ԱՄՆ-ն կֆինանսավորի ծրագրեր, որոնք ավելի հեռանկարային են աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում. Նավասարդյան

«ԱՄՆ-ի որոշումը՝ կրճատել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերին ուղղված ֆինանսավորումը, ունի և՛ քաղաքական պատճառներ, և՛ ոչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՄԱ ղեկավար Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման կրճատման հնարավոր պատճառներին:

Հիշեցնենք, որ երեկ մի քանի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզն ասել էր. «Կլինեն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցման ջանքերին ուղղված, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի մեր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի կրճատումներ: Նույնը վերաբերում է նաև USAID-ի ծրագրերին»:

Նա ընդգծել էր, որ դա պայմանավորված չէ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ: Ըստ դեսպան Միլզի` փոփոխությունը պայմանավորված է ԱՄՆ բյուջետային որոշ խնդիրներով: Բորիս Նավասարդյանը նշեց, որ քաղաքական պատճառները տարբեր բնույթի կարող են լինել: Ըստ նրա, եթե խոսքը ծրագրերի արդյունավետության մասին է, որը նույնպես կարելի է դիտարկել քաղաքական տեսանկյունից, ապա որոշ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի արդյունավետությունը բավականին ցածր է: «Եթե վերցնենք հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ուղղությունները, ապա ակնհայտ է, որ 2010 թվականից այս կողմ այդ ծրագրերի արդյունավետությունը համարյա զրո է եղել:

Բնականաբար, քանի որ, ուզենք թե չուզենք, այդ ծրագրերի ուղղվածությունը պետք է դիտարկել քաղաքական համատեքստում, այսինքն` եթե խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման մասին, ապա դրանք քաղաքական հարցեր են, և, բնականաբար, այն ծրագրերը` քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների աջակցության, որոնք միտված էին նպաստելու այդ քաղաքական խնդիրների լուծմանը, կարելի է որոշ առումով քաղաքական համարել և նրանց ֆինանսավորման նվազումը նույնպես պայմանավորել քաղաքական պատճառներով: Բայց ես ենթադրում եմ, որ ԱՄՆ ներկայացուցիչները նկատի ունեին, որ դա կապված չէ Հայաստանի արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ: Եթե այսպես հասկանանք քաղաքականը, ապա միգուցե այդքան էլ կապված չեն իսկապես»,- պարզաբանեց Բորիս Նավասարդյանը:

Հարցին՝ չի՞ նշանակում սա արդյոք, որ Արևմուտքը սկսում է կամովի զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանին, նա պատասխանեց, որ Արևմուտքն այս տարածաշրջանում իր հետաքրքրություններն ու շահերը պահպանում է, իր մասնակցությունը տարբեր խնդիրների կարգավորմանը չի նվազեցնում: «Բայց եթե դիտարկենք այդ հարցն այն տեսանկյունից, որ, բնականաբար, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առանձին ուղղություններով ծրագրերի արդյունավետության վրա ազդում է այն, ինչ տեղի է ունենում, ապա՝ այո, և, բնականաբար, այդ ֆինանսական հոսքերը եթե չնվազեն, ապա որոշակի բաշխում տեղի կունենա այն ոլորտների ուղղությամբ, որոնք ավելի մեծ հեռանկարներ ունեն ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից»,- նման տեսակետ հայտնեց Բորիս Նավասարդյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս