«Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների բարելավման դեպքում հնարավոր է` Մոսկվան թույլ տա ԼՂ կարգավորման քննարկումների ընդլայնում»

«ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանին»,- մեզ հետ զրույցում ասաց ղարաբաղյան հակամարտության և Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է Արև մուտքն արձագանքի Ռուսաստանի` Հարավային Կովկասում, մասնավորապես` ԼՂ հակամարտության գոտում հարուցած անկայունությանը, որի մասին իր նախկին հարցազրույցներում խոսել է Սաբինա Ֆրեյզերը։

Գնահատելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` նա նշեց, որ այն այսօր այնքան վտանգավոր է, որքան եղել է միշտ` թերևս, սկսած 1994-ից։ Նրա կարծիքով` անվտանգության հետ կապված իրավիճակի հետագա վատթարացման հնարավորությունն աճում է, քանի որ 2013-2015թթ. ռազմական բախումներն է՛լ ավելի հաճախակիացել են, նախորդ փուլերի համեմատ բախումներն ավելի մեծ տարածքներ են սկսել ընդգրկել, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանը, զոհերը խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում նույնպես ավելացել են, կողմերը սկսել են գործարկել էլ ավելի լուրջ սպառազինություն, որոնց շնորհիվ ավելի համարձակ ներթափանցումներ են իրականացնում հակառակորդի տարածք։

«Քանի որ ադրբեջանական և հայկական զինված ուժերի աղբյուրները իրարամերժ տվյալներ են տարածում զոհերի թվաքանակի մասին, իսկ ԵԱՀԿ մոնիտորինգային խումբը բաղկացած է ընդամենը վեց անդամից, ծայրաստիճան բարդ է որոշել զոհերի հստակ թիվը։ Հակամարտող երկրներում շարունակում է աճել ռազմական բյուջեն, ինտենսիվանում է ռազմական հռետորաբանությունը։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները չունեն շփման ուղիղ եզրեր։ Իսկ Բաքուն, քանի դեռ Հայաստանը օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերելու լուրջ պատրաստակամություն չցուցաբերի, նման միջոցներով է հակադրվելու, ինչպես, օրինակ` թեժ գծի վերականգնումը, կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ինչպես Հարավային Օսեթիայում կամ դիպուկահարների հեռացումը»,- ասաց Ֆրեյզերը` շարունակելով, որ ամենամեծ խնդիրն այն է, որ կոմպրոմիսային որոշում գտնելու համար անհրաժեշտ վստահության մակարդակը հակամարտող կողմերի միջև ամենացածրն է 1994թ. հետո։

Ֆրեյզերի խոսքով` հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ կողմերը բանակցություններ են վարում, խաթարված են` պայմանավորված Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակով։ Քաղաքական վերլուծաբանը չի բացառում նաև ստատուս-քվոյի փոփոխությունը, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած սպառազինության ծավալների անհավասարակշռության հետև անքով։ Նա նաև վստահեցրեց, թե նման զարգացում դեռևս չի երև ում։ «Չեմ կարծում, որ հարև անությամբ չկան երկրներ, որոնք հետաքրքրված չեն, որպեսզի պատերազմ սկսվի հենց հիմա»,- ասաց Ս. Ֆրեյզերը։ Անդրադառնալով հակամարտող երկրներին խոստացված անվտանգության երաշխիքներին` քաղաքագետն ասաց, որ Հայաստանն ամրապնդել է իր երկկողմ երաշխիքները Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը պայմանագիր ունի Թուրքիայի հետ։

«Կարծում եմ, որ երկկողմ պայմանագրերն ավելի ամուր են, քան ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվող որև է այլ բան։ Այս պահին ՀԱՊԿ-ն հակամարտությունների կարգավորման լիազորություն դեռ չունի, և այնտեղ չկա հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես են արձագանքելու ԼՂ-ի շուրջ լուրջ ռազմական բախումների վերսկսման դեպքում»,- ասաց Սաբինա Ֆրեյզերը։

Խոսելով ռուս-թուրքական համագործակցության մասին` Ս. Ֆրեյզերն ասաց, թե Ռուսաստանն ու Թուրքիան իրապես ամրացնում են իրենց քաղաքական և տնտեսական կապերը նույնիսկ սկզբունքային տարաձայնությունների ֆոնին, որոնք արտահայտվում են, օրինակ, Սիրիայում։ Ներկայում, Ֆրեյզերի մատնանշմամբ, Թուրքիան պաշտոնական դերակատարություն չունի ԵԱՀԿ ՄԽ-ում, ուստի նա չի կարծում, որ Ռուսաստանը Թուրքիային դիտարկում է լուրջ դերակատար Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման գործում։

«Կարող եմ միայն պատկերացնել, որ միայն լուրջ բախումների վերսկսման դեպքում Անկարան և Մոսկվան կարող է միավորվել, որպեսզի խուսափեն ընդգրկվել մի պատերազմում, որի ժամանակ կարող են հայտնվել հակադիր կողմերում»,- նկատեց Ֆրեյզերը։

Վերլուծաբանն ասաց, թե ԱՄՆ-ը ու ԵՄ-ն պետք է պահպանեն Հայաստանի հետ երկխոսությունը` Հայաստանին` որպես ռուսական ազդեցության գոտի, ամբողջությամբ իրենց հաշիվներից դուրս չգցելով։ «Օրինակ` դրական է, որ շարունակվում են Երևան-Բրյուսել բանակցությունները փաստաթղթի ստորագրման ուղղությամբ, որը կփոխարինի Ասոցացման համաձայնագրին, որը Հայաստանը հետաձգեց ստորագրել ԵՏՄ անդամակցության համար։ ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանին կայուն ինստիտուտների կառուցման հարցում, որոնք հիմնված կլինեն օրենքի գերակայության և տեղի բնակիչների պատասխանատվության վրա։ Միև նույն ժամանակ ԵՄ-ն պետք է իր պայմաններն ավելի հստակեցնի և , որտեղ տեսնի «կեղծված բարեփոխումներ» Հայաստանի կողմից, չպետք է խուսափի բաց քննադատական հայտարարություններից։

Համենայնդեպս, Հայաստանի համար ՌԴ-ից անկախ որոշումներ կայացնելու համար տարածք ստեղծելու ամենալավ եղանակը լեգիտիմ և պատվարժան տեղական ինստիտուտների ձև ավորումն է»,- ասաց Ս.Ֆրեյզերը։ Հարցին, թե հնարավո՞ր է` Արև մուտք-Ռուսաստան բանակցությունների դրական ելքն անդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, նա պատասխանեց, որ եթե նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը պնդում է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը չկոտրեց համերաշխությունն ու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ամեն դեպքում, 2014թ. ՌԴ-ն դոմինանտ դերակատարություն ունեցավ խաղաղ բանակցություններում։

«Հատկապես դա ավելի տեսանելի դարձավ, երբ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրեց Սոչի` հանդիպելու` առանց ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների ներկայության, անցյալ տարվա օգոստոս ամսին։ Այնինչ ես նախկինի նման գտնում եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ-ում կամ ԼՂ-ի շուրջ պատերազմական օջախ բռնկելու հարցով։ Ուստի, հատկապես ԱՄՆ/ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելավման դեպքում հնարավոր է, որ Մոսկվան թույլ տա հակամարտության կարգավորման քննարկումների ընդլայնում` ներգրավելով այդ գործում փորձագիտական մեծ խմբի և խորացնելով բանակցությունները տեխնիկական հարցերի շուրջ։ Սա ամենալավ եղանակն է բանակցություններն առաջ մղելու համար»,- ասաց Ֆրեյզերը։

Տեսանյութեր

Լրահոս