Բաժիններ՝

Մադուրոն բնակարան է նվիրել իր գլխին մանգոյով հարվածած կնոջը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բնակարան է նվիրել մի կնոջ, ով մանգոյով հարվածել է իր գլխին: Մադուրոն բնակարանը հատկացրել է բնակարանաշինության զարգացման ծրագրի շրջանակներում:

Միջադեպը գրամնցվել է ապրիլի 22-ին, Անսոատեգի նահանգում: Այստեղ 54-ամյա Մառլենի Օլիվոն Մադուրոյի վրա մանգո է նետել, երբ նա ավտոբուս վարելիս է եղել տրանսպորտային նոր ցանցի բացման արարողակարգի ժամանակ:

Տրանսպորտային միջոցի պատուհանը եղել է բաց, և մանգոն դիպել է ուղիղ Մադուրոյի գլխին` ձախ ականջից վերև: Նույն օրը Մադուրոն տեղի ունեցածի մասին պատմել է պետական հեռուստատեսության եթերում և ցուցադրել է այդ միրգը, որի վրա գրված է եղել. «Եթե կարող ես, զանգահարիր ինձ»:

Մադուրոն պատմել է, որ իր օգնականներն արդեն իսկ կապվել են Օլիվոյի հետ. «Նա տան խնդիր է ունեցել, և ես արդեն իսկ հավանության եմ արժանացրել նրան բնակարան տրամադրելը»:

Օլիվոն իր հերթին հայտարարել է, որ մանգոն Մադուրոյի վրա նետել է առանց չար մտքերի` հավելելով, որ իր համար երազանք է եղել նոր բնակարան ստանալը, ինչն այժմ ի կատար է ածվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս