Բաժիններ՝

Պատգամավորն առաջարկում է նախատեսել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու պետության պարտականություն

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր շրջանառության մեջ է դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունքը:

«Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում և հետևաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որևէ պոզիտիվ պարտականություն չի կրում նրա բուժման, կացության կամ ճանապարհածախսի հատուցման մասով:

Փաստորեն անձը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն սահմանադրական պարտքի կատարման, լավագույն դեպքում ստանում է պետական պարգև, սակայն արտերկրում անհրաժեշտ ու արդյունավետ բուժման ծախսերը պետք է հոգա անձամբ (ինչը մեր պետության միջին եկամտով ապրող ընտանիքների համար հաճախ աստղաբաշխական թիվ է) կամ միջինում 21 տարեկանից դատապարտվի հաշմված ապրելուն: Ընդ որում, պետության կողմից նման վերաբերմունք դրսևորելը խիստ բացասական ազդեցություն է թողնում զորակոչի վրա:

Միանշանակ, ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից քաղաքացին, ով վնասվածք է ստացել իր հայրենիքը պաշտպանելիս, արժանի է համարժեք վերաբերմունքի՝ հատկապես առողջության լիարժեք վերականգնման խնդիրը պետության կողմից հոգալու մասով:

Կարդացեք նաև

Այսպիսով` իմ ներկայացրած նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի զինծառայողի կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումն անհրաժեշտության դեպքում արտասահմանում իրականացնելու համար»,- նշում է պատգամավորը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս