«Եթե նորից ուժ կիրառեն «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, միանշանակ, ես կգնամ, կկանգնեմ Ժիրայր Սէֆիլյանի կողքին». Գուրգեն Եղիազարյան

«Գյումրիում տեղի ունեցածը տրամաբանության սահմաններից դուրս մի բան է: Հա, ուզում եք մնաք իշխանության, հասկացա, ի վերջո, Ժիրայր Սէֆիլյանը չի հավաքի այն մասսան, այն բազմությունը, որը ձեր հերը կանիծի, ինչի՞ համար է պետք անիմաստ տեղը մարդկանց դանակահարել, ձվերով հարվածել, համացանցով վախեցնել մարդկանց: Չէ՞ որ այս ամեն ինչն ահաբեկչություն է նշանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մարտի 28-ին Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նա իշխանություններին զգուշացրեց, որ այս ամենը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ. «Վաղը կգա՝ կկպնի ձեր գլխին այդ ամեն ինչը, մենք կընկնենք, կաղաչենք, կպաղատենք, որ ձեզ նույն օրը չգցեն, ձեզ հետ նույն կերպ չվարվեն, ինչպես դուք եք վարվում մարդկանց հետ: Վերցնում եք պատերազմի հերոսներին, այն հողում, որտեղ արյուն են թափել, ծեծում եք՝ կանանց և երեխաների մոտ, քարկոծում եք մեքենաները սրիկայաբար, չեք հանդարտվում, որոշում եք հանցագործ աշխարհով չթողնել, որ մուտք գործեն: Մտածեք, լավ մտածեք, դուք նախադեպեր եք ստեղծում»:

Խոսելով «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման մասին՝ Գ. Եղիազարյանն ասաց, որ չի ուզում անդրադառնալ դրա բովանդակությանը, որովհետև դա իր սրտով չէ և իր մտածելակերպին մոտ չէ. «Իմ անձնական կարծիքով՝ պետք չէ այդ օրը որևէ բան կազմակերպել»: Դիտարկմանը՝ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին ցույցը խաղաղ է լինելու, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Դե, կտեսնենք, եթե որոշ սրիկաներ որոշեն էլի դանակահարել, պարտադիր կգնամ այդ ցույցերին»: Հարցին էլ՝ հավատո՞ւմ եք, որ կկարողանան հեռացնել ռեժիմին այդ հանրահավաքներով, Գ. Եղիազարյանը նախ պատասխանեց, որ չի ցանկանում վատ  բան ասել Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների հասցեին, ապա ավելացրեց. «Իսկ եթե ուժ կիրառեն նրանց նկատմամբ, ուրեմն՝ միանշանակ ես կգնամ, կկանգնեմ Ժիրայր Սէֆիլյանի կողքին»:

Տեսանյութեր

Լրահոս