Բաժիններ՝

«Գոհար Ենոքյանը կասկածվում է Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, բայց նման բան չկա, դա շինծու գործ է». փաստաբան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, հայտնի կին գործարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը:

Ըստ տարածված տեղեկությունների` տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբոր որդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրօր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) հատկանիշով:

Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական մականունավոր պատգամավոր Յուվեցի Կարոյի (Կարո Կարապետյանի հետ), ինչն ավարտվել էր հակամարտությամբ:

Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանը, ով հայտնի է Յուվեցի Կարո անունով, ԱԺ պատգամավոր է, նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ էր: Վերջինս Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից հեռանալուց հետո անմիջապես դուրս եկավ ԲՀԿ-ից` և կուսակցությունից, և խմբակցությունից: Այն դեպքում, երբ Ծառուկյանի շնորհիվ էր պատգամավորական մանդատ ձեռք բերել: Յուվեցի Կարոն նաև հայտնի է ոչ միայն մականունով, այլև բազմաթիվ աղմկահարույց պատմություններով և քրեական գործերով:

panorama.am-ի հետ զրույցում այսօր Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանն ասել է.

«Գոհար Ենոքյանը կասկածվում է Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Բայց նման բան չկա, դա շինծու գործ է»: Փաստաբանի տեղեկացմամբ` Գոհար Ենոքյանը մինչև այսօր որևէ հարցաքննության չի կանչվել, նրան գործի վերաբերյալ ոչինչ չեն տեղեկացրել, բայց այսօր կանչվել էր հարցաքննության, որից անմիջապես հետո ձերբակալվել է: «Սա զուտ այլ շարժառիթներով է արվում Գոհար Ենոքյանի դեմ, ոչ մի հիմքեր չկան նրա դեմ քրեական գործ հարուցելու», -պնդել է փաստաբանը:

Հիշեցնենք նաև, որ ձերբակալվածների պահման վայում գտնվող Գոհար Ենոքյանին այսօր այցելել էր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս տեսակցությունից դուրս գալուց հետո 168.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Գոհար Ենոքյանը բավական բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

«Հիմա ավելին չեմ կարող ասել, զրուցել եմ տիկին Ենոքյանի հետ, բայց այս պահին ես իրավասու չեմ և լիազոր չեմ տիկին Ենոքյանի կողմից ավելին ասելու: Ինձ համար շատ կարևոր էր, որ իր առողջական վիճակը լինի կայուն, որովհետև ունի շատ բարձր ճնշում, բացի այդ, նա ունի առողջական շատ լուրջ այլ խնդիր ևս, և ես խնդրեցի սանաշխատողներին, որպեսզի առողջական խնդիրը պահեն ուշադրության կենտրոնում», -ասել է նա:

Հիշեցնենք նաև, որ ձերբակալվածների պահման վայրում 168.am-ի թղթակցի հետ զրույցում Գ. Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտարարել էր, որ ձերբակալելու համար միանշանակ հիմք չկար.

«Հորինված, պատվիրված քրեական գործի շրջանակներում իրականացվող ապօրինի գործողություններ են` Հատուկ քննչական ծառայության կողմից: Իբր թե սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել, որն իրականության մեջ գոյություն չունի ու չի էլ կարող ունենալ, նման փաստ չկա: Սա, նորից եմ կրկնում, պատվիրված քրեական գործ է, քրեական հետապնդում է իրականացվում` նպատակ ունենալով Գոհար Ենոքյանից հափշտակություն կատարել»:

Նա տեղեկացրել էր նաև, որ մինչ այդ իր պաշտպանյալին նույնիսկ հարցաքննության չեն կանչել, և ձերբակալել են այսօր` ժամը 17:40-ին: Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս