Մեր կալանավայրերում մարդիկ չեն ուղղվում, հանցագործ են դառնում

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների, մեղադրողի բողոքների քննությունը։ Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանը ներկայացրեց իր առարկությունները տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքի վերաբերյալ։

Նա նշեց, որ Ռուբեն Բալոյանն իր բողոքում նշել է, թե «գտնվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, դեռևս չապաքինված, ոչ աշխատանքային կիրակի օրը, ծանր վիրահատությունից 13 օր անց՝ այլ բաժանմունք տեղափոխվելու փոխարեն ամբաստանյալը անհետացել է, կորել է քննիչի տեսադաշտից, ինչը վկայում է այն մասին, որ վերջինս փորձ է արել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խուսափել պատասխանատվությունից»:

Վարդան Պետրոսյանն ասաց, որ իրականում ինքը ոչ քննիչի տեսադաշտից է կորել, ոչ էլ փախել է։ Նրա խոսքով՝ բժիշկների կողմից որոշվել է, որ ինքը կմնա վերակենդանացման բաժանմունքում ապահովության համար, որպեսզի «ինցիդենտներ» չգրանցվեն։

Նա նշեց, որ մի քանի օր անց բժիշկներն իրեն ասել են, որ կարող է մնալ հիվանդանոցում, կարող է նաև բուժումը շարունակել տանը։ Այդ պատճառով էլ ինքը գնացել է քրոջ տուն։

Վարդան Պետրոսյանն ասաց, որ, ըստ Ռուբեն Բալոյանի բողոքի՝ Վարդան Պետրոսյանի գործողություններն էլ պատճառ են հանդիսացել քննիչի կողմից ձեռնարկելու անհապաղ միջոցառումներ՝ Պետրոսյանի հնարավոր փախուստը կանխելու համար, անհապաղ միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նաև Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի վարքագծով, այն է՝ համաձայն գործում առկա տեղեկանքի՝ ամբաստանյալի քույրը հրաժարվել է նախաքննության մարմնին տրամադրել տեղեկատվություն ամբաստանյալի գտնվելու վայրի մասին:

Իրականում, Վարդան Պետրոսյանի խոսքով՝ քննիչը զանգել է իր քրոջը, ով ասել է իր գտնվելու վայրը, նշել, որ առողջական վիճակի պատճառով չի կարողանա հարցաքննվել։ Նա ասաց, որ գործում առկա է քննիչի կազմած արձանագրությունը, որում նշված է, որ քննիչը զանգահարել է իր քրոջը, ով հայտնել է իր գտնվելու վայրը, սակայն մերժել է հարցաքննելը։

Միևնույն ժամանակ, Վարդան Պետրոսյանն ասաց, որ՝ իմանալով իր գտնվելու վայրը, քննիչը իրեն փնտրել է այլ վայրերում, ապա եկել քրոջ տուն՝ իրեն ձերբակալելու համար։ Նրա խոսքով՝ տեղեկություններ են շրջանառվել նաև այն մասին, թե իրեն բռնել են տանը՝ ճամպրուկները ձեռքին կալ էլ օդանավակայանում։

Վարդան Պետրոսյանն ասաց նաև, որ ինքը առաջին իսկ օրվանից էլ ասել է, որ պատրաստ է հոգալ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը, օգնել որքանով կարող է, ցանկացել է հաշտության եզրեր գտնել, սակայն չի ստացվել։

Նա նշեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում տուժող Արթուր Հակոբյանին զայրացրել է նիստի մասնակիցների ծիծաղը, սակայն վերջիններս ծիծաղել են այն պատճառով, որ նշվել է, որ իրեն 6 տարվա ազատազրկման դատապարտեն՝ ուղղվելու համար։

«5 տարին ինձ չի ուղղելու, 6 տարին է ուղղելո՞ւ»,- հեգնեց նա՝ նշելով, որ մեր կալանավայրերում մարդիկ չեն ուղղվում, հանցագործ են դառնում։ Վարդան Պետրոսյանն ասաց, որ վերաքննիչ դատարանում հնչեցված «մեղադրանքները» կարդացել է կալանավորների մոտ։ «Հռհռում են, հռհռում»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ նշելով. «Մի նեղացեք, նրանք ձեր վշտի վրա չեն ծիծաղում»։

Տեսանյութեր

Լրահոս