեղեցիներում հանդիսավոր ժամերգություն եւ շնորհակալական մաղթանք է լինելու:

– Հասկանում եք, հիմա ի՞նչ հովեր են:

4
Կոզլովան նստել էր տաք ծալովու վրա ու կարդում էր «Նիվայի» հավելվածները: Ավդոտյան հատակն էր լվանում: Հավելվածներից մկնահոտ էր փչում եւ օշինդր` օշինդրե ավելից:

Ալեքսանդրա Նիկոլաեւնան ամուսնացել էր Պյոտր Իվանովիչի հետ. պսակի տակ կանգնած, նրանք փայլում էին գեղեցկությամբ: Իսկ Ալեքսեյ Եգորիչը ամեն տոնի գալիս էր նրանց մոտ եւ, կուշտ ճաշից հետո, հարմարավետ բազկաթոռի վրա նստած խոր հոգոց էր հանում:

Կոզլովան փակել էր աչքերն ու մի քանի րոպե վայելք էր ապրում այս հաճելի ավարտից: Հետո բոսորագույն մանուշակներով փայտե արկղիկից չորս հատ գնդասեղ հանեց ու ամրացրեց շրջազգեստը: Նա ինքն էր նկարել այդ մանուշակները, երբ դեռ ջահել էր:

Հագավ կաճյակները, գործած գլխարկը, կոֆտան ու գնաց զբոսնելու:

Վրա հասավ Սուսլովան` կարմրատակած, մեծ գլխաշորով, թեւատակին աքլոր:

– Դե ի՞նչ,- քրթմնջում էր նա: -Վաղուց չենք հանդիպել: Ծանր է ապրելը: Ահա, աքլոր եմ առել` երկու անգամվա: Էսպիսի ընտանիք ունենալով…Մուսյեն չի՞ գրում:

Կոզլովան բռնեց նրա ձեռքերը:

– Հինգն անց կես եկեք:

Ճամփին թռչկոտում էին կապուտաչյա ճայակները: Ցածր կախված էին ամպերը: Երբեմն ցատկոտում էին փաթիլները:

Հաճելի մտքերից քթի տակ ծիծաղելով, Կոզլովան թափառում էր փողոցներով: Մտավ լվացարան հիշեցնող հուշարձաններով գերեզմանոցը եւ, ժպտալով, խոնարհվեց ծնողների գերեզմաններին…

Դարպասից երեւում էր սուրբ Կուկշայի եկեղեցին` բարալիկ եկեղեցիները, ցմփոր աշտարակները: Հիշվեցին ալ-շագանակագույն դղյակը, դեղին ծովակալությունը:

Այսօր երեկոյան դյուրազգաց Սուսլովան կհիանա բաժակներով, կլռի, մտորմունքի մեջ կընկնի ու կպատմի, թե ոնց է տեսել կայսրուհուն: Հարմարավետ, ինչպես «Հավելվածների» վեպում, կաղմկի ինքնաեռը, լամպից տնավարի թորած նավթի հոտ կգա:

– Դուք ինձ, ոնց որ թե, հանդիպել եք այս կնոջ հետ,- կասի Կոզլովան:

– Նրա հետ մեր միջեւ իսկական ընկերություն չեղավ:

Սյուների վրա վառվեց էլեկտրականությունը` դեղին պուտեր գորշ ամպերի տակ: Երկու սայլաբեռ վառելափայտ մտավ Կարլ Լիբկնեխտի ու Ռոզա Լյուքսեմբուրգի դպրոցի դարպասից ներս… Այստեղ ուսուցանում էր մոսյե Պուանկարեն:
1923թ.

ՀԱՅՐԸ
«Դիմանկար» ժողովածուից

Օդաչուի գերեզմանի վրա խաչ կար` պրոպելլեր: Որոշ տեղերում հետաքրքիր թղթե պսակներ էին դրված: Ջարդած ապակիներով հաստաբեստ եկեղեցին նայում էր թխկիների ետեւից: Լորենին ճկել էր կլոր նստարանը:

Հայրը տղաների հետ գերեզմանի միջով գնում էր դեպի գետակը: Թփերի ետեւում, այնտեղ ուր գայլուկն էր, թաղված էր մայրը:

– Նրա մոտ հետո,- ասաց հայրը,- թե չէ ալիքների մոտ կուշանանք:

Շչակը ոռնաց:

– Շուտ,- գոչեցին երեխաները:

– Շուտ,- փութաց հայրը:

Բոլորը վազում էին: Դռնակի մոտ կեցած էր թիթեղի վրա նկարված եւ կտրած հրեշտակը; Շտապելուց մոռացան կանգնել եւ, գլուխները վեր բերած, հիանալ նրանով:

Վազեցին արահետով, եւ դարձյալ հնչեց շչակի ձայնը:

– Կուշանանք,- փութացնում էր հայրը:

Սրտները խփում էին, գլխներում դմբդմբում էր:

Բաճկոնները դեն էին նետում եւ ոտքերը վարտիքներից ազատելով, ընկան գետնի վրա` հասցրին: Աջից դռռում էր, մոտենում էր ծուխը, շոգենավի քիթը, ճերմակ, երեւաց թփերի ետեւից: Վեր թռան, պար բռնեցին, գլխարկները թափահարեցին: Փառահեղ կապիտանը հրամանատարություն էր անում: Ակն աղմկում էր, թշշում էր փրփուրը, հետքը ջրի մեջ եռում էր: Նստեցին, որովհետեւ տախտակամածից կանայք էին նայում, եւ, կողքանց նրանց նայելով, ծնկներով սեղմել էին ձեռքերը:

– Շրմփ,- վրա հասավ առաջին ալիքը:

– Շուտ,- բոլորը նետվեցին: Գետն ասես ծով լիներ:

– Ուխ,- գոռում էին մարդիկ ու վեր էին թռչում:

– Ուխ,- գոչում էր հայրը, տղաներին ձեռքերի վրա բռնած ու ցատկոտելով:

– Ուխ, ուխ,- ճչում էին նրանք, նրա վիզը գրկած, եւ ծղրտում էին:

Ալիքները վերջացան: Հայրը, շոգենավի պես փնչացնելով, չորեքթաթ քայլում էր ջրի մեջ: Հետո նա օճառվում էր, եւ նրանք հերթով շփում էին նրա մեջքը, մեծերի պես: Շտկվելով, նա զննում էր իրեն ու շարժում էր մկանները. երեկոյան նա պետք է ուղեւորվեր Լյուբով Իվանովնայի մոտ: Նա մտածում էր.

– Բայց փոխարենը ես վատ հայր չեմ:

Դանդաղ ետ էին վերադառնում:

– Թե չէ լող տվածը,- ասում էր հայրը,- բանի տեղ չի անցնի:

– Արահետով երկար դուրս էին գալիս: Փչում էին խլածաղիկները եւ պոկոտում էին երիցուկի թերթիկները: Շրջվում ու նայում էին ներքեւ: Ափով մեկ գնում էին կովերը, արտացոլվելով գետում: Երբեմն նրանք մռնգում էին: Կայանի մոտ վառվեցին լույսերն ու շողշողում էին: Արեւը մայր էր մտել: Աստղերը դեռ չէին երեւում: Դռնակի վերեւի հրեշտակը մթնդել էր:

– Դուք էստեղ սպասեք,- ասաց հայրը լորենու մոտ:

– Ես կգամ:

Նրանք, գլխարկները հանած, նստեցին ու ձեռք ձեռքի տվեցին: Մոծակը ծվծվում էր:

Թփերը սեւ, միաձուլվում էին: Խաչերի ծայրերը նրանցից դուրս էին ցցվում: Գայլուկը պեծկլտում էր: Այստեղ հայրը կանգ առավ եւ անգդակ կանգնել էր: Նա եկել էր Լյուբով Իվանովնայի կապակցությամբ եւ ճմլվում էր` ինչպե՞ս եւ ի՞նչ ասի:

Իսկ տղեկները սահմռկում էին: Մեռյալները պառկած էին գետնի տակ: Եկեղեցու ջարդված պատուհանից կարող էր ինչ-որ մեկը նայել, այնտեղից կարող էր ձեռք երկարել: Երբ հայրը եկավ, լավ եղավ:

Հաճելի էր գնալ փոշոտ փափուկ փողոցներով: Ինչ-որ տեղ վառվում էին լապտերները: Կրպակները փայլկտում էին: Բակերում տանտիրուհիները զրուցում էին նախրից եկած բարեպատշաճ կովերի հետ: Քաղաքային այգում հրշեջները փութով միանում էին վալսին: Հայրը գլանակ ու երկու քաղցրաբլիթ գնեց: Ախորժանք ապրելով, լռում էին:

ԽԻՐՈՄԱՆՏԻԱ
«Դիմանկար» ժողովածուից

Պետրովը բավականությամբ ներս քաշեց օծանված օդը եւ, համրելով սպասողներին, նստեց: Լադիսլավը ներողություն խնդրեց, բացակայեց սափրվողի մոտից եւ սողնակը փակեց:

– Ես հասցրի,- ծիծաղեց Պետրովը եւ մտածեց, որ դա լավ նշան է:

Վարսավիրները լուռ սափրում էին` հոգնել էին, շտապում էին եւ սիրալիրություններ շաղ չէին տալիս: Զրնգում էին մկրատները: Ծնունդը վրա էր հասնում: Զանգերը հանած էին եւ պատուհաններից անդին չէին գվվում:

– Պի,- երբեմն բասով ծղրտում եւ, փողոսը տարուբերելով, անցնում էր բեռնատարը:

Պետրովը չէր կարդում: Նա աչքի էր անցկացնում: Նա արդեն ուսումնասիրել էր, ամեն էջի վրա պատկերված ափերով, այս գիրքը: Նա այն ավարտել էր երեկ երեկոյան եւ, գոցելով, նստեց հայելու մոտ եւ հիշեց այն ոտանավորը, որ մի ժամանակ անգիր էր արել դպրոցում.

կատարված պարտքը, Աստծուց ավանդած
ինձ` մեղսավորիս:

Սափրված ու խուզված, նա ելավ: Նա անուշահոտում էր: Բեղերը, մորուսը եւ օձիքի ծայրերի մորթու ոլորագծերը եղյամով էին ծածկվել: Բարձր լուսինը լողում էր կանաչ շրջանագծում: Սարթ ձյունը ցոլքերով փողփողում էր: Ինչպես կեսօրին, հստակ էին պատերի աֆիշները: Պետրովն արդեն կարդում էր դրանք` «Գիտություն» հատկանշական թանգարանը գինեկոլոգիայի եւ հանքաբանության բաժանմունքներով եւ Սակո ու Վանցետին իջեցրել է գները:

Մարգարիտա Տիտովնան հեռու չէր ապրում: Պետրովը ծիծաղում էր: Ինչպես միշտ, նա վազ կտա մյուս սենյակ, մայրը նրան կկանչի, նա կգա հորանջելով ու օրորվելով եւ թթված դեմք կընդունի: Առանց քաշվելու նա կբռնի նրա ձեռքը, ափը վեր շուռ կտա, կկարդա, ինչ է եղել եւ ինչ է լինելու, ումից է պետք խուսափել: Նա հափշտակված կլսի…

– Մարգարիտա Տիտովնա,- մտովի երգում էր Պետրովը, ցնծալով ու մարմինը տարուբերելով:

Բարձր խոսակցելով, ձեռք ձեռքի տված անցան ֆիննական գլխարկներով երկու ընկեր:

– Ես նրան վիրավորական առաջարկություն եմ արել,- լսեց Պետրովը,- նա չհամաձայնվեց,- նախանշան, թերեւս, անբարենպաստ:

Եվ ճիշտ որ` Մարգարիտա Տիտովնան տանը չէր:

– Թանգարան է գնացել,- կարեկցեց մայրը:- Երեկոյան ժամասացության գնալը հիմա մոդա չէ,- քմծիծաղեց նա:

– Հա,- հոգոց հանեց Պետրովը:

– Մկան հախից եկա,- նրան զրույցով էր զբաղեցնում մայրը։- Ես թակարդի կեռիկի վրա սալ եմ հագցրել` այ հիմա արդեն կբռնվի:

– Կբռնվի,- քրքջաց Պետրովը:

Քայլերը ճղրտում էին: Լարերն ու ճյուղերը ճերմակին էին տալիս: Եկեղեցիները խամրած պատուհաններով նայում էին լուսնին: Թանգարանը շողում էր: Հիասքանչ նկարները, կարմիր` կարմիր լապտերներից, կախված էին մուտքի մոտ: Մի բուլղարուհի էր մահացել, ձյան վրա պառկած, եւ զինվորների գունդը որդեգրում է նրա աղջկան: Գորիլան կողմ է տանում ողկույզները, մոտենում է լողացող կույսին` «Կնոջ առեւանգումը»: Պետրովը քայլեց դեպի վարագույրի ետեւը եւ մաքրեց ակնոցը:

– Տոմս,- պահանջեց նա, շտկեց բեղերն ու դիպավ մորուսին եւ գրպանից դուրս ցցված խիրոմանտիային:

Թարգմանությունը Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԻ 
2009, Օգոստոս 20, «168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս