Մուծվելու ենք

Էլեկտրաէներգիայի սակագնի աճն արդեն գարնանային ավանդույթ է դարձել: Այս գարունն էլ բացառություն չէ: Անկեղծ ասած, վստահ չեմ, թե Էներգետիկայի նախարարությունում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որևէ մեկը բերանացի կհիշի, թե վերջին անգամ երբ ու որքանով է թանկացել սակագինը: Այնինչ շատ ժամանակ չի անցել:

Դեռ մինչև 2014թ օգոստոսի 1-ը բնակչությունը հոսանքի վարձ մուծում էր նախկին սակագնով՝ մեկ կՎտ-ի դիմաց 28 դրամ: 2013-ի գարնանից էին մեզ բոլորիս սկսել համոզել սակագինը փոխելու ֆինանսական անհրաժեշտության խոսքաշատ հիմնավորումներով: Անցած գարնանն արդեն հստակ թվեր էին նշվում: Խոսվում էր այն մասին, որ ՀԷՑ-ին 20 մլրդ դրամ փող է պետք: Այլապես խեղճուկրակ հիմնարկը կսնանկանա, ու մենք կզրկվենք այդքան սիրելի, անհրաժեշտ ու արդյունավետ հիմնարկությունից: Օգոստոսի 1-ից հոսանքը թանկացավ 4 դրամով: Միջինը 4 դրամով` բոլոր սպառողների սակագների փոփոխության արդյունքում: Որպեսզի տնտեսվարողներն ու բնակչությունը չկասկածեն, որ էլեկտրաէներգիա մատակարարող սույն հիմնարկությունը նորից աչք է տնկել բաժանորդների գրպաններին, հիմնավորում ներկայացվեց: Ասում էին, որ բնակլիմայական պայմաններն են աննպաստ եղել: Տարին սրիկայաբար սակավաջուր է եղել: Իսկ դա մեր էներգետիկներին հնարավորություն չի տվել նախատեսվածի չափով շահագործել հիդրոկայանները: Եվ նրանք ստիպված` զոռը տվել են ամենաթանկ էլեկտրաէներգիայի արտադրությանը:

Կարճ ասած, Հրազդանի ՋԷԿ-ի թանկուկրակ արտադրությունն էր պատճառը, և ենթադրվում էր, որ լրացուցիչ ակնկալվող 20 մլրդ դրամը համակարգը կփրկի: Բայց ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ հաշվարկները ճիշտ չեն արվել: Այս տարվա հունվարին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասուլիսի ընթացքում թեթևակի ակնարկեց, որ երկրում գործող սակագները ենթակա են վերանայման: Նախարարի ակնարկից բոլորը միանգամից հասկացան, որ վերանայում ասածը կրկին սակագնի աճի մասին է: Հիմա արդեն պատկերը հստակեցվեց: Նույնիսկ պարզ դարձավ աճի ակնկալիքը:

Այս անգամ ծառայությունները կարգավորողներից էներգետիկները 6 դրամանոց աճ են սպասում: 42 դրամանոց սակագինը կդառնա 48 դրամ: Սակագինը կաճի 14,28 տոկոսով: Այսինքն` նորից սիրելի` երկնիշ ցուցանիշով: Էլեկտրաէներգիան այս անգամ առաջանցիկ տեմպերով է թանկանում: Սակագնի նախորդ թռիչքը, ճիշտ է, նույնպես երկնիշ էր, բայց ավելի համեստ էր` 10 տոկոսի չափով: Ոչ ոք չի կասկածում, որ հանձնաժողովը մի լավ կքննարկի ներկայացված տնտեսական փաթեթը: Նիստեր կանի: Բացառված չէ, որ հարց ուղղի ու նույնիսկ լրացուցիչ փաստաթղթեր պահանջի: Այդ ամենը տեղի կունենա փորձագետների ու մամուլի աչքի առջև: Բայց որոշումն անակնկալ չի լինի:

Շատ պարզ և հասկանալի պատճառով: Սակագնի բարձրացման հարցում միայն ՀԷՑ-ը չէ, որ շահագրգիռ է: Սակագնի բարձրացման ամենաթունդ ջատագովը մեր հայրենի կառավարությունն է: Հավելյալ գանձվող վեց դրամից մեկ դրամ 20 լուման ուղիղ պետբյուջե կմտնի: Կմտնի Ավելացված արժեքի հարկի տեսքով: Որքան տառապանք ու ջանք պիտի ներդներ հայրենի կառավարությունը, ասենք, 4-5 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելու համար: Պատկերացրեք, իշխող կուսակցության քանի օլիգարխի պիտի նեղացներ, որ կարողանար տույժ-տուգանքի տեսքով այդքան հարկ հավաքել: Իսկ հիմա հանձնաժողովի մեկ որոշմամբ մենք բոլորս կվճարենք:

Բոլորս` թե տնտեսվարող, թե պարզ սպառող: (Չեք կարող հիշել թեկուզ մեկ դեպք, երբ կառավարությունը դեմ է եղել որևէ սակագնի բարձրացման առաջարկի): Սպառողները վերջին շրջանում, փողոցային բառապաշարով ասած, իրենց «ճիշտ» չէին պահում էլեկտրամատակարարողների հանդեպ: Փոխանակ շարունակեին սովորական շիկացման լամպերով իրենց կացարանները լուսավորել, սկսել էին էներգախնայող լամպեր օգտագործել: Թանկուկրակ այդ լամպերով հույս ունեին ավելի քիչ վճարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց:

Իրավիճակը Կարել Չապեկի մի տողանոց «Գայլը» պատմվածքն էր հիշեցնում, ուր գայլը հայտարարում է` «Այս ոչխարը զզվելի դիտավորություն ունի` նա ուզում է թաքնվել ինձանից»: Չի ստացվի: Ամառվանից էլեկտրաէներգիայի դիմաց ավելի բարձր ենք վճարելու: Կարծում եմ, հիմնավորումներն էլ չեն փոխվի: Էլի կնշվի, որ բնակլիմայական պայմանները բարենպաստ չեն, որ մոլորակի կլիման փոխվում է, ու այլ նման մտքեր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերթական անգամ կարդարացնի իր հետ կապված հույսերը, և հերթական անգամ հասարակությունն ըմբռնումով կմոտենա ու չի պահանջի, որ խորհրդարանը փոխի «հանձնաժողով» պաշտոնական անունը:

Մինչդեռ կարելի էր անվան մեջ ներառված «կարգավորող» բառը փոխել «բարձրացնող», կամ «դակող» բառով: Ըստ ճաշակի: Դա, իհարկե, ոչինչ չի փոխի: Ամեն տարի արդեն ձևավորված ավանդույթի համաձայն` հանձնաժողովը կընդունի հերթական դիմումը: Հետո երկու ամիս կքննարկի «սակագնի հարցով շահագրգիռ բոլոր կողմերի հետ»: Վերջում հերթական առաջարկը դակելուց առաջ նիստ կանի ու կհայտարարի. «Նիստին մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, զանգվածային լրատվամիջոցներ: Հասարակական կազմակերպություններին ընձեռվել է սեփական առաջարկությունները ելույթներով ներկայացնելու հնարավորություն»: Նման հայտարարությունը կարդացողն էլ կմտածի, որ բոլորն էլ կատարել են իրենց պարտքը, ու չարժե սրտնեղել:

Հատկապես, որ «Կոճղը» մեկ տողանոց պատմվածքում նույն Կարել Չապեկը կոճղի անունից հարց է տալիս` «Ինչո՞ւ չեն ասում` արժանապատիվ կոճղ»: Ու հարցն արդեն 80 տարուց ավելի պատասխան չունի: Երևի դա էլ հռետորական հարցերի ճակատագիրն է:

Տեսանյութեր

Լրահոս