Բաժիններ՝

«Եթե ֆիլմդ նկարել ես քո համար, գնա, նստի տանդ՝ նայի, էլի ի՞նչ ես էկրան բարձրացրել այն»

Հարցազրույց սցենարիստ, ռեժիսոր և դերասան Արեն Վաթյանի հետ
Որպես դերասան` Արեն Վաթյանին լայն հանրությունը ճանաչեց, երբ էկրան բարձրացավ Ցեղասպանության թեման յուրովի արտահայտող «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որտեղ երիտասարդ դերասանի խաղընկերներն էին երջանկահիշատան Կարեն Ջանգիրովը, Ժան Նշանյանը։ Արենն այդ ֆիլմում հանդես է եկել` նաև որպես համասցենարիստ։ Այսօր արդեն Արենը նկարահանվում է Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» ֆիլմում, բացի այդ, որպես ռեժիսոր` պատրաստվում է նկարահանել երկու վավերագրական ֆիլմ։

– Դուք նկարահանվում եք Ալբերտ Մկրտչյանի նոր ֆիլմում։ Պատմեք մի փոքր այդ մասին։

– Ֆիլմը նկարահանվում է Սոս Սարգսյանի «Լակոտը» վեպի հիման վրա։ Նույն կերպ էլ կոչվելու է ֆիլմը` «Լակոտը»։ Եթե չեմ սխալվում, գիրքը նաև ռուսերեն լեզվով է թարգմանված։ Ֆիլմի գործողությունները կատարվում են Սովետական Միության տարիներին, ավելի ստույգ` 30-ական, 50-ական թվականներին։ Ֆիլմի բովանդակության մասին ավելին խոսել չեմ կարող։

Aren vatyan4 Aren vatyan6

Կարդացեք նաև

– Ի՞նչ կերպար եք կերտում ֆիլմում։

– Ֆիլմում երեք գլխավոր դերակատար կա` երկու տղա, մի աղջիկ։ Ես այդ տղաներից մեկն եմ։ Կերպարի անունն է Կառլեն։ Ֆիլմում խաղալու եմ իմ կերպարի երկու տարիքը` մեկը` 20-ին մոտ, մյուսը` արդեն 30-ն անց։

– Տեղեկություններ ունե՞ք, թե ինչպես է հովանավորվելու ֆիլմը։

– Հովանավորությունը զուտ պետական է։ Մշակույթի նախարարությունը` ի դեմս Հայաստանի Ազգային կինոկենտրոնի։

– Դա նշանակո՞ւմ է, որ ֆիլմը տարիներով է նկարահանվելու։

– Լավ հարց է։ Առավել շատ ինձ է հուզում այդ հարցը, քանի որ ինձ մոտ էլ է այդ հարցն առաջացել։ Համենայնդեպս, մեկ տարի ֆիլմը հաստատ նկարահանվելու է, քանի որ այնտեղ կան տարվա 4 եղանակները։

– Ինչո՞ւ հենց Ձեզ առաջարկեցին այդ դերը։

– Քասթինգի հետևանքով։ Քասթինգ արեցին և ընտրեցին ինձ։ Իսկ թե ինչո՞ւ հենց ինձ վրա կանգ առավ նրանց ընտրությունը, ես արդեն չգիտեմ։

– Եթե չեմ սխալվում` Ձեր հայրը` ռեժիսոր և սցենարիստ Արմեն Վաթյանը, կնախընտրեր, որ Դուք ինքներդ ֆիլմ նկարահանեիք, այլ ոչ թե նկարահանվեիք։ Առհասարակ հայր ու որդի «բախումներ» հաճա՞խ են տեղի ունենում։

Aren vatyan3

– Դե, իհարկե լինում են, բայց այդ բախումները նորմայի մեջ են։ Մենք կարողանում ենք երկխոսության գալ կարևոր հարցերում։ Ստեղծագործական կյանքում ավելի շուտ համահունչ ենք մտածում, և տարաձայնությունները քիչ են։

– Մի առիթով, երբ Ձեր հորը հարցրեցի, թե ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք Դուք, պատասխանեց, թե դեռ նորություն չկա։ Իսկ հետո նշեց, որ ֆիլմում եք նկարահանվում։ Իմ հարցին, թե ինչո՞ւ է ֆիլմում նկարահանվելը «ոչինչ», պատասխանեց. «Ինքը պետք է նկարի»։

Aren vatyan

– Հայրս միշտ ասում է, որ դերասանը հարսի պես մի բան է. նստում-սպասում է, թե երբ են գալու «իրեն ուզելու»։ Միշտ գերադասել է, որ ես ռեժիսորությամբ զբաղվեմ։ Բայց ես առանց այդ էլ զբաղվում եմ ռեժիսուրայով։ Հիմա երկու վավերագրական ֆիլմ եմ նկարահանում։ Ֆիլմերից մեկի նկարահանումները սկսել էի երջանկահիշատակ դերասան Կարեն Ջանգիրովի հետ, ով, ցավոք սրտի, մահացավ։

Ես ընդհատեցի նկարահանումները, սակայն հիմա պետք է նոր դերասանի հետ վերսկսեմ նկարահանումներս։ Հայրենադարձությանը վերաբերող թեմա կա մեջը։ Հաջորդ վավերագրական ֆիլմը, որի նկարահանումները կսկսեմ արդեն մայիսին, կապված է ԱՊՀ-ի հիմնավորման 25-ամյակի հետ` ընդհանուր նախագիծ է։ ԱՊՀ կազմում գտնվող երկրներից յուրաքանչյուրը պետք է նկարահանի մի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ` ԱՊՀ հիմնադրման տարեթվին ծնված հռչակավոր մի մարդու մասին։ Հայաստանում այդ պատիվն ընծայվել է ինձ։

Aren vatyan2

Aren vatyan1

– Եվ ո՞վ է մեր երկիրը ներկայացնող` այդ տարի ծնված հերոսը։

– Մեզ մոտ շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանն է։

– Որքանո՞վ է Ձեր հայրն օգնում Ձեզ կարիերայի հարցում։

– Գործեր կան, որ միասին ենք անում։ Կան նաև այնպիսիք, որ նրա միջոցով են ստացվում։

– Ի՞նչ է նշանակում` «նրա միջոցով» է ստացվում։

– Այսինքն՝ ծանոթ լինելով Արմեն Վաթյանին, իմանում են նաև Արեն Վաթյանի մասին` որպես ռեժիսոր։

Aren vatyan5

– Ինչո՞ւ են հատկապես նախորդ սերնդի կինոգործիչները կոմերցիոն ֆիլմ ասելով` առաջին հերթին հասկանում` շահույթ բերող, պոպկորնով ուտվող ֆիլմ։

– Սերունդների տեսակետների բախումներից մեկն էլ հենց դա է։ «Կոմերցիա» բառն իրենց մոտ ասոցիացվում է թերարվեստի հետ։ Ինձ համար այդ սահմանն այդքան հստակ գծված չէ։

– Ֆիլմը կարող է լինել կոմերցիոն և ոչ էժանագին, եթեգ Ի՞նչ պայմանների առկայության դեպքում։

– Եթե նկարահանվում է բարձր մակարդակի տեխնիկայով, պրոֆեսիոնալ նկարահանող անձնակազմով և ասելիք ունեցող նյութի հիման վրա։

– Հետաքրքիր մի կարծրատիպ կա, որ հեղինակային ֆիլմը դա այն ֆիլմն է, որը ոչ բոլորին է հասկանալի։ Իսկ երբեմն էլ` բոլորովին անհասկանալի ֆիլմը, պարզվում է` «վերջն» էր, քանի որ հեղինակային էր։ Բայց եթե տվյալ ֆիլմի ռեժիսորին հարցնես, թե` ինչի՞ մասին էր ֆիլմդ, այնքան խուճուճ կբացատրի, որ միտքդ, այսպես ասած` «քարկապ» կընկնի։

– Ռեժիսորը, ով կարդացած է, շատ տեղեկացված, գիտակ, սովորաբար հասարակ մարդուց շատ ավելին գիտի։ Այդպես էլ պետք է լիներ։ Եթե ինքն այդ ամենը ներդնում է իր նկարահանած ֆիլմի մեջ, շատ հնարավոր է, որ հասարակ հանդիսատեսը չընկալի ֆիլմի ասելիքը միանգամից։ Նա կարող է նայել և այդպես էլ չհասկանալ, որ դա, օրինակ, ուղղակի ասոցիացիա է այսինչ երևույթի հետ, որից ինքը պարզապես անտեղյակ է։

– Սովորական հանդիսատեսը հատուկ չի գա դիտելու հեղինակային ֆիլմ։ Նա, ով եկել է հեղինակային ֆիլմ դիտելու, արդեն իսկ պատրաստ է, որ հիմա ինչ-որ դժվարամարսելի նյութ է դիտելու։ Երբ ռեժիսորն ասում է. «Ես իմ համար եմ ֆիլմ նկարել, ով ուզում է` թող հասկանա», ինչի՞ մասին է դա խոսում։ Առաջինը` նա էլ չգիտի, թե ինչ է նկարել, երկրորդ` զուտ ինքնապաշտպանական քայլ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

– Ֆիլմում` լինի հեղինակային թե ոչ, ռեժիսորի գլխավոր և կարևորագույն նպատակներից է ասելիքը տեղ հասցնելը։ Ես մի քիչ չեմ հասկանում այն ռեժիսորներին, ովքեր պնդում են, թե ֆիլմը նկարել են իրենք իրենց համար։ Եթե նկարել ես քո համար, գնա, նստի տանդ` նայի, էլ ի՞նչ ես էկրան բարձրացրել ֆիլմդ։

– Արդեն մի քանի տարի է` Դուք նկարահանում եք «Գժուկ» մանկապատանեկան մանրապատումները։ Այն կարծես մեր հայկական «երալաշն» է։ Ինչո՞ւ մեր «Գժուկները» չունեցան այն նույն հաջողությունը, ինչ որ «երալաշներն» ունեն։

– Նախ` որովհետև ռուսական «երալաշները» դրված են «կոնվեեր» ասվածի վրա, և դրանց նկարահանումը շարունակական բնույթ է կրում։ Կարևորագույն հանգամանքներից է նաև այն, որ նրանք ունեն մեծ ֆինանսական աջակցություն։ Իսկ մենք չունենք այնքան ֆինանսական հնարավորություն, որ կարողանայինք նկարահանել այնքան գժուկներ, որքան ցանկանում ենք։ Ցանկությունը մեծ է` հավատացեք, հնարավորությունները` ոչ այնքան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս