Բաժիններ՝

Այսօր տեղի է ունենալու Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմի պրեմիերան. «Այս ֆիլմը Ցեղասպանության անտեսանելի հետևանքների մասին է»

Այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի՝ «1915» ֆիլմի պրեմիերան:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր Կ. Հովհաննիսյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ ինքը ու ֆիլմի համահեղինակ Ալեք Մոհիբյանը սկսել են այս ֆիլմի գործընթացը. «Մենք զգում էինք այս 100-ամյակի ստվերն արդեն մեզ վրա և մենք պատասխանատվություն վերցրեցինք մեզ վրա, որ մինչև ապրիլի 24-ը մի ֆիլմ ունենանք: Սա սովորական ֆիլմ չէ, մենք ի սկզբանե դա գիտեինք, ուզում էինք հարգել մեր անցյալը, հիշել մեր նահատակներին, բայց միաժամանակ նոր լեզու գտնել խոսելու 1915-ի մասին, հատկապես երիտասար սերունդների համար»:

Ֆիլմի ռեժիսորը նշեց, որ իրենք ուզում էին ժամանակակից լեզվով, ժամանակակից հանդիսատեսի համար տեղ հասցնել 1915-ի ողբերգության իմաստը. «Դրա համար մեր շուրջ հավաքվեցին շատ լուջ տաղանդի տեր մարդիկ, ինչպիսիք են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը և ինչպիսին է Սերժ Թանգյանը, ում դուք ճանաչում եք որպես ձեր սիրած ռոք երաժիշտ: Բայց ես նրան ճանաչում եմ որպես երաժշտության բարձր վարպետ, ով միաժամանակ հասկանում է և՛ 1915-ի ցավը, և՛ 2015-ի զայրույթը և պահանջը: Այս ֆիլմը այս 100 տարիների մասին է»:

Հարցին՝ ինչո՞վ է տարբերելու այս ֆիլմը Ցեղասպանության թեմայով նկարահանված այլ ֆիլմերից, Կ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախևառաջ ֆիլմը չունի հստակ քաղաքական կամ պատմական ուղերձ. «Մենք չենք ուզում, որ ֆիլմը նայելուց մարդը զգա, որ մենք իրեն դաս ենք տալիս, բայց ուզում ենք, որ մարդը ֆիլմը նայելուց հետո դահլիճից դուրս գա մի նոր զգացմունքով, մենք ուզում ենք զգացմունք հաղորդենք, և այդ զգացմունքն այն է, որ անցյալը չի մեռել, որ 1915-ի միլիոնավոր չճանաչված ուրվականները դեռ մեր շուրջն են, որ մենք դեռ չավարտված աշխատանք ունենք պատմության հետ, հատկապես երիտասարդները զգան, որ այդ ստվերը դեռ մեզ վրա է և մենք դեռ չենք ազատվել դրանից: Ֆիլմեր կան, որ անդրադարձել են, թե ինչ է տեղի ունեցել հենց 1915-ին: Այս ֆիլմը Ցեղասպանության անտեսանելի հետևանքների մասին է, այս ֆիլմը հոգեբանության մասին է»:

Ռեժիսորը պատմեց, որ Լոս Անջելեսի պրեմիերայից առաջ, երբ իրենք առաջին անգամ ֆիլմը ցուցադրեցին Բեռլինում, գերմանացի, թուրքեր էին այնտեղ փառատոն անցկացնում, և ինքն իրեն բախատավոր է զգացել, որ հենց թուրքերն էին շատ դրական վերաբերվում այս ֆիլմին. «Քանի որ կարծում եմ, տեսան այս ֆիլմի մեջ այն բազմակողմանի մտքերը, որով կարելի է երիտասարդությունը զբաղվի, ֆիլմը ժխտման մասին է: Ֆիլմն այն բանի մասին է, որ մենք բոլորս փորձում ենք անցյալից փախչել, ֆիլմը չի փախչում այն փաստից, որ մեծ եղեռնը ոչ միայն եղել է, այլև անխուսափելի է մեր կյանքում, բայց թուրքին հատկապես այդ թեման և այդ փաստը մատուցելու համար պետք է լինել ճարպիկ, նուրբ, գեղեցիկ, և միգուցե հենց գեղեցկությունն է գաղտնիքը այս մարտահրավերի»:

Նա պատմեց նաև, որ երբ ինքն ու Ալեք Մոհիբյանը սցենարի մեջ գրում էին «Անժելա» անունը, պատկերացնում էին Անժելա Սարաֆյանին, և երբ գրում էին «Սիմոնի» անունը, պատկերացնում էին Սիմոն Աբգարյանին. «Նրանք դեռ չգիտեին, որ այդ դերերն էին խաղալու մեր ֆիլմում, բայց մենք գիտեինք»:

Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանվել է 20 օրվա մեջ Լոս Անջելեսի մի քանի վայրերում. «Հիմնականում Լոս Անջելես անունով մի թատրոնում, որը հիմնադրել է Չարլի Չապլինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս