Քննարկվել է Միքայել Մելքումյանի հեղինակած նախագծերի փաթեթը

Այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Միքայել Մելքումյանի հեղինակած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը (փաստաթղթային կոդ՝ Պ-733-05.03.2015-ՏՀ-010/0):

Գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր այն առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարը (բացառությամբ նոր ստեղծված) տվյալ տարվա ընթացքում կարող են համարվել շրջանառության հարկ վճարող և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե մինչև տվյալ տարվա փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել համապատասխան հայտարարություն:

Սակայն, այն հարկ վճարողները, որոնք նախկինում հարկային մարմին էին ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն և մինչև հաշվետու տարվա փետրվարի 20-ը չեն ներկայացրել համապատասխան հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ, փետրվարի 20-ից հետո գործունեությունը վերսկսելու դեպքում պետք է հարկվեն հարկման ընդհանուր դաշտում, այսինքն՝ համարվեն ԱԱՀ վճարող:

Առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթով փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսավարողներին օրացուցային տարվա ցանկացած ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու դեպքում վերադաս հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկով հարկման դաշտ անցնելու հայտարարություն:

Վերոնշյալը կարևոր է ինչպես հարկային վարչարարության պարզեցման, այնպես էլ երկրում գործարար և ներդրումային միջավայրի վրա դրական ազդեցության առումով:

Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները (նիստին բացակայում էր միայն ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը) կողմ քվեարկեցին նախագծի՝ քառօրյա նիստերի օրակարգ դրական եզրակացությամբ ընդգրկվելուն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օգնական

 

Տեսանյութեր

Լրահոս