Բաժիններ՝

Էներգետիկայի ոլորտի խնդիրներն ու ՀԲ-ի տրամադրած 52 մլն դոլար վարկի արդյունավետությունը

ՀՀ էներգետիկայի ոլորտում նոր գումարային հոսքեր են սպասվում վարկի տեսքով: Համաշխարհային բանկը 52 մլն դոլար վարկ է տրամադրում Հայաստանին էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության և համակարգի կառավարման բարելավման համար՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու՝ կառավարության ջանքերին:

Հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներ են ընտրված ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանի հիմնանորոգումը և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի» (Երևանի ՋԷԿ) ենթակայանի հիմնանորոգումը:

«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս վարկային ծրագրին՝ նկատեց, որ վերոնշյալ երկու ծրագրերն էլ կարևոր են, և սա այն դեպքն է, երբ վարկային միջոցների տրամադրումը միանգամայն արդարացված է, իսկ պրակտիկորեն միջոցների ոչ արդյունավետ կառավարում հնարավոր չէ:

«Գրեթե բացառվում են ոչ նպատակային ծախսերը: Ինչ վերաբերում է ռիսկերին, անարդյունավետ կարող է լինել միջոցների ներդրումն այնքանով, ինչքանով անարդյունավետ կարող է գործել ողջ էներգետիկ համակարգը: Սա 35 կվտ-ից բարձր ցանցն է, որը պատկանում է պետությանը, բավական երկար տարիներ համակարգում զարգացում իրականացվել  է վարկային միջոցների հաշվին»,- հայտնեց Ա. Մարջանյանը՝  նշելով, որ անցած տարիներին նման միջոցներով 100 ենթակայան է մոդեռնիզացվել, բարձրացել է  հուսալիությունը, քչացել են կորուստները:

Էներգետիկ քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում  ոլորտին տրամադրված վարկային միջոցների մասին խոսելիս՝ նշեց, որ էներգետիկ տարատեսակ համակարգերի արդյունավետության բարձրացման և այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար մեր երկիրն այսօր մեծ ներուժ ունի, որը հնարավորություն կտա, միացնելով բոլոր ուղղությունները, ապահովել Հայաստանի համար 40 տոկոս էլեկտրագեներացիա:

Փորձագետն առանձնացրեց հատկապես այլընտրանքային էներգետիկայի ոլորտը. «Այլընտրանքային էներգիայի ուղղությամբ այն բոլոր նախագծերը, որոնք մինչև հիմա իրականացվել են, դեմոնստրատիվ բնույթ են կրում: Ներդրումները, որոնք իրականացվում են էլեկտրաէներգիա ստանալու համար, կբերե՞ն արդյոք բավականաչափ սպառման պահանջարկ Հայաստանում, էներգակիրների սպառումն ընկել է: Այսօր գազի սպառման խնդիր ունենք, ըստ «Գազպրոմի» հետ պայմանագրի՝ մենք ավելի շատ գազ ենք ստանում, քան սպառում, խնդիրն այդ համատեքստում պետք է դիտարկել»: Մյուս կողմից՝ արտադրված էներգիան պետք է նաև վաճառել, և այս դեպքում, ըստ Վ. Դավթյանի, տեխիկական խնդիրներ են առաջ գալու մարքետինգի և իրացման հետ կապված, քանի որ մենք մեր էներգաշուկայում մեծ կախվածություն ունենք Ռուսաստանի էներգահամակարգից և ռուսական կապիտալից:

Ինչ վերաբերում է տրամադրվող գումարներին, մեր զրուցակիցը նշեց, որ նման ֆինանսական հոսքերը պետք է դիտարկվեն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության շրջանակում. դեռ 1990-ից Հարավային Կովկասի էներգետիկ շուկայում՝  թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, նման գումարներ միշտ ներդրվել են:

Ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկյունից՝  որոշ մասնագետներ կարևորում են նաև էներգիայի պահուստավորման և վաճառքի հնարավորությունը: Այս հարցի հետ կապված՝ փորձագետը նշեց, որ էներգիայի արտահանման հարցը պետք է քննարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Ժամանակին Հայաստանը Վրաստան արտահանում իրականացնում էր, սակայն 1990 թվականից հետո այս երկիրը սկսել է ինքն արտահանմամբ զբաղվել և դառնալ նաև տրանզիտային երկիր՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա էներգիայի արտահանման տեսանկյունից. «Հարցը քաղաքական է, մյուս կողմից՝ սահմանների խնդիր կա, ոչ միայն ֆիզիկական, այլև տեխնիկական սահմանների մասին է խոսքը: Պահուստավորել կարող են էներգիան, բայց ոչ՝ արտահանել»:

Հայ-իտալական «Առէներջի» ընկերությունից Գագիկ Բաղդասարյանը 168.am-ին հայտնեց, որ ֆինանսավորում պետք է իրականացնել միայն այլընտրանքային էներգիայի ոլորտում, չպետք է ֆինանսավորել փոքր հէկ-ը, քանի որ դրանք վնաս են հասցնում բնությանը:

«Այլ ոլորտում մենք խնդիր ունենք՝ էներգետիկ անվտանգության հետ կապված, որը կարելի է լուծել միայն վերականգնվող էներգիայի հաշվին, ուստի ճիշտ կլինի՝ ֆինանսավորում իրականացվի այս ուղղությամբ»,- հայտնեց Գ. Բաղդասարյանը՝ նշելով, որ մնացած ոլորտների խնդիրների մասին այդքան էլ տեղյակ չի, բայց իր մատնանշած ճյուղը ներդրումների կարիք ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս