«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր»

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս-միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:

Ողջունելով հյուրերին և Մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգման պահանջատիրության համատեքստում կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթօջախներում անցկացվող ճանաչողական դասերն ու ոգեկոչման միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտներին ներկայացրեց ընդհանուր տեղեկություններ, պատմաիրավական մի շարք փաստեր 1915թ. թուրքական իշխանությունների իրականացրած գազանությունների ու խոշտանգումների մասին:

IMG_7169 copy

 

«Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագիրը կրող բաց դասի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունուկ և մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռն էր:

IMG_7252 copy

Խոսելով ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերի ու առանձնահատկությունների մասին՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց նաև, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Միջոցառումն ուղեկցվեց աշակերտների բեմանականացումներով, հայ և օտարազգի մտավորականների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտքերի ու ստեղծագործությունների ներկայացմամբ, ինչպես նաև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին բանակաշինության ոլորտում ընթացող բարեփոխումներին:

 ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս