Բաժիններ՝

Որքան փող ունեն նախարարներն ու ինչ արժույթով են պահում խնայողությունները

Պաշտոնական հայտարարագրերը, որոնք մեր պաշտոնյաները օրենքին համապատասխան լրացնում են, իհարկե, վերին ատյանի ճշմարտություն չեն։ Պաշտոնյաները պարտավոր չեն ներկայացնել դրամական միջոցների չափը, ծագումը կամ փոփոխությունը հիմնավորող փաստաթղթեր։ Այլ կերպ ասած, նրանք կարող են այդտեղ լրացնել ցանկացած թիվ. Դրանց իրական լինելը թողնված է նրանց խղճին։ Սակայն, չնայած այդ հանգամանքին` պաշտոնատար անձանց հայտարարագրերը հետաքրքրություն են ներկայացնում հասարակության համար և թույլ են տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել նրանց ունեցվածքի մասին։

Պետական պաշտոնյաների մեծ մասն արդեն լրացրել է 2014 թվականի տարեկան հայտարարագիրը։ Առանձին պաշտոնյաների դրամական միջոցների մասին հրապարակումներ մամուլում արդեն եղել են։ Սակայն մենք որոշեցինք առավել համապարփակ ներկայացնել այդ տվյալները։ Որպեսզի հնարավոր լիներ համեմատականներ անցկացնել տարվա սկզբի և տարվա վերջի դրությամբ` գծապատկերներում ներառել ենք 2014 թվականի տարեկան հայտարարագիրը լրացրած պաշտոնյաներին, որոնք թվով 15-ն են։

Հայտարարագիրը դեռևս չեն լրացրել միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Նշենք, որ վարչապետից և նախարարներից բացի, դիտարկել ենք նաև դե ֆակտո նախարարի կարգավիճակ ունեցող ևս երկու անձանց դրամական միջոցները` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի և ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի։ Եվ մի կարևոր նշում։ Ներկայացված դրամական միջոցները ներառում են ոչ միայն տվյալ պաշտոնատար անձանց, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց (ամուսին, զավակ) միջոցները։

Կարդացեք նաև

Ով շատ փող ունի

Եվ այսպես, սկսենք ամենակարևոր հարցից` ով է ավելի շատ դրամական միջոցներ հայտարարագրել։ Տարեկան հայտարարագիրը լրացրած պաշտոնյաների թվում ամենաշատ դրամական միջոցներ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ 2014 թվականի վերջի դրությամբ վարչապետի և նրա կնոջ հայտարարագրած դրամական միջոցների չափը (դրամային արտահայտությամբ) կազմել է ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ Հ. Աբրահամյանի ընտանիքը, ինչպես երևում է այս թվերից, խնայողությունները նախընտրում է պահել արտարժույթով։ Դրամական միջոցների ընդամենը 16.9%-ն է դրամով (430 միլիոն դրամ), մնացած 83.1%-ը պահվում է դոլարով (4.5 միլիոն դոլար)։

Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է` դրամային արտահայտությամբ, ընդհանուր առմամբ, 706 միլիոն դրամ։ Արամայիս Գրիգորյանի ընտանիքը խնայողությունները հավասար է բաշխել` ըստ արժույթների` 47.9% դրամ և 52.1% արտարժույթ։ Ի դեպ, բնապահպանության նախարարն այս ցանկում միակ պաշտոնյան է, ով հայտարարագրել է ռուսական ռուբլի` 300 000 ռուբլու չափով։ Առաջ անցնելով` նշենք, որ Ա. Գրիգորյանի դրամական միջոցները 2014 թվականի ընթացքում կիսով չափ նվազել են։ Դա տեղի է ունեցել հիմնականում դրամային միջոցների կրճատման հաշվին։ Տարվա սկզբին նախարարն ունեցել է 880.3 միլիոն դրամ, տարվա վերջում` 960 հազար դրամ։ Թեպետ չի բացառվում, որ հայտարարագրում տեղ է գտել վրիպակ։

Բավականին խոշոր դրամական միջոցներ է հայտարարագրել նաև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Կնոջ հետ միասին նա հայտարարագրել է ավելի քան 505 միլիոն դրամ։ Նշենք նաև, որ Հ. Մանուկյանն ազգային դրամին կարծես չի վստահում և խնայողությունների 99%-ը պահում է արտարժույթով (610 հազար դոլար և 420 հազար եվրո, տես՝ գծապատկեր 1):

gcapatker1

 

Մյուս նախարարների ցուցանիշերը կարող եք գտնել ցանկում։ Միայն ավելացնենք, որ 2014 թվականի հայտարարագիրը չլրացրած պաշտոնյաների մեջ նույնպես կան մարդիկ, ովքեր մեծածավալ դրամական միջոցներ ունեն։ Դատելով 2014 թվականի` պաշտոնը ստանձնելու պահի հայտարարագրերից` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իր կնոջ հետ միասին 2014 թվականին հայտարարագրել էր ավելի քան 2.6 միլիարդ դրամ (449 միլիոն դրամ և 4 միլիոն 715 հազար դոլար), իսկ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը` 2.3 միլիարդ դրամ (567.4 միլիոն դրամ և 3 միլիոն 678 հազար դոլար)։

Որքանով են ավելացել կամ պակասել նախարարների փողերը

Տարեկան հայտարարագիրը լրացրած 15 պաշտոնյաները` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, 2014 թվականի վերջում ունեցել են 4 միլիարդ 262.7 միլիոն դրամին համարժեք միջոցներ (այդ թվում` 1.1 միլիարդ դրամ, 6 միլիոն դոլար և 587.8 հազար եվրո)։ Նախորդ տարվա սկզբի համեմատ նրանց դրամական միջոցների ծավալը նվազել է 876.5 միլիոն դրամով կամ 17.1%-ով։

Պաշտոնյաներից 4-ի դրամական միջոցները պակասել են, 3-ինը` մնացել անփոփոխ, մյուսներինը` ավելացել։ Տոկոսային առումով ամենից շատ ավելացել են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ընտանիքի դրամական միջոցները (23.3%-ով կամ 11.9 միլիոն դրամով)։

Բացարձակ թվով աճի առաջատարը վարչապետի ընտանիքն է. ամուսինների դրամական միջոցներն աճել են 18.3 միլիոն դրամով կամ 0.7%-ով։

Տոկոսային ամենամեծ նվազումը գրանցել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ընտանիքը։ Նրանց դրամական միջոցները 2014-ի ընթացքում նվազել են 54.4%-ով կամ 843.1 միլիոն դրամով։ Էական նվազում են ունեցել նաև Արմեն Երիցյանի և նրա կնոջ դրամական միջոցները` 37% կամ 67.7 միլիոն դրամ (տես՝ գրաֆիկ 2):

 

gcapatker2

 

Ինչ արժույթով են պահում իրենց փողերը ՀՀ պաշտոնյաները

Ինչպես երևում է պետական պաշտոնյաների լրացրած հայտարարագրերից` մեր պաշտոնյաները նախընտրում են իրենց խնայողությունները պահել արտարժույթով։ 2014 թվականի վերջին 15 պաշտոնյաների հայտարարագրած 4.2 միլիարդ դրամի խնայողություններից ՀՀ դրամով եղել է 26.6%-ը (1.13 միլիարդը)։ Իսկ արտարժույթի մեջ նախապատվությունը տրվում է ԱՄՆ դոլարին։ Ընդ որում, տարվա ընթացքում մեր նախարարների խնայողություններում արտարժույթի տեսակարար կշիռը զգալիորեն ավելացել է։ 2014-ի սկզբում ՀՀ դրամով միջոցները կազմում էին 36.4%, իսկ տարվա վերջին, ինչպես նշվեց, 26.6% (տես՝ գծապատկեր 3):

gcapatker3

Ընդ որում, որոշ նախարարներ ամբողջությամբ վստահում են դրամին, մյուսները` գրեթե չեն վստահում։ Ինչպես երևում է Գծապատկեր 3-ից` ամբողջությամբ դրամով են իրենց միջոցները պահում ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Միգուցե պատճառն այն է, որ դրամական միջոցներն այդքան էլ մեծ չեն, և նախարարները չեն մտահոգվում փոխարժեքի տատանման ռիսկից։ Իսկ, օրինակ, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ընտանիքը, ինչպես նշեցինք, ՀՀ դրամով պահում է խնայողությունների ընդամենը 1%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս