Բաժիններ՝

«Այո, երկիրը պարտվել է, և ենթադրում եմ, որ այդ գործը եղել է այն ժամանակահատվածում քննված, երբ ես վճռաբեկ դատարանի նախագահ էի…»

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս երեք գործով վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի և կառավարությանը պարտավորեցրել է  որոշակի գումար փոխհատուցել։ Լրագրողների հարցին՝ արդյոք մտահոգի՞չ չեն այս վճիռները  և ինչ պետք է անել այդ ուղղությամբ, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե մտահոգիչ են, և այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի։ Այսինքն՝ մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որ քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում։ Մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որի արդյունքում մենք կունենանք իրավիճակ, երբ որևէ դատավոր չի  կարողանա և չի ցանկանա գալ և աշխատել այդ համակարգում։ Չենք ուզում, չէ՞, մենք առանց դատական համակարգի երկիր ունենալ։ Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա կարևոր է երկրի համար։ Եվ եթե դուք ուսումնասիրեք նույն եվրոպական երկրները, թեկուզ արևմտյան եվրոպայի երկրները, որոնք ունեն տասնամյակներով կայացած դատական համակարգեր, ժամանակակից, քաղաքակիրթ, որևէ մի տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ Եվրոդատարանում պետության պարտվելու պատճառով։ Այնպես որ՝ ես առաջարկում եմ այս թեման մեկընդմիշտ փակել»։

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ պետք է կարողանանք դատական համակարգը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը, մարդու իրավունքների խախտման դեպքերը լինեն շատ քիչ, և որ ամենաիդեալական համակարգում էլ լինում են դատական սխալներ.

«Բայց մենք պիտի արդյունավետությունը բարձրացնելով գանք դատական սխալների նվազեցման, մինիմալիզացիայի, ուրիշ ձև չկա»։

Լրագրողների դիտարկմանը, որ վճիռներից մեկը վերաբերվում էր այն ժամանակաշրջանին, երբ Հովհաննես Մանուկյանը զբաղեցրել է վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, Հովհաննես Մանուկյանն արձագանքեց, թե նպատակահարմարություն չի տեսնում գործին անդրադառնալու. «Այո, երկիրը պարտվել է, և ենթադրում եմ, որ այդ գործը եղել է այն ժամանակահատվածում քննված, երբ ես վճռաբեկ դատարանի նախագահ էի, բայց վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների տնօրենը չէ։ Նա չի կարող դատավորներին հանձնարարություններ տալ կոնկրետ գործով և որոշել, թե որ դատավորն ինչ որոշում պետք է կայացնի։ Դատավորներն արդարադատություն իրականացնելիս անկախ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս