«Ծնունդով հայ չեմ, բայց ընտրությամբ հայ եմ». Դանիել Դեքեր

Այսօր տեղի ունեցավ հայ երաժիշտ, երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանի և երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերի համատեղ ասուլիսը: Թեման` «Արա Գևորգյանի «Կանք ու կլինենք» երգի տեսահոլովակի նկարահանումների արդյունքների ամփոփում, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված 15 լեզուներով ձայնասկավառակի թողարկում» էր:

Ասուլիսի սկզբում Արա Գևորգյանը պատմեց, թե ինչպե՞ս է ծանոթացել և ինչպե՞ս է սկսվել իր և Դանիել Դեքքերի համագործակցությունը:

«Դանել Դեքերը տարեկան 100 համերգ էր տալիս, բացի այդ՝ երգում էր եկեղեցիներում: Երբ Դեքերը եկել էր Հայաստան, որպեսզի ստանա թույլատրություն` երգի բառերը գրելու համար, ինքնին շատ զարմանալի իրողություն էր մեր իրականության մեջ: Անշուշտ, ես շատ ուրախացա և մեծ հաճույքով համաձայնեցի նմանօրինակ համագործակցության հետ:

Երբ Դեքերը վերադարձավ ԱՄՆ, զանգահարեց ինձ և ասաց. «Երգեմ լսեք, թե ինչ երգ է ստացվել՝ Ձեր երաժշտությունից»: Նա երգեց և ես ապշեցի: Ինձ հատկապես շատ դուր եկավ, երբ Նոյան տապանի մասին երգի տեքստում նա ասում էր՝ Արարատը դա Հայաստանն է: Եվ ես նրան հրավիրեցի Սարդարապատ, որպեսզի 2002թ. իմ համերգին նա կատարի այդ երգը: Սադարապատի համերգի ժամանակ նա լսեց նաև «Ադանա» երգը, որն ինձ մոտ գործիքային երաժշտություն էր և ասաց, որ ցանկություն ունի այս երգի համար ևս բառեր գրել: Պատասխանս, անշուշտ, դրական էր: Հետագայում, թե՛ իմ և թե՛ նրա մոտ առաջացել էր նույն գաղափարը՝ ստեղծել երգ ցեղասպանության մասին: «Ադանա» երգի մեջ կա շատ կարևոր ուղերձ, որտեղ ասվում է, որ ոճրագործները մինչև օրս չեն մեղադրված և չեն դատապարտված: Սա ամբողջ երգի մեջ ինձ համար ամենակարևոր մասին է: Երգը թարգմանվեց 20 լեզուներով: Տարբեր ազգերի երգիչներ կատարում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող երգը, որը կոչվում է «Ադանա»: 2005թ. թողարկվեց ձայնասկավառակ 10 լեզվով: Դրանից հետո երգը երգվեց արդեն 20 լեզվով: Ես այսօր ուզում եմ այդ ձայնասկավառը պատրաստել 15 լեզուներով: Ուղղակի զտեցի և երգը դարձավ 15 լեզվով՝ ցանկանալով պահպանել խորհրդանշական այդ թիվը: 15թ. 15 ազգ երգում են 15 լեզվով՝ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը մի երգով, որի տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է»,- նշեց Արա Գևորգյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք այդ 15 լեզուներով թարգմանված երգի մեջ կա՞ նաև թուրքերեն տարբերակը, Արա Գևորգյանը պատասխանեց. «Կա նաև թուրքերեն: Դա եղել է ամենասկզբից: Այն ներգրավված էր ձայնասկավառակի մեջ: Բացառությամբ այլ երգիչների՝ թուրք երգչի հանդեպ կա վերապահում, նրա անունը չի նշվում, չի էլ նշվելու՝ իր իսկ անվտանգության նպատակներով»:

Հարցին, թե ինչո՞ւ է Դանիել Դեքերը որոշել ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և ի՞նչ կտա դա իրեն, Դ . Դեքերը պատասխանեց. «Ես շատ եմ սիրում հայերին և հաճախ նշում եմ թեպետ ծնունդով հայ չեմ, բայց ընտրությամբ հայ եմ»:

Ասուլիսի ընթացքում Դեքերը հայերեն լեզվով կատարեց նաև մի հատված «Կիլիկա» երգից: Լրագրողների՝ կես կատակ դիտարկմանը, թե Դեքերն արդեն իսկ քիչ-քիչ հայ է դառնում, Արա Գևորգյանն ավելացրեց. «Մեր նամակագրությունների վերջում Դեքքերն ամեն անգամ գրում է՝ «էղավ, ախպեր ջան»:

Դեքերը նաև նշեց, թե Արա Գևորգյանի «Մուշ» ստեղծագործության հիման վրա երգ գրելու ընթացքում է առաջին անգամ ուսումնասիրել և իմացել Հայոց ցեղասպանության մասին:

Ասուլիսի ժամանակ խոսվեց նաև նոր նախագծի մասին:
Արա Գևորգյանն այդ առնչությամբ ասաց. ««Սև ապրիլ» անունը կրող նախագծի շրջանակներում ներկայացնում ենք երգ, որը մի տարբերակում կոչվում է «Կանք ու կլինենք» , մյուսում՝ «Remember»: Մենք այդ երգը ձայնագրել ենք Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի և պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ: Եղավ ֆանտաստիկ ձայնագրություն: Երկու օր հետո պատրաստ կլինի միանգամից երկու տեսահոլովակ և այն կներկայացվի հանդիսատեսին: Երգի անգլերեն «Remember» տարբերակը ղեկավարում է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, իսկ հայերենը՝ «Կանք ու կլինենք»-ը ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը: Երկու տեսահոլովակները պատրաստ կլինեն միաժամանակ»:

Իսկ Դանիել Դեքերն «Remember» երգի բառերի բովանդակությունն այսպես մեկնաբանեց. «Երբ մենք որոշեցինք գրել այս երգի բառերը, ես մտածեցի, թե ի՞նչ կարելի է գրել այս նոր երգի համար, որ ես դեռ չեմ արտահայտել նախորդ «Ադանա» երգի մեջ: «Ադանա» երգում մենք փորձում ենք ամոքել հայոց վիշտը: Մինչդեռ «Remember» երգում ավելի շատ փորձում ենք ասել ամբողջ աշխարհին, որ անպատճառ պետք է հիշվի և ընդունվի Հայոց ցեղասպանությունը: «Ադանայում» ավելի շատ արտահայտված է հայի ցավը, մինչ դեռ «Remember» կատարման մեջ ավելի շատ արտահայտվում է հայի ոգին, որ հայը պետք է պայքարի և որ ամբողջ աշխարհն ընդունի Հայոց ցեղասպանությունը»:

Մեր հարցին, թե ի՞նչն է մղում Դ. Դեքերին օտար ազգի ցավը սեփականը դարձնել և դեռ ասելիք ունենալ այդ հարցում, Դ.Դեքերը պատասխանեց. «Ես, լինելով քրիստոնյա, ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ: Կարող ենք փաստել, որ ցեղասպանությունը տեղի ունեցավ, քանի որ հայերը քրիստոնյա են: Դա նշանակում է, որ քրիստոնյանները, որոնք սպանվեցին 15 թվականին նաև իմ քույրերն ու եղբայրներն են: Ես իրապես զգում եմ այս ցավը, այս ամենը շատ իարական է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս