Էրդողանը Հայաստանից «դրական քայլեր» է ակնկալում Ցեղասպանության ու ԼՂ-ի հարցերում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Քոջայելի նահանգում անցկացված միջոցառումներից մեկի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին:

Էրդողանը, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարությունն ու Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, դրանք որակել է որպես «Թուրքիայի դեմ ուժգին հարձակում», որոնց պատասխանները «իսկույնևեթ տրվել են»:

Էրդողանը հայտարարել է, որ նախ այդ հարցում «սխալը գործել» է Հռոմի պապը, ապա դրանից հետո նման «զառանցանքով աչքի է ընկել» Եվրոպական խորհրդարանը. «Հարցն ամբողջովին կտրում են պատմական հիմքից, քաղաքականացնում են, ինչն ամենաշատը վնասում է հայերին:

Ներկա դրությամբ իմ երկրում կա մոտ 40.000 հայ, որոնք պաշտոնապես Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ են: Բացի այդ, մեր երկրում կան Հայաստանից փախչած հայեր, որոնց մենք հյուրընկալել ենք: Ի՞նչ է, մենք վիրավորե՞լ ենք նրանց:

Մեր և մեր եղբայրների միջև խնդիրը Հայկական սփյուռքն է, Հայաստան պետությունն է: Թուրքիան քանիցս ձեռքը պարզել է Հայաստանին, ցուցաբերել է բարի կամք, սակայն Հայաստանը, Սփյուռքը չեն արձագանքել:

Հայաստանի առջև դեռ բաց են դռները: Եթե դրական քայլեր կատարվեն այսպես կոչված ցեղասպանության պնդումների ու Ղարաբաղի հարցերում, ապա մեր միջև կլինի ամեն տիպի համագործակցություն:

Մենք մշտապես պատրաստ ենք սա քննարկել Հայաստանի ղեկավարների, հայ քաղաքական գործիչների հետ: Սակայն նախևառաջ պետք է լուծվի Ղարաբաղի հարցը»:

Անդրադառնալով արխիվային նյութերին` Էրդողանը հայտարարել է. «Մեր արխիվները բաց են: Մենք 10, 15 տարի սա ենք ասում: Եթե Հայաստանն էլ ունի արխիվ, թող բացի այն:

Եթե մյուս երկրներն էլ ունեն արխիվներ, թող բացեն դրանք: Եկեք ի մի բերենք մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու ստեղծենք համատեղ հանձնաժողով: Թող նստեն և հարցը հետազոտեն, արժևորեն բոլոր կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս