Ի՞նչ է կատարվում «Մարս» գործարանի ու ազատ տնտեսական գոտու տարածքում

Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ են ներդրումներ: Սակայն վերջին տարիներին կառավարության քայլերը ներդրումների ներգրավման ուղղությամբ, մեղմ ասած, հաջողված չեն: Խոսքը եվրոբոնդերի մասին չէ, որը պարզապես պարտքով վերցրած փող է: Խոսքը տնտեսությունում առավելապես արտադրություն հիմնելու կամ եղածը զարգացնելու նպատակով ուղղակի ներդրումների մասին է: Ընդ որում՝ ներդրումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունն այնքան վատն է, որ այն չհրապարակայնացնելու համար պարզապես հայտարարվեց մեթոդիկայի փոփոխության մասին, իբրև նախկին տարիների հետ ցուցանիշներն այլևս անհամադրելի են:

Ներդրումների ներգրավման վեհ նպատակի համար 2013 թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ), կազմակերպիչ ճանաչվեց «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը: «Ալյանսում» թույլատրվում է բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրություն և արտահանում, ներդրողներին առաջարկվում են մի շարք արտոնություններ:

Ի՞նչ է արվել մինչ օրս: Պարզվում է, որ իրականությունը հեռու է սպասվածից: Պետք է զբաղված լիներ ԱՏԳ տարածքի մոտ 30 հազար քմ-ն, բայց այսօր զբաղված է միայն կեսը՝ 14-15 հազար քմ: Թեև «Սիտրոնիկս Արմենիայի» գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ցուցանիշը վատը չէ՝ ծրագիրը կազմվել էր 2013-ին և նախատեսված է 5 տարվա համար, այսինքն՝ դեռ ժամանակ կա: Ըստ նրա՝ ԱՏԳ-ում այժմ գործում են «Լեդ» լամպերի արտադրությունը, «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, «Ինստիգեյթի» անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, նաև «ԵրՄՄԳՀԻ» (Մերգելյան) տարածքում, որպես բացառություն, գործում է «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը, որը զբաղվում է հանրահատ ArmTab-ի արտադրությամբ:

«Որոշ բարդություններ են առաջացել՝ կապված օրենսդրական դաշտի հետ: Որոշ դրույթներ չեն համապատասխանում օրենսդրական դաշտին՝ ազատ գոտու հետ կապված: Հույս ունենք, որ այդ հարցերն արագ կլուծվեն»,- ասաց Ա.Խաչատրյանը:

Նա նշեց, որ անգլիական, ռուսական, ամերիկյան ու դանիական ընկերությունները նախապատրաստական աշխատանքներ են տանում ԱՏԳ-ում հաստատվելու համար, բայց եթե օրենսդրական դաշտը չպարզաբանվի, ապա խնդիրներ կառաջանան: Ա.Խաչատրյանի խոսքով՝ այդ խնդիրները տեխնիկական բնույթի են՝ մաքսազերծման հետ կապված. «Նյութերը ստանալու դեպքում, թեև մաքսազերծում չկա, բայց փաստթղթավորման հարց կա, խնդիրներ կան, որոնց լուծումը դեռ երեկ պետք է տրվեր»: Խնդիրներ կան նաև ԵՏՄ-ի հետ, որտեղ բոլոր հարցերը դեռ պարզ չեն:

Օտարերկրյա գործարարների համար վանող կարող է լինել ոչ միայն երկրում առկա ներդրումային միջավայրը, այլև ԱՏԳ-ին հարակից տարածքների ու, ընդհանրապես, ենթակառուցվածքների վիճակը: ԱՏԳ-ի հարևանությամբ գտնվող տարածքը բոլորովին աչք չի շոյում: Խնդիրը քաղաքային իշխանությունների պատասխանատվության տակ է, որոնք պետք է կարգի բերեն ճանապարհները:

Լավ չեն գործերը նաև «Մարս» գործարանում: Այսօր այն ի վիճակի է երկաթի, ալյումինի հետ կապված ցանկացած պատվեր կատարել, բայց երբեմնի արտադրական հսկայի զգալի տարածքները դատարկ են, փոքրաթիվ աշխատողներն էլ մի կերպ օր են մթնեցնում, իսկ նախկին արտադրական հզորությունների մի մասն էլ սպասում է իր հերթին՝ կոպեկներով Իրան ճանապարհվելու համար:

«Համաշխարհային բոլոր պրոցեսները՝ քաղաքական, տնտեսական, ազդում են նաև մեզ վրա: Գործարանի պատվերները բավականին պակասել են, անցած տարվա համեմատ՝ մոտ 15-20% իջել է: Եվ ոչ միայն մեզ մոտ է այդպես, այլ ամբողջ ՀՀ-ում է վիճակը վատացել»,- ասաց Ա.Խաչատրյանն ու անմիջապես հավելեց, որ այժմ սպասումներ կան, ու կարծես տնտեսությունն արթնանում է:

Նա նշեց, որ «Մարսը» Հայաստանում ու Վրաստանում տարբեր մրցույթների է մասնակցել, և հույս կա, որ պատվերների ծավալը կավելանա. «Հիմա 2 ծրագրեր բավականին լուրջ ընթացք են ստացել և, հավանաբար, մայիսի կեսերից կարող է այնպես ստացվել, որ երկու հերթափոխով կաշխատենք: Ռուսական մեծ ընկերություն է, որ բավականին լուրջ պատվեր է տալիս արաբական երկրների համար: Նաև Սանկտ Պետերբուրգի հետ պայմանագիր ենք ստորագրել»:

Այնուամենայնիվ, ըստ Ա.Խաչատրյանի, այսօր շատ ավելի հեշտ աշխատում են «գարաժային» հիմնարկները, հաճախորդն էլ հրապուրվում է էժանությամբ՝ հաշվի չառնելով որակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս