Բաժիններ՝

«Տնտեսությունը բարիշելով չեն զարգացնում». Բաբկեն Պիպոյան

Կաթի մթերման գինը նվազել է, սակայն շուկայում դրա վաճառքի գինը գրեթե նույնն է մնացել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս հակասությանը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ այս խնդիրը ոչ թե ունենք 2015 թվականին, և սա նորություն է, այլ սա խնդիր է, որը ՀՀ-ում լինում է ամեն տարի:

«Գալիս է գարուն-ամառը, հայ գյուղացին դուրս է գալիս փողոց՝ ասում է, որ շատ էժան են մթերում, և անասնապահությունը դառնում է ոչ ձեռնտու գործ, գալիս է ձմեռը, արդեն տնտեսվարողներն են բողոքում, որ կաթի գինը թանկացել է, և «մենք ստիպված պետք է մեր ապրանքը թանկացնենք», և ամեն տարի մենք նկատում ենք որոշակի տոկոս գնաճ, հատկապես՝ ձմռան սեզոնին, ընդ որում, երբ նորից հետ ենք գալիս հին գներին, տեսնում ենք, որ ամառային գները չեն վերականգնվում, և գնանկում չեն ունենում շուկայում»,- ասաց Բ. Պիպոյանը՝ նշելով, որ իրական խնդիրն այնքան էլ լուրջ չէ՝ բարդության իմաստով: Նրա խոսքով՝ սա այն խնդիրներից է, որը շատ արագ կարելի է կարգավորել, ընդամենը պետք է գործել ճիշտ և ունենալ գրագետ մոտեցում խնդրի կարգավորման համար:

Նա նշեց, որ շատ քիչ երկրներ կան, որտեղ անարատ թարմ կաթ անունով վաճառվող կաթը և փոշի կաթը գրեթե գնային իմաստով իրարից չեն տարբերվում: Բ. Պիպոյանը նկատեց, որ եվրոպական շուկան ունի տեսակավորում, և այդ տեսակավորումը բերում է նրան, որ տարբեր գների ապրանքներ են ունենում, իսկ տարբեր գների ապրանքներ ունենալը բերում է նրան, որ որևէ մեկը թելադրողի կամ չթելադրողի դերում չի կարողանում լինել:

«Իսկ մեր երկրում ունենք հետևյալ պատկերը: Գալիս է ձմեռը՝ կաթի արտադրական ծավալները նվազում են, թելադրողի դերում դառնում է գյուղացին, որովհետև տնտեսվարողները կաթ մթերելու հետ կապված խնդիր են ունենում: Թելադրողը դառնում է գյուղացին: Գալիս է ամառը, կաթի ծավալները շատանում են, թելադրողի դերում դառնում է տնտեսվարող սուբյեկտը: Քանի որ ունենք թելադրողի դեր կարգավիճակը, ունենք հետևյալ պատկերը»,- ասաց բանախոսը:

Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել՝ ինչպես են հաշվում կաթի ինքնարժեքը. «Այն, որ ասում են՝ այս սեզոնին կաթի ինքնարժեքը 20 դրամ է, 50 դրամ է, նման բան գոյություն չունի: Կաթի ինքնարժեքը չի կարող լինել այդքան ցածր, և այդքան ցածր չէ, որովհետև եթե 1 շաբաթ կամ 15 օր հայ գյուղացին գումար չի ծախսում իր խոշորին պահելու համար, դա դեռ չի նշանակում, որ ինքնարժեքը դարձավ 0, եթե անգամ կենդանին գնաց, անվճար խոտը կերավ: Կաթնատվությունը հաշվվում է արոտի սեզոնայնությունով, հետագայում արդեն՝ կերի գնով և կաթնատվության ընդհանուր ծավալով, և սրան պետք է գումարել նաև աշխատուժը, որովհետև գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին այլ գործով չի զբաղվում»:

Բ. Պիպոյանի գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ ՀՀ-ում գործող կարգով, երբ օգտագործվում է չոր կաթ (կաթի փոշի) կաթում, պետք նշել, թե որքան փոշի են օգտագործում, որը չի արվում. «Առաջին փուլում անվերահսկելիությունը բոլորին ձեռնտու է, բայց ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք սպառման ծավալների անկում, իսկ դա բերելու է նրան, որ նույն տնտեսվարող սուբյեկտներն են սկսելու դժգոհել»:

Նա նկատեց, որ տնտեսության զարգացման համար պետք է ունենալ պլան և գործողությունների հաջորդականություն: Ըստ նրա՝ եթե շուկան տեսակավորում չունենա, տնտեսություն չի կարող զարգանալ. «Օրենք կա, բայց օրենքի պահանջը չի պահվում: Մեկը մյուսի հետ «ռազբորկայով» չի կարելի գին որոշել, «տղավարի նստեցինք՝ բարիշեցինք, տղերքին էլ համոզեցինք՝ կգնաք էս գնով կառնե՞ք»: Այսպես տնտեսությո՞ւն են զարգացնում: Ու ընդ որում, սա հանրային բնույթ է կրում, ասում են՝ նստեցինք-բարիշեցինք: Տնտեսությունը բարիշելով չեն զարգացնում: Բարիշենք Եվրոպայի հետ, ԵՏՄ երկրների հետ, որ մեր արտադրանքն արտահանենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս