Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ջաստիք Բունիաթյանի գլխավորությամբ:

Հանդես գալով բացման խոսքով և կարևորելով Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը և ընդգծել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ է մեր երկիրն ուժեղ և անպարտելի, ի զորու հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2015 թվականին հայ ժողովրդի համար երկու նշանակալի իրադարձությունների՝ Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովուրդների՝ այդ թվում հայերի մասնակցությամբ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սփյուռքահայ հյուրերին հավաստիացրել է, որ ինչպես տասնյակ տարիներ առաջ է հայկական զինուժը պատվով հանձնել իր առջև դրված քննությունը, այնպես էլ այսօր բարձր մակարդակով է կատարում իր բոլոր խնդիրները՝ արժանի հակահարված հասցնելով հառակորդի ցանկացած ոտնձգությանը:

«Ապրում ենք Հայաստանից հեռու, սակայն սնվում ենք հայրենքիով, ապրում հայերենով ու հայեցի, ուրախանում Հայաստան աշխարհի յուրաքանչյուր ձեքբերումով ու հաջողությամբ»,-այսպես է սկսել իր ելույթը Հայ օգնության միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն տիկին Բունիաթյանը, ով պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ բոլոր սփյուռքահայերի համար առաջնային հարցը հայապահպանությունն է և Հայ օգնության միության ներկայացուցիչները ևս պատրաստ են իրենց ժամանակն ու միջոցները ներդնել ազգային բանակին աջակցելու, հայ զինվորի կողքին գտնվելու համար:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

Տեսանյութեր

Լրահոս