Բաժիններ՝

Անի Զախարյանը պարզաբանում է, թե ինչու է բացել «Քրիստոս TV»-ն

Օրերս «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը բացել է ինտերնետային՝ «Քրիստոս TV» հեռուստատեսությունը: 168.am-ի հետ զրույցում Ա. Զախարյանը պարզաբանեց, որ այդ հեռուստատեսությունը բացելու նախաձեռնությունը միայն իրենը չէ. «Ունենք Հայկազուն Առաքյալ գործիչ, որը հիմա գտնվում է Ֆրանսիայում, և Ավետիս Կալայջյանը, որ Մարտական խաչի առաջին ասպետն է, ժամանակին այստեղ՝ Հայաստանում, քաղաքական գործունեություն էր ծավալել, հոգևոր քաղաքական գործիչ է, և, քանի որ դուրս է եկել իշխանությունների դեմ, ինչ-որ փոքր դրդապատճառով դարձել է քաղբանտարկյալ, որին հետագայում ուղարկել են Ֆրանսիա»:

Ա. Զախարյանի խոսքով՝ քանի որ մեր երկրի առջև ծառացած խնդիրներն արդեն հասել են կրիտիկական այն մակարդակի, որ ցանկացած բողոքի ձայն միանգամից լիկվիդացնում են ձերբակալության միջամտությամբ, ապա իրենք որոշեցին հոգևոր-քաղաքական թեմաներով հեռուսատեսություն հիմնել. «Որովհետև հիմա մեր իրականության և հասաակության մեջ այդ բարոյալքումը կա, և հոգևորի միջամտությունը նույնպես շատ կարևոր է: Դրա համար որոշեցինք հոգևոր, քաղաքական, մշակութային թեմաներով մի նոր ինտերնետային հեռուստատեսություն հիմնել և անունը դնել «Քրիստոս TV»՝ որպես փրկության օղակ, որպես արարչի միջամտություն, հավատի առկայության կրկին վերականգնում՝ մեր հասարակությանն ուղղորդող ինչ-որ ուժ հանդիսանալու համար: Զուտ այդ առումով ընտրեցինք այդ անվանումը»:

Ա. Զախարյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ունեն լուրերի բաժին ու ամեն չորեքշաբթի լուրերը հեռարձակվելու են. «Լրագրողուհի ունենք արդեն, ռեժիսորները կան, մոնտաժ անողը կա, այսինքն՝ ինքն այնքան լայնածավալ հեռուստաընկերություն չի լինելու առայժմ, որ մենք մեծ հաստիքային աշխատանքներ կարողանանք տանել: Հոգևոր առումով կան մարդիկ մեր թիմից, որ հոգևորականների հետ զրույցներ են անցկացնելու: Այսինքն՝ առայժմ դեռ այդ ազատ ֆորմատի մեջ է լինելու, մինչև այդ ամեն ինչն ավելի կայունանա, ստանա ձեռագիր, ստանա այլ կառուցվածք»:

Հարցին՝ քանի որ Ձեր հեռուստատեսությունը նաև հոգևոր բնույթ է կրելու, խոսե՞լ եք Մայր Աթոռի հոգևորականների հետ այս հարցով, նրանց դիրքորոշումը գիտե՞ք այս հարցի շուրջ, Ա. Զախարյանն այսպես պատասխանեց. «Իրենց հետ, բնականաբար, չենք խոսել, ոչ էլ հարկ ենք համարում խոսել, որովհետև, եթե այսօր մեր երկրում այսքան աղանդավորական շարժումներ ծաղկում են, ապա Մայր Աթոռի ակտիվ գործունեության բացակայության և պասիվության հետևանքով է, որ Առաքելական եկեղեցու հետևորդների փոխարեն՝ մենք այսօր Հայաստանում ունենք մոտ 3000-ից ավելի աղանդավորական տարբեր շարժումների ներկայացուցիչներ»:

Կարդացեք նաև

Հարցին՝ որևէ կրոնական կազմակերպություն կանգնած չէ՞ այս ամենի հետևում, կամ աջակցո՞ւմ է Ձեզ, Ա. Զախարյանը պատասխանեց, որ բացարձակապես ոչ ոք կանգնած չէ այս ամենի հետևում. «Սա հիմնականում քաղաքական նպատակ ունեցող հեռուստաընկերություն է՝ հոգևոր-մշակութային լրացումներով հանդերձ»:

Հարցին էլ՝ քանի որ Դուք և Ձեր կուսակցությունն ընդդիմադիր եք, այս լրատվամիջոցն իր գործունության մեջ օբյեկտի՞վ է լինելու, թե՞ Ձեր դիրքորոշումն արտահայտվելու է այնտեղ, Ա. Զախարյանը պատասխանեց, որ շեշտադրումը լինելու է ավելի շատ ընդդիմադիր. «Երկրում այնքան խնդիրներ կան բոլոր ոլորտներում, և մեր նպատակը չէ՝ մենք ուղղակի խոսենք ինչ-որ չեզոք երևույթներից: Մեր նպատակն է՝ հեռուստաընկերության եթերի միջոցով վեր հանել բոլոր այն կողմերը, որոնք չեն հեռարձակվում այսօրվա հեռուստաընկերություններում, որոնք գիտենք՝ ում են սպասարկում՝ կա՛մ իշխանությանը, կա՛մ կեղծ ընդդիմությանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս