Բաժիններ՝

«Ի՞նչ հաշտվել, երկու երեխուս տվել, սպանել ա, ինչ հաշտվեմ». Վարդան Պետրոսյանի գործով տուժող

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով կայացված դատավճռի դեմ տուժողների և տուժողների իրավահաջորդների, ինչպես նաև դատախազի բողոքը:

Մինչ այդ դատարանը որոշեց մերժել նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Փաստաբանը միջնորդում էր դիմել առողջապահության նախարարին՝ հանձնաժողովը կազմելու համար, դրանում ներառել որոշ մասնագետներ: Ռուբեն Բալոյանը միջնորդում էր փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը՝ որոշել, թե ինչպիսի բուժում է անհրաժեշտ Տաթևիկ Հակոբյանին, բուժման նվազագույն տևողությունը և արժեքը, անհրաժեշտ անհետաձգելի վերականգնողական միջոցառումներ ժամանակին չկազմակերպելը կարո՞ղ է արդյոք բացասական հետևանքներ առաջացնել, թե ոչ, եթե այո, ապա ինչպիսի:

Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը միացավ իր ներկայացուցչի միջնորդությունը՝ նշելով. «Ես որպես մայր ուղղակի ձեզ խնդրում եմ ձեր իրավասության սահմաններում այս վեճը լուծել, քանի որ ինչքան երկար է տևում այս պրոցեսը, այնքան առողջության հետ կապված հետևանքները հետո ավելի վատ ու բարդ են լինելու: Ես ձեզ ուղղակի խնդրում եմ»: Մեղադրողն ասաց, որ չի կարծում, թե որևէ դատաբժշկական փորձաքնությամբ պետք է սահմանվի ինչ-որ գումարի չափ, որը հետագայում դառնա հայցի հիմնավորում:

Վարդան Պետրոսյանի պաշտպան  Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ միջնորդության մեջ շարադրված փաստական հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում, նա առարկեց միջնորդության դեմ: Նա ասաց, որ Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված վեճ չկա: «Վարդան Պետրոսյանն ասում է՝ ինչքան կկազմի այդ գումարը, ես կվճարեմ: Հետևաբար պարոն Բալոյանի միջնորդությունը, պարզ տրամաբանությունը հուշում է, որ անտրամաբանական է: Իմաստ չկա այդ փորձաքննությունը կատարելու»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով. «Մենք պատրաստ ենք վճարել, իրենք չեն գնում բուժման»: Նրա այս հայտարարությանն արձագանքեց Նաիրա Հայրապետյանը՝ նշելով. «Սուտ է ասում, նման բան չկա»:

Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ միանում է իր փաստաբանին, բայց որքան զարմանալի է, միանում է նաև Նաիրա Հայրապետյանին: «Իմ առաջարկը սա է: Առաջարկվում է պայմանագիր: Որոշեք դուք: Եթե դատարանի միջոցով է, միանում եմ ձեզ, խնդրում եմ՝ արագացրեք: Եթե ոչ, ես կարծում եմ, Բալոյանի առաջարկը՝ փորձաքննությունը, ուղղակի ձգձգում է»,- ասաց նա:

Դատարանի որոշման հրապարակումից հետո Նաիրա Հայրապետյանն ու տուժող Արթուր Հակոբյանը հայտնեցին, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը: Հարցին՝ արդյոք չե՞ն հաշտվելու, Արթուր Հակոբյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ հաշտվել, երկու երեխուս տվել, ապանել ա, ինչ հաշտվեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս